Ինքնասպանության փորձ` եկեղեցում

24/01/2009

Ստամբուլցի 51-ամյա հայազգի գործարար Սեւան Ինջեն ինքնասպանության փորձ է կատարել Սուրբ Թագավոր եկեղեցում: Ըստ թուրքական «Զաման» թերթի` Ինջեն եկեղեցի է եկել առավոտյան` Ստամբուլի Մալթեփե շրջանում գտնվող իր աշխատավայրից: Ճանապարհին Քադիքյոյում գտնվող իր գրասենյակից վերցրել է իրեն պատկանող ատրճանակը: Որոշ ժամանակ եկեղեցում մնալուց հետո, նա եկեղեցու պատին իր ինքնասպանության պատճառներն ընտանիքին հայտնող գրություն է փակցրել, որից հետո մոտեցել է խորանին եւ ատրճանակով կրակել գլխին:

Ծանր վիրավորված հայ գործարարին շտապօգնության մեքենան հասցրել է Հայդարփաշայի հիվանդանոց: Բժիշկները հայտնել են, որ Սեւան Ինջեի կյանքին վտանգ չի սպառնում: Եկեղեցում տեղադրված տեսախցիկները գրանցել են գործարարի բոլոր գործողությունները: Ընտանիքին ուղղված նամակում Սեւան Ինջեն տեղեկացրել է, որ այդ քայլին է դիմել «գործերը վատանալու պատճառով»: Սեւան Ինջեն զբաղվում է առագաստների, ծովային հագուստների ու պիտույքների արտադրությամբ: