113 խախտում

24/01/2009

2008թ. ՀՀ Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչությունը (ԲՊՏ) ՀՀ 256 հանքավայրերում կատարած երկրաբանահետախուզական վերահսկողության ընթացքում արձանագրել է ընդերքօգտագործման պայմանների խախտման 113 դեպք: Կազմվել է վարչական տուգանքի 98 ակտ, որի դիմաց գանձված 3,9 մլն դրամը մուտքագրվել է ՀՀ պետբյուջե: Հայտնաբերվել են նաեւ 526,47 կգ ոսկու, 7,30 տ արծաթի, 526,3 տ պղնձի, 0,195 տ սելենի, 0,412 տ թելուրի, 0,823 տ բիսմուտի, 6083,5տ ծծմբի եւ 169,88 տ ցինկի թաքցված ծավալներ: Դրանց համար գանձված 3,3 մլն դրամ վարչական տուգանքը ԲՊՏ-ն մուտքագրել է ՀՀ պետբյուջե, իսկ մնացածի վերաբերյալ նյութերը ներկայացրել Դատախազություն: Այդ տվյալներն «Արմենպրեսին» հաղորդել են տեսչության գրասենյակում: Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում ԲՊՏ-ն մետաղական հանքավայրեր շահագործող 3 կազմակերպության վրա կազմել է բուսական աշխարհի, հողերի խախտման եւ վնասակար նյութերով բաց ջրավազանային աղտոտման մասին 126,6 մլն դրամ վնասի հաշվարկ: Միաժամանակ Գեղարքունիքի մարզի դատախազություն է ներկայացրել նաեւ Գեղահովիտի բազալտի անօրինական արդյունահանմամբ զբաղվող 4 քաղաքացիների վերաբերյալ նյութերը: Արդյունքում՝ 2008-ին հարկային դաշտ է բերվել 332 նոր կազմակերպություն, որի շնորհիվ ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 3,76 մլրդ դրամ: Նշենք, որ անցած տարվա ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանված պաշարները 2007-ի համեմատությամբ աճել են, նվազել են միայն արդյունահանվող ոսկու ծավալները: