«Իսկ Էրիվանում ու Էջմիածնում ամբողջ օդը խմել է հսկա լեռը»

03/07/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Միանգամայն այլ ապրելակերպի եւ ավանդույթների մարդկանց մտածողության մեջ
ներթափանցելով, նա կարողացել է խորհրդային ամենաբարդ ժամանակաշրջանում
ապրելու ուժը վերագտնել: «Կարծես ամեն ինչը Հայաստանում ասում էր ինձ՝ դու
արթուն ես, մի երկյուղիր ժամանակից եւ մի կեղծիր»,- գրել է Մանդելշտամը:
Հայաստանում ժամանակն այլ կերպ է հոսել, այն բազմաբույր ու բազմաշերտ է
երեւացել: Հին կարպետների նման Հայաստանը թել-թել հյուսվել է Մանդելշտամի
աչքի առաջ: Թախիծը, ավանդները, լավաշի բույրը, «կոպիտ քնքշանքը», մահը,
գինին, վարդի փշերը, պարզությունը եւ ամբողջականությունը. այդ
ասոցիացիաներից ծնվում է Մանդելշտամի պատկերավոր պոեզիան: Մանդելշտամի
բանաստեղծություններում որսում ես երանգները եւ տրամադրությունը, սակայն
իմաստը բացատրել հաճախ չես կարող: Մանդելշտամն ընթերցողին ընկղմում է իր
ասոցիացիաների մեջ, հրավիրում է ինքնուրույն որսալ սեփական զգացմունքները
ու գայթակղում է փորձել, շոշափել եւ հարստանալ միանգամայն այլ ժամանակով
եւ մշակույթով: Մանդելշտամի «Հայաստան» պոետիկ շարքը կարդալով, կարելի է
սիրահարվել Հայաստանին:
Այդպես պատահեց հոլանդացի նկարիչ եւ բժիշկ Սիցե Բաքքերի հետ, ով մի քանի
տարի առաջ «վարակվեց» Մանդելշտամով ու Մանդելշտամի Հայաստանով:
Մանդելշտամը բառը չի նույնացնում իրի հետ: «Անվանումն իրի տերը չէ», –
գրել է նա: Մանդելշտամը կառուցում է իր բանաստեղծությունները
ճարտարապետության կանոններով: «Ես բարձրանում եմ միայն այն աշտարակների
վրա, որոնք ինքս եմ կառուցում»,- ասել է նա: Սիցե Բաքքերը, երբեւէ
չլինելով Հայաստանում, կառուցել է իր Հայաստանը: Չորս տարի շարունակ նա
աշխատել է փորագրանկարների եւ փայտափորագրությունների շնորհիվ իր
զգացմունքներն արտահայտել մի երկրի նկատմամբ, որն իր խոսքերով ասած՝
«ոգեւորության աղբյուր է դարձել»: Հոլանդացի նկարչի աշխատանքներում
բանաստեղծության տողերը գրված-նկարված են մանկական, անմիջական ձեռագրով:
Այդպիսին են եւ նկարազարդումները՝ թարմ, անմիջական ու էմոցիոնալ կոլաժներ:
Եվրոպացին այդպես է տեսնում Հայաստանն ու Մանդելշտամի պոեզիան: Նա փորձում
է հասկանալի լինել, բայցեւայնպես նրա ստեղծագործություններն ընկալելու
համար որոշակի աշխատանք է հարկավոր: Նրանք չեն պարտադրում, այլ հրավիրում
են համատեղ ճամփորդության: Գրաֆիկական կերպարները, նշանները,
զարդանախշերը, պլաստիկ ժեստերը շատ մոտ են Մանդելշտամի աշխարհայացքին:
Սիցե Բաքքերի «Հայաստանյան շարքն» առաջին անգամ ցուցադրվել է Սանկտ
Պետերբուրգում եւ կրել է «Բիբլիական Արարատ» խորագիրը: Արվեստաբան Անահիտ
Մինասյանը՝ Պետերբուրգում հանդիպելով Ս. Բաքքերին, նրան հրավիրել է
Հայաստան:
Այս օրերին Սիցե Բաքքերը երկրորդ անգամ է ժամանել Հայաստան եւ որոշել է իր
12 աշխատանքները նվիրել մեր Պատկերասրահին: «Ես համադրում եմ գրաֆիկան ու
տեքստը,- ասում է Սիցե Բաքքերը։ -Այդպես են աշխատել շատ ռուս ավանգարդիստ
պոետներ ու նկարիչներ, որոնցից ես շատ եմ ազդվել: Կարծում եմ, որ
միահյուսելով լեզուն ու պատկերը՝ կարելի է շատ ավելին ասել: Դա հեշտ չէ,
բայց ստացված արդյունքն ավելի հարուստ է: Ռուսաստանի 20-րդ դարի մաքուր եւ
գեղեցիկ պոեզիան լավ չեն ճանաչում Եվրոպայում»: Սիցե Բաքքերը ստեղծել է իր
պատկերավոր աշխատանքները ռուս բազմաթիվ բանաստեղծների պոեզիայի հիման վրա՝
Վ.Խլեբնիկով, Ա.Ախմատովա, Բ. Պաստեռնակ: Տեքստը նույն պատկերն է:
Ժամանակակից մի քիչ «հոգնած» եվրոպական կուլտուրան ներշնչանքի աղբյուրը
տեսնում է Արեւելքում: «Թվում է, մենք շատ բանի ենք հասել, ամեն ինչ տեսել
ենք եւ ամեն ինչ գիտենք: Սակայն մեզ համար Արեւելքի հսկայական
հարստությունը դեռ փակ է, բայց այն շատ կենսունակ է եւ բոլորովին էլ հին
չէ: Եվրոպան ուզում է Արեւելքի արվեստով վերակենդանացնել իր մշակութային
կյանքը»,- ասում է Սիցե Բաքքերը, ով ուզում է ավելի լավ ճանաչել Հայաստանի
մշակույթն ու մարդկանց: «Երեւանում՝ նայելով փողոցում քայլող մարդկանց,
հասկանում եմ, որ նրանք գուցե այնքան երջանիկ չեն, որքան կցանկանային,
սակայն նրանք շատ բաց են եւ պատրաստ են շփման: Հոլանդացիները կարծես
կյանքում մի փոքրիկ տարածք են գտել, իրենք իրենց մեջ են պարփակվել եւ չեն
ուզում շրջանակներից դուրս գալ: Կա այսպիսի արտահայտություն՝ անընդհատ
աշխատում են արմունկներով, որ պահպանեն իրենց տարածքի սահմանները: Դրանով
մենք սկսում ենք նմանվել ամերիկացիներին, զարգանում ենք ամերիկյան
ճանապարհով, ինչը ինձ բոլորովին չի ուրախացնում: Մանդելշտամի «Հայաստան»
շարքն ինձ համար լայնացրեց տարածությունը եւ թույլ տվեց դուրս գալ
«սպառողական հասարակության» ազդեցությունից»,- ասում է Սիցե Բաքքերը:
Ազգություն եւ ժամանակ չճանաչող արվեստը դարաշրջաններ եւ ժողովուրդներ է
միավորում եւ շշնջում՝ առաջընթացը միայն տեխնիկական չի լինում: