Փոշմանել են

24/01/2009

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը երեկ հայտարարել է, որ «Ժառանգություն» կուսակցությունը չի պատրաստվում բոյկոտել ԱԺ նիստերը: «Մենք այդպիսի որոշում չենք կայացրել: Երբ ստացել ենք մեր մանդատը, պատասխանատվություն ենք ստանձնել ժողովրդի, գոնե այն հատվածի առջեւ, որը ընտրել է մեր կուսակցությունը»,- ասել է նա: Ըստ Վ. Խաչատրյանի` հենց իրենք են ԱԺ-ում արտահայտում հասարակության ընդդիմադիր հատվածի շահերը, եւ իրենց մանդատները վայր դնելու դեպքում, հնարավոր է՝ «նեգատիվ, բացասական զարգացումներ տեղի ունենան»: Վ. Խաչատրյանի խոսքով` ԱԺ նիստերին մասնակցել-չմասնակցելու հարցն իրենց կողմից բարձրացվել է լուրջ հասարակական ճգնաժամի արդյունքում` մարտի 1-ի դեպքերից հետո, սակայն այս տարվա հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին տեղի ունեցող կուսակցության խորհրդի ընդլայնված նիստում պարզ կդառնա` մասնակցե՞լ ԱԺ հետագա նիստերին, թե՞ ոչ: Դժվար է ասել, թե հատկապես ի՞նչն է ստիպել «Ժառանգությանը»՝ եզրակացնել, որ մարտի 1-ից հետո առաջացած հասարակական ճգնաժամը «հաղթահարվել է», երբ քաղբանտարկյալները շարունակում են մնալ բանտերում, իսկ մարտի 1-ի սպանությունների որեւէ պատասխանատու պատժված չէ: Բացառված չէ, որ այդ հարցին պատասխանելու համար «Ժառանգությունը» եւս մեկ նիստ գումարի եւ որոշի դա պարզելու համար համագումար հրավիրել: