Գրողները մաշվում են, բայց անմաշ տողեր լինում են

24/01/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Գրողը հասարակության մեջ միշտ յուրատեսակ ու արտոնյալ դիրք է զբաղեցրել, քանի որ խոսքն ու միտքը մեկտեղող է եղել, մարդկանց համար սպասելիքների բարոմետրի դեր է խաղացել: Պոետը միշտ էլ ավելին է եղել, քան պոետ: Ռուսների թեւավոր այդ խոսքն արդիական է եղել միշտ, մանավանդ` տոտալ գորշության պայմաններում: Այդպես եղել է, բայց հիմա այդպես չէ: Պատճառը շատ հստակ է. սկզբում պետք է լավ պոետ լինել, որպեսզի կարողանաս ավելին լինել:

Մեր իրականության մեջ եզակի լավ պոետներից է Ռազմիկ Դավոյանը, ով պատրաստ է խոսել ամեն ինչից (ընդհուպ Եվրախորհրդի` Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշումից ու դատական ակտերի կատարածուի դանակահարությունից), բայց ասել` ինչո՞ւ չի փորձում իր բանաստեղծությունների գիրքը մարդկանց հասու դարձնելու ավելի հարմար ճանապարհներ որոնել, չի ցանկանում: Նա նեղսրտում է, որ իր գրքերը չեն կարդում: Եվ ընդհանրապես չեն կարդում: Հասկանալի է, որ չեն էլ կարդալու, քանի որ, եթե մարդը չի գնում դեպի գիրքը, գիրքը պիտի դեպի մարդը գնա: Կամ էլ, թեկուզ, եթե չի շարժվում գիրքը, կարելի է շարժել գրվածքը: Դա արդիական է հիմա, քանի որ ամեն տարի տպագրվում է մոտ 1500 անուն նոր գիրք, որոնց մեծ մասը կեղծիք ու խոտան է, որոնք դատապարտված են չկարդացվելիք թղթակույտ լինել հենց այն պահից սկսած, երբ գրվել է նրանց առաջին տողը: Կույտի մեջ արժեքավոր բան «խոթելու» համար տարբեր ֆորմաներ կան: Սակայն հիմնականում օգտագործվում է միայն մեկը, այն է` պետպատվերով գիրք տպագրել, իսկ մնացածը թող լինի այնպես, ինչպես կլինի: Թերթ, ինտերնետ, բեմ կամ ավելի համարձակ ու մեծ հարթակներ` իրենց գրվածքները ներկայացնելու համար գրողները չեն տեսնում: Եվ գերադասում են խոսել ամեն ինչից, բայց ոչ գրքերից` սպասելով, որ ընթերցողն ինքը սողալով կգա գրողի մոտ ու կհարցնի` ի՞նչ եք մտածում Հայաստանի ճակատագրի մասին: Եվ նրանք էլ կպատասխանեն` լուրջ մտավորականի դեմքի արտահայտությամբ:

Մի լավ ավանդույթ կա, որը ոչ ոք դեռ չի բացառել ու չի հանդգնել արգելել. գրողը գնում է գրախանութ ու հանդիպում է ընթերցողների հետ: Նույնիսկ այն ժամանակ, երբ ընթերցողները դեռ ենթադրյալ են, այսինքն` պոտենցիալ, նրանք լսում են բանաստեղծություններն ու հետո ձեռք են բերում այդ գրքերը: Եթե նույնիսկ մարդիկ գնողունակ չեն ու մտածում են, որ գրքի փոխարեն գերադասելի է հաց գնել, նրանք գոնե հետաքրքրությունից դրդված են գալիս գրախանութ եւ հեռանում այնտեղից` իրենց հետ բանաստեղծական մի քանի տողեր տանելով: Ընդ որում` տողերի հետ մեկտեղ` մարդիկ տանում են նաեւ գրողի մտքերն ու մտահոգությունները: Գրողն էլ առիթ է ստանում` հասկանալու համար` իր գրածը պե՞տք է, թե՞ ոչ: Մի՞թե դա չէ գրողի երազանքը: Ռազմիկ Դավոյանն ասում է, որ նման միտք ունեցել է, բայց գրախանութի աշխատողներն իրեն մտքափոխ են արել` ասելով, որ ոչ ոք հանդիպմանը չի գա: Նա նշում է, որ գրքից եկամուտ ստանալը չէ իր գերխնդիրը, նա պարզապես ցանկանում է գրական խոսքի գինը բարձրացնել:

1960-ական թթ., երբ ԽՍՀՄ-ն ապրում էր իր հայտնի «ձնհալի» էպոխան, պոետները դուրս էին գալիս հրապարակ ու կարդում իրենց գրածները: Հիմա, երբ մեր հասարակությունն այնքան է քաղաքականացված ու հիասթափված, որ թվում է, թե քաղաքական լոզունգներից ու բողոքներից բացի` ոչինչ կոկորդներից դուրս գալ չի կարող, իսկական ժամանակն է հիշել, որ կա նաեւ պոեզիա (այդ շարքում է յուրաքանչյուր լավ գրականություն): Եվ այդ պոեզիան գրքի կաղապարից դուրս կարող է լինել: Պատկերացրեք, որ փողոցում մոտենում են երիտասարդներն ու գովազդային բուկլետների կամ կուսակցական թռուցիկների փոխարեն՝ մարդկանց են բաժանում մի քանի թերթիկ, որտեղ բանաստեղծություն է տպագրված: Եթե բանաստեղծությունը դիպչի մարդու սրտի լարերին` նա կգնա ու գիրքը կգնի: Եվ թող տպագրության որակը վատը լինի, դա նույնիսկ ավելի շահեկան է, քանի որ կարող է որպես ոճավորում դիտվել ու հակադրվել գլամուրի լուսարձակների տակ փայլատակող որակյալ ֆորմային: Եթե ընդունում ենք, որ լավ գրականությունը հիմա ընդհատակում է, ապա պետք է գործել ընդհատակի կանոններով: Եվ թող «Գրական թերթը», որը առավելագույնը 50 մարդ է կարդում, կամ էլ Գրողների միությունը, որը անդամների հսկայական ու շատ դեպքերում` ոչինչ չասող անուններից բաղկացած ցուցակ ունի, նախանձեն այն պոետին, որի գրածը գոնե մի քանի հարյուր մարդ է կարդում եւ որի խոսքին սպասում են: «Գրողի վարկանիշն ընկել է: Բայց պետք չէ մոռանալ, որ գրողը փխրուն է, եւ երբ տեսնում է, որ գետնաքարշ հարաբերություններ ու համատարած գորշություն է տիրում, նա աշխատում է հեռու մնալ, որպեսզի ցեխի հետ չխառնվի»,- ասում է Ռ. Դավոյանը: Համաձայն ենք, խուցը մտնելն ու ստեղծագործելը նույնպես ընդհատակի կանոններից է, սակայն իրարից ու գորշությունից հեռու մնալը չի ենթադրում, որ պետք է հեռու մնալ նաեւ ընթերցողից: Ռ.Դավոյանը վստահեցնում է, որ պատրաստ է մի քանի օր շարունակ գրախանութում կամ էլ հենց փողոցում նստել` մարդկանց հետ զրուցելու համար, պարզապես ցանկանում է, որպեսզի այդ գործում իրեն աջակցեն լրատվամիջոցները: Հռետորական հարց` ինչո՞ւ:

Հիմա շատ զվարճալի իրավիճակ է ստեղծվել. գրողի խոսքին սպասում ենք միայն այն ժամանակ, երբ նա խոսում է Գրողների միության մասին (եւ հիմնականում վիրավորված հանճարի կեցվածք է ընդունում): Ակամայից ուզում ես ասել` պարոնայք, մի քանի սերունդ է մեծացել, որոնց համար գիրքն ու գրավոր խոսքը արժեք չունեն, եւ դրա մեջ հենց դուք եք մեղավոր: Ե՛վ ձեր գրվածքը, եւ՛ ձեր գրվածքի մատուցման ֆորման սպառված են: Առավելեւս սպառված է Գրողների միությունը: Որպես գրական դաշտը կարգավորող կառույց՝ այն վաղուց ի զորու չէ ոչինչ փոխել: Իրավիճակի վրա կարող են ազդել միայն անհատները, կամ էլ` անհատներից բաղկացած ինչ-որ միավորումները: Սակայն Ռազմիկ Դավոյանը համոզված է, որ այլընտրանքային միությունների կամ միավորումների ստեղծումը ժամանակի ապարդյուն վատնում է: Նա ասում է, որ Գրողների ներկայիս միությունում գրողներն «իրար միս չեն ուտում» (ինչպես գրում են թերթերը, ինչից նրա մազերը «բիզ-բիզ են կանգնում»), այնտեղ պարզապես կանոնադրությունն է խախտվում, ստորագրություններ են կեղծվում, խոտան է տպագրվում, հաշվետվություն չի ներկայացվում ու հասունացել է կառուցվածքային փոփոխությունների պահը: «Գրողները ոչ թե իրար միս են ուտում, այլ` միությունն են ուտում»,- ասում է նա ու ավելացնում, որ գրողները հիմա իրար որպես «բոբո» են ներկայացնում, մինչդեռ խնդիրը ոչ թե անձերն են, այլ` միության կառուցվածքը, որը շտկելուց հետո բոլոր խնդիրները կտեղափոխվեն զուտ ստեղծագործական ոլորտ: Նա ասում է, որ Միության դահլիճը չի կարող օգտագործել ժողով անելու համար: «Իսկ միգուցե կարելի է դահլիճը օգտագործել բանաստեղծություններ կարդալու համար, իսկ հետո ինքնաբերաբար ժողո՞վ անցկացնել» հարցին պատասխանում է. «Միգուցե կարելի է: Բայց արդյոք մարդիկ կգա՞ն լսելու»: Թերեւս հենց լսելու ու կարդալու հնարավորություն գտնելուց էլ հարկավոր է սկսել կառուցվածքային բարեփոխումները: «Մենք երկաթից, պողպատից կամ քարից չենք, մենք մաշվում ենք: Դուք` լրագրողներդ էլ եք մաշվում»,- ասում է Ռ. Դավոյանը: Ոչ ոք չի վիճում, գաղափարներն էլ են մաշվում: Իսկ պոեզիան մնում է: Նույնիսկ կարելի է ասել, որ պոեզիան անմաշ է: