Ես անտարբեր չեմ: Իսկ դո՞ւ

03/07/2005

Պլակատը գեղանկարի հրապարակախոսական տեսակն է: Հասարակությանը հուզող
թեմաներին անդրադարձող եւ ահազանգ հնչեցնող պլակատը հարուստ պատմություն
ունի, սակայն մեր օրերում այն լայն տարածում չունի: Այդ բացը լրացնելու
նպատակ ուներ «Ես անտարբեր չեմ» պլակատների մրցույթը, որը տեղի ունեցավ
Գեղարվեստի ակադեմիայում: Մրցույթին մասնակցում էր 23 հեղինակ իրենց 45
գործերով: Պլակատը պետք է ցայտուն եւ արտահայտիչ լինի, որպեսզի մարդկանց
ուշադրությունը սեւեռի կոնկրետ խնդրի վրա: Հայաստանում ներկայիս
խնդիրներից ընտրված էին երեքը՝ կոռուպցիան, արտագաղթը եւ էկոլոգիան, որոնք
եւ դարձել էին մրցույթի թեմաները:
Ներկայացված պլակատների ոճերն ու տեխնիկան տարբեր են, իսկ հեղինակների
մոտեցումները՝ բազմաբնույթ, սակայն եւ ծաղրանկարներում, եւ
գեղանկարներում, եւ կոմպյուտերային գրաֆիկական աշխատանքներում փորձ է
արվել ապացուցել, որ ամենակործանիչն անտարբերությունն է:
Մրցույթի ժյուրին առաջին մրցանակը հանձնել է 27-ամյա Հասմիկ Մանուկյանին՝
իր «Կոռուպցիան խարխլում է պետության հիմքերը» համակարգչային գրաֆիկական
պլակատի համար, որը կոռուպցիան ներկայացնում է հզոր արմատներ ունեցող ծառի
տեսքով: Երկրորդ մրցանակին արժանացել են Սիրական Աբրոյանի «Սարի կանչը»
լուսանկարային մոնտաժը եւ Արթուր Մանուկյանի «Հայրենիք» կտավը: Երրորդ
մրցանակակիրները Գեորգի Յարալյանը, Արայիկ Օհանյանը (Արզօ) եւ Աշոտ
Հակոբյանն են:
«Ո՞ւր: Մի՞թե հայրենիքում ապրելը դարձել է անհնար»,- Ա. Հակոբյանն իր
հարցն ուղղում է դեպի ինքնաթիռը շտապող մարդկանց, ովքեր արդեն թիկունք են
դարձրել Հայրենիքին: Գ. Յարալյանի աշխատանքում՝ մարդը փողոցում փող է
մուրում, սակայն նրա ափի մեջ իջեցվում է «ծրագիր», ավելին սպասել նա դեռ
չի համարձակվում: Աղքատության թեմային անդրադարձել են շատ հեղինակներ:
Կոռումպացված, աղքատ եւ խախտված էկոլոգիական միջավայրից դուրս գալու միակ
ելքն արտագաղթն է. այսպիսի եզրահանգում է անում Սարգիս Անտոնյանի պլակատը:
Պլակատը չի քողարկում ասելիքը եւ ակնկալում է անմիջական ռեակցիա: Ս.
Աբրոյանն ահազանգում է. «Ո՞ւր ես գնում: Դու ես տերը քո հողի: Ո՞ւմ ես
թողնում»: Իհարկե, այդ պլակատը նայելուց հետո դժվար թե արտագաղթողների թվի
կտրուկ նվազում լինի, սակայն գուցե այդ պլակատը որոշ մարդկանց սրտի
լարերին դիպչի, եւ նրանք մտածեն՝ ո՞վ է ապրելու իմ հողի վրա:
Մրցույթը հայտարարվել էր դեռ անցյալ տարի: Արդյունքներն ի մի բերելուց
հետո կազմակերպվել է ցուցահանդես, որը նախատեսվում է ցուցադրել, բացի
մայրաքաղաքից, նաեւ Հայաստանի տարբեր քաղաքներում ու շրջաններում:

Ն.Հ.