Նախօրեին Մոսկվայի մետրոպոլիտենի «Բելյաեւո» կայարանում գնացքի տակ է ընկել եւ մահացել Հայաստանի քաղաքացի Գեւորգ Գեւորգյանը: Ըստ Ներքին գործերի մոսկովյան մետրոպոլիտենի վարչության մամլո ծառայության, դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում: «1972թ. ծնված Գ. Գեւորգյանը ստացած վնասվածքներից մահացել է տեղում: Փաստաթղթեր նրա մոտ չեն հայտնաբերվել, սակայն անձը պարզել հաջողվել է Հայաստանի հյուպատոսության կողմից 2006թ. տրված տեղեկանքով»,- ասել են մամուլի ծառայությունից, ըստ որի՝ հայտնի չէ` արդյոք տեղի ունեցածը ինքնասպանությո՞ւն է, թե՞ Գեւորգյանին հրել եւ գցել են ռելսերի վրա: Դեպքի հանգամանքները պարզելու համար օպերատիվ միջոցառումներ են իրականացվում: