«Գործող իշխանությունների վարած անխոհեմ եւ ռեպրեսիվ քաղաքականությունը առաջին հերթին հենց իրենց է տանում ինքնաքայքայման ճանապարհով: Մինչդեռ Շարժման մաշեցման նրանց ռազմավարությունը նույնպես կատարելապես ձախողվել է` հանգեցնելով նրանց ցանկացածի լրիվ հակառակ արդյունքի: Այսօր համաժողովրդական շարժումը, ի դեմս Հայ Ազգային կոնգրեսի եւ նրան համախոհ այլ ուժերի, ավելի հզոր է, քան երբեւէ: Մենք պահպանել ենք մեր համախմբումը եւ շարունակում ենք ամրապնդել շարժման կառույցներն ու կարողությունները»,- երեկվա ասուլիսում ասաց Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը` հրապարակելով Կոնգրեսի հայտարարության տեքստը: Խոսելով Կոնգրեսի անելիքներից` նա նշեց, որ որեւէ որոշում մինչեւ մարտի մեկը հանրահավաք անցկացնելու մասին դեռեւս չկա: «Բայց դա չի բացառում, որ մենք նման որոշում ընդունենք` կախված քաղաքական զարգացումներից: Հստակ ծրագիր, թե երբ ենք մենք սկսում լայնածավալ բողոքի ակցիաները, ես Ձեզ ներկայացնել չեմ կարող, բայց վստահ եղեք, որ մենք դա կհրապարակենք այն ժամանակ, երբ դա պետք լինի այդ գործողությունները կազմակերպելու համար»,- հավելեց Լ. Զուրաբյանը: Ըստ նրա՝ եթե ԵԽ-ն Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառի, եւ քաղբանտարկյալներն էլ ազատ չարձակվեն, այլ միջոց, քան զանգվածային միջոցառումներով իշխանությունների վրա ճնշում գործադրելն է, չի մնա: «Այսօր Հայաստանում կան 59 քաղբանտարկյալներ: Նրանց ցուցակում կարող է ավելանալ նաեւ Կարեն Հայրապետյանը, որը այն զինվորականն է, որից կորզվել էին ցուցմունքներ Մյասնիկ Մալխասյանի վարորդի դեմ: Նրան փաստորեն այդ ցուցմունքները հետ վերցնելու համար բանտարկել են»,- նշեց բանախոսը` ավելացնելով, որ քաղբանտարկյալների իրենց ցուցակից ներման խնդրագրեր գրելու միջոցով մինչ այժմ ազատ են արձակվել 7-ը: «Իշխանությունները անգամ չեն փորձել օգտագործել այն օրենսդրությունը, որը թույլ է տալիս պատժի 1/3 մասը կրած բանտարկյալներին ազատ արձակել: Դրա համար պետք է բանտի ադմինիստրացիան դիմի համապատասխան ատյաններին: Դա էլ չի արվել: Այսօր 16 հոգի կարող էին ազատվել այդ ձեւով»,- նկատեց Զուրաբյանը` եւս մեկ անգամ վստահեցնելով, որ քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո ՀԱԿ-ը պատրաստ է երկխոսություն սկսել իշխանությունների հետ: Նա անդրադարձավ նաեւ երկու արդարացման վճիռ կայացրած դատավոր Ռուբեն Ափինյանի դեմ հարուցված վարույթին` նշելով, որ իշխանությունները, փաստորեն, կոշտացնում են իրենց դիրքորոշումը քաղբանտարկյալների հարցում: «7-ի գործով» դատավարության ձգձգման վերաբերյալ երկու կարծիք կա. մի մասի համոզմամբ` ընդդիմությունն է դիտավորյալ ձգձգում, իսկ Լ. Զուրաբյանը վստահ է, որ դատավարությունը ձգձգելը իշխանությունների որոշումն է: «Եթե «7-ի գործով» դատավարությունը գնա բաց եւ բնականոն, ապա անմիջապես բոլորի համար հասկանալի կդառնա, որ մեղադրյալի աթոռին հայտնվում է ինքը` ռեժիմը: Հենց դա էր պատճառը, որ առաջին նիստը, որն անցավ նորմալ` լրագրողներին թույլ տրվեց ներկա լինել, փաստաբանները արեցին միջնորդություններ, սարսափեցրեց ռեժիմին, եւ նա՝ պատրվակ բռնելով, որ տղաները ոտքի չեն կանգնում, երբ դատավորը ներս է մտնում, փաստորեն վիժեցրեց դատավարության ընթացքը»: Այդ դեպքում ինչո՞ւ ՀԱԿ-ը չի համոզում 7 մեղադրյալներին, որ ոտքի կանգնեն, ու նորմալ դատավարություն ընթանա: «Մենք ինչո՞վ կտարբերվենք ռեժիմից, եթե փորձեինք ազդել մեր տղաների վրա, ստիպեինք նրանց հրաժարվել իրենց քաղաքական համոզմունքից: Նրանք ոտքի չեն կանգնում` ելնելով իրենց քաղաքական համոզմունքներից»,- լրագրողի հարցին պատասխանեց Զուրաբյանը: Վերջինս նաեւ նշեց, որ մարտի 1-ի դեպքերն անպայման բացահայտվելու են: «Խոսք ենք տալիս` մահվան բոլոր դեպքերը բացահայտվելու են: Մենք ենք բացահայտելու, կամ էլ իրենք` մեր ճնշման տակ»,- հայտարարեց նա: Անդրադառնալով ԼՂ հարցի կարգավորմանը` Լ. Զուրաբյանը նշեց, որ քաղբանտարկյալների առկայությունը էականորեն թուլացնում է Հայաստանի դիրքերը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գնալու է Իլհամ Ալիեւի հետ խոսելու թուլացած: «Ես չգիտեմ՝ որեւէ բան կստորագրվի՞, թե՞ ոչ, բայց մի բան պարզ է. Հայաստանի իշխանությունները նման գործարք առաջարկում են միջազգային հանրությանը, եւ մենք ունենք արդեն դրա փաստաթղթային հաստատումը` Հովիկ Աբրահամյանի նամակը: Այնտեղ ուղղակի ասվում է, որ սանկցիաների կիրառումը ԵԽ-ի կողմից բացասաբար կազդի մեր վճռականության վրա` հաստատելու խաղաղություն եւ կայունություն տարածաշրջանում: Այսինքն՝ նա ասում է, որ՝ եթե կիրառեք սանկցիաներ, մենք էլ ԼՂ հարցը չենք լուծի: Ռեժիմն, ըստ էության, փաստաթղթով առաջարկում է գործարք, որ մենք պատրաստ ենք ԼՂ հարցում գնալ զիջումների, եթե դուք թույլ տաք պահել քաղբանտարկյալներին եւ աչք փակեք նրանց բանտում լինելու վրա: Արդյո՞ք միջազգային հանրությունը պատրաստ է գնալ այդ գործարքին, դեռ կտեսնենք»,- նշեց Լ. Զուրաբյանը: Դիտարկմանը, թե Ադրբեջանում նույնպես կան քաղբանտարկյալներ, ընդդիմադիր գործիչը նկատեց, որ քաղբանտարկյալների խնդիրը Ի. Ալիեւին խոցելի չի դարձնում: «Շնորհիվ նավթային ռեսուրսների՝ Ադրբեջանի կառավարությունը ունի մանեւրելու ազատություն»,- ասաց նա: