«Արդարացնում» են Մացոյին

24/01/2009

Երեկ Քրեական գործերով վերաքննիչ դատարանում երկրորդ անգամ հետաձգվել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանի պաշտպանների վերաքննիչ բողոքի գործով դատավարությունը: Սակայն, եթե նախորդ անգամ նիստը չէր կայացել Ս. Այվազյանի վատառողջ լինելու պատճառով, ապա երեկ դատավորը այն հետաձգել է «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար»: Ինչպես եւ նախորդ մի քանի ամիսներին, երեկ եւս Սմբատ Այվազյանը դատավորների` դահլիճ մտնելու պահին ոտքի չի կանգնել, եւ դատը` սկսվելուն պես, հետաձգվել է: Ակնհայտ է, որ դատավորները հիշել են իրենց «արժանապատվության» մասին «պետպատվերի» շրջանակներում. «7-ի գործով» դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից նույն պատճառաբանությամբ արդեն հինգերորդ անգամ հետաձգվել է դատական նիստը, եւ իշխանությունները հավանաբար որոշել են այդ «իրավապրակտիկան» դարձնել համընդհանուր նորմ: Եվ եթե այսպես շարունակվի` բոլոր քաղբանտարկյալների դատավարությունն էլ կարող է հետաձգվել, քանի որ քաղբանտարկյալներից ոչ մեկը դատավորների առաջ ոտքի չի կանգնում: