Մենք` հայերս, տաքարյուն ժողովուրդ ենք` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Խանդոտ ենք, շուտ բռնկվող, շուտ ոգեւորվող եւ ավելի շուտ հիասթափվող, «լոպազ ենք»: Այդքանով հանդերձ` մեր գենոտիպի բնավորության ամենավտանգավոր գիծն, այնուամենայնիվ, պահի տակ գործելն է:
Եթե շարքային քաղաքացու դեպքում բնավորության այդ գիծն ինչ-որ տեղ հասկանալի է (դարերով եկած ազգային առանձնահատկություն է, եւ «դեմն առնելը» շատ դժվար է), ապա քաղաքական գործիչների նման պահվածքը ոչ միայն անհասկանալի է, այլեւ աններելի, քանզի պահի տակ արված յուրաքանչյուր նման գործ կամ խոսք կարող է անշրջելի հետեւանքներ ունենալ պետության համար: Առուն չթռած՝ «հոպ» ասելը սովորական երեւույթ է դարձել մեր քաղաքական գործիչների համար` ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր: ԵԽ ԽՎ-ում 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարման հետ կապված վերջին գործընթացները պարզ ցույց տվեցին վերոնշյալ խոսքերիս իրավացիությունը: Իշխանության տարբեր թեւեր սկսեցին տարբեր ելքեր փնտրել մեր հասարակության համար: Մեկն ասում էր, որ եթե ԵԽ ԽՎ-ում մեզ զրկեն ձայնի իրավունքից, ապա «ուրիշ տեղ իրենք ձեն կհանեն», եւ ավելացնում` «կմիանան իսլամական աշխարհին»: Մյուսը պնդում էր, որ Եվրոպան կրկնակի ստանդարտներով է առաջնորդվում եւ եթե մեզ զրկի ձայնից, ապա նույն պատվին պետք է արժանացնի նաեւ Ադրբեջանին, քանզի այնտեղ իրավիճակն ավելի վատ է, քան մեզ մոտ: Մեկ ուրիշն առաջարկում էր փոխել ԵԽ ԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավարին եւ առաջարկում Եվրոպային «նորովի մտածել», եւ, այլն: Ընդդիմությունն՝ իր հերթին, թեեւ բարձրաձայնում էր, որ չի ուզում, որպեսզի մեր պետությունը դառնա «իզգոյ», սակայն անհամբեր սպասում էր, թե երբ է գալու այն օրը, երբ Հայաստանին կզրկեն ձայնի իրավունքից, որպեսզի մոտակա ամիսներին իշխանություններին «քլնգելու» նոր թեմա բացվի: Օրինակ, ԵԽ ԽՎ ներկայացուցիչների այն հայտարարությունը, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան` հաստատ պահի տակ չէ ասված: Իսկ մեր ոստիկաններից եւ քաղաքական գործիչներից շատ-շատերն իրենց բազմաթիվ հայտարարություններից հետո այժմ եւ դեռ երկար ժամանակ ստիպված են լինում հերքել իրենց իսկ խոսքերն ու վկայությունները: Անհասկանալի է, թե ինչո՞վ էր մտածում դատաբժիշկ Շոթա Վարդանյանը, երբ հայտարարում էր, որ Երեւանի կենտրոնում խոճկորի ծնոտ են գտել: Կամ ինչո՞վ էին մտածում այն ոստիկանները, որոնք մարտի 1-ից անմիջապես հետո լրատվական բոլոր ծրագրերով հայտարարում էին, որ ոչ մի զենք չի օգտագործվել, կամ ի՞նչ են մտածում ընդդիմության այն ներկայացուցիչները, որոնք ասում են, որ Գագիկ Ջհանգիրյանն ու Մուշեղ Սաղաթելյանը պայքարում են մեր ազատության համար: Ասում են` մի կին կա, ով յուրաքանչյուր իմ հեռուստաելույթից կամ հոդվածից հետո զանգահարում է հեռուստատեսություն կամ խմբագրություն եւ հայտարարում, որ իբր ես ժամանակին իրեն պատմել եմ, թե ինչպես է ՀՀՇ-ն ինձ գումար տալիս, որպեսզի վարկաբեկեմ Արթուր Բաղդասարյանին: Հարգելի տիկին, Արթուր Բաղդասարյանին ոչ մեկը, առավել եւս՝ ես, չի վարկաբեկում: Դրա կարիքը չկա: Որովհետեւ Արթուր Բաղդասարյանից շատ Արթուր Բաղդասարյանին ոչ ոք չի կարող վարկաբեկել: Այլապես ինչպե՞ս կարելի է բացատրել այն փաստը, որ նա հրապարակավ, բազմահազարանոց զանգվածի առջեւ հայտարարեց, թե իբր ինքը հստակ տեղեկություններ ունի, որ Սերժ Սարգսյանն ուզում է իրեն վերացնել (անգամ ժողովրդին ցույց էր տալիս կողքի շենքերի տանիքներին կանգնած ինչ-որ «քիլլերների»), սակայն մի քանի օր հետո այդ նույն Սերժ Սարգսյանի հետ պայմանագիր կնքեց եւ, ի տարբերություն Սարգիս Հացպանյանի, ոչ թե կալանավորվեց սուտ մատնության համար, այլ դարձավ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը: Ֆիզիկայում նման երեւույթը կոչվում է գոլորշիացում, երբ նյութը հեղուկ վիճակից վեր է ածվում գազի: Ժողովուրդը նման դեպքերում կասեր. «Ես ի՞նչ անեմ, դու ի՞նչ անես»: Ի դեպ, «Օրինաց երկիրն», ըստ ամենայնի, ամենատաքարյուն կուսակցությունն է: Հիշեք Մհեր Շահգելդյանի անհավանական արկածները Էջմիածնում, Հովիկ Հովեյանի հերոսությունները էլեկտրական «ստոլբի» մոտ եւ Սամվել Բալասանյանի «ճակատին գրված մեմուարները»: Վերադառնանք ֆիզիկայի օրենքներին: Եթե «Օրինաց երկիրը» գոլորշիացավ, ապա որոշ ուժեր պարզապես «հալվեցին»: Սա այն դեպքն է, երբ պինդ մարմինը վեր է ածվում հեղուկի: Նման իրավիճակում են այսօր հայտնվել նախկին ու ներկա քաղաքական բազմաթիվ գործիչներ` ինչպես ասում են` «հին ոսկորներ»: Հանրապետականն՝ ընդհակառակը` «պնդությունից» ճաքեր է տալիս: Նրանք չեն կարողանում կիսել ԱԺ նախագահի, խմբակցության ղեկավարի, ԵԽ ԽՎ-ում պատվիրակության ղեկավարի պաշտոնը: Մինչ օրս չեն «մարսում» ոչ հանրապետական վարչապետին, որը «չուժոյ ա»: Իսկ «Բարգավաճ Հայաստանը» «սյուրպրիզների» մասին է խոսում… Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք եւ հիմա էլ, որոշ նախարարներ եւ այլ պաշտոնյաներ այնքան խոսեցին երկրի տնտեսական աննախադեպ աճի մասին, որ հիմա չեն կարողանում ասվածը հիմնավորել: Հետաքրքիր է` այս հայտարարությունները պահի տա՞կ են արված, թե՞ … Քիչ մնաց, կապրենք` կտեսնենք:
Այս իրավիճակում պահի տակ մտածելն արդարացված է միայն ժողովրդի համար: Որովհետեւ ավելի երկարաժամկետ մտածելու ժամանակ պարզապես ժողովուրդը չունի: Նրան պետք է օրվա հաց հայթայթել: Իսկ դուք ասում եք՝ ճգնաժամ չկա: Հայաստանում ճգնաժամ կա նույնիսկ այն ժամանակ, երբ ուրիշ ոչ մի տեղ ճգնաժամ չկա: Սառը դատեք եւ պահի տակ հայտարարություններ մի արեք: Հետո «տակից դուրս գալը» դժվար է լինելու, պարոնայք: