«Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման շուրջ մեկընդմիշտ համաձայնության հասնեն փոխզիջումների հիման վրա: Հակամարտության լուծման ռազմական ուղի երբեք չի կարող լինել, հակամարտության կողմերը պետք է փոխզիջումների հասնեն եւ խնդիրը լուծեն խաղաղ ճանապարհով»,- երեկ Բաքվում հայտարարել է ԵՄ արտաքին կապերի եւ հարեւանության եվրոպական քաղաքականության հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդները: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում նա ասել է, որ իրենք մեծ հույսեր են կապում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների` հունվարի վերջին Դավոսում կայանալիք հանդիպման հետ: «ԼՂՀ հակամարտության լուծումը թույլ կտա լուծել տարածաշրջանի խաղաղության, կայունության եւ անվտանգության ապահովման բազմաթիվ հարցեր»,- հայտարարել է Վալդները: Խոսելով Ադրբեջանի մասին, ԵՄ հանձնակատարն ասել է. «Ադրբեջանը շատ կարեւոր երկիր է Եվրոպայի համար, եւ մենք ցանկանում ենք, որ Կովկասն էլ ավելի մոտենա Եվրոպային: Արեւելյան գործընկերությունը կօգնի ամրապնդելու տնտեսական-առեւտրական, էներգետիկ ու քաղաքական կապերը, ինչպես նաեւ կօգնի դյուրացնելու այցագրային ռեժիմը»: Ըստ նրա՝ ժամանակակից Ադրբեջանում տնտեսական զարգացումը պետք է կողք կողքի ընթանա մարդու իրավունքների ապահովման հետ, քանի որ երկիրը նաեւ Եվրախորհրդի անդամ է: «Ադրբեջանը տնտեսապես զարգացած երկիր է, եւ խոսքի ազատությունն այստեղ պետք է հարգվի»,- հայտարարել է Վալդները: