Եվրահանձնաժողովում քննարկվում է Հայաստանին լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրելու հնարավորությունը` տարածաշրջանային մեկուսացման հետեւանքները հաղթահարելու հարցում երկրին օգնելու նպատակով: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այդ մասին նախօրեին Արտաքին գործերի կոմիտեում հայտարարել է Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գծով գլխավոր տնօրեն Էնեկո Լանդաբուրուն` նշելով, որ Եվրամիությունը մինչ այժմ չի կարողացել «բավարար» ֆինանսավորում գտնել Հայաստանի համար: «Մինչ օրս Եվրամիությունը որեւէ վստահելի առաջարկ չի արել Հայաստանին ենթակառուցվածքում ներդրումների առումով, որոնք անհրաժեշտ են երկրի մեկուսացումը որոշ չափով մեղմելու եւ նրա զարգացմանը նպաստելու համար»,- ասել է նա: Լանդաբուրուն ասել է նաեւ, որ Եվրահանձնաժողովը 2009-13 թթ. արեւելյան հարեւաններին օգնելու նպատակով իր պահուստներից 350 միլիոն եվրո ծախսելու թույլտվություն է հայցում Եվրամիության անդամ երկրներից: Այդ գումարի մի մասը, ըստ նրա, կուղղվի ՀՀ-ում ենթակառուցվածքների ծրագրերի իրականացմանը` «տնտեսական զարգացման պայմանների եւ զբաղվածության ապահովման նպատակով»: Միաժամանակ, Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է, որ Եվրամիությունը «չի կարող լուծել Հայաստանի բոլոր խնդիրները», եւ, որ Երեւանը պետք է լուծի Ադրբեջանի եւ Վրաստանի հետ առկա խնդիրները, որպեսզի կարողանա սերտացնել կապերը Եվրամիության հետ: