Անկումը շարունակվում է նաեւ Օբամայի երդմնակալությունից հետո

24/01/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման իր երդմնակալության օրը խոստացավ լուրջ քայլեր ձեռնարկել տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ՝ միեւնույն ժամանակ խոստովանելով, որ դա այնքան էլ հեշտ չի լինելու։ Սակայն նույն այդ օրը՝ լավատեսական հայտարարությունների ֆոնին, ամերիկյան ֆոնդային բորսաների ինդեքսները ռեկորդային անկում ապրեցին։

Ամերիկյան «Dow Jones Industrial Average» ինդեքսը նվազել է 4%-ով՝ հասնելով 7949.09 կետի։ Շուկայական կապիտալիզացիայի մակարդակով աշխարհի 500 խոշորագույն ընկերությունները ներկայացնող «Standard & Poors»-ի արժեթղթերի ինդեքսը անկում է ապրել 5.2%-ով, իսկ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների՝ «Nasdaq»-ի ինդեքսը ավելի շատ՝ 5.7 տոկոսով։

«IT Invest» ընկերության գլխավոր փորձագետ Ալեքսանդր Պոտավինի բնորոշմամբ, սա «թթու» նվեր էր Օբամային՝ իր երդմնակալության օրվա կապակցությամբ։ «Հավանաբար, մինչ մենեջերները հետեւում էին իրենց նախագահի երդմնակալությանը, բորսաներն, այսպես ասած, «առեւտրային ռոբոտների» իշխանության տակ էին, որոնք հստակ մշակել են վաճառքի հետ կապված բոլոր ազդանշանները։ Երեքշաբթի օրը ամերիկյան բանկերը միջին հաշվով կորցրել են իրենց կապիտալիզացիայի 20%-ը»,- ասել է Պոտավինը։

Ներդրողները սպասում են ընկերությունների՝ նախորդ տարվան վերաբերող վատ տվյալներ պարունակող հաշվետվություններին եւ անհանգստանում են հատկապես բանկային հատվածի համար։

Ամենաշատը արժեզրկվել են ամերիկյան խոշորագույն ներդրումային բանկի՝ «Bank of America»-ի արժեթղթերը՝ 28%-ով։ Ներդրումային մյուս խոշոր բանկի՝ «JP Morgan-ի» արժեթղթերն էժանացել են 20.7%-ով, իսկ Citigroup-ինը՝ 20%-ով։

«Stifel Nicolaus» կենտրոնի փորձագետ Ռիչարդ Կրիպսի խոսքերով, բանկային համակարգում մտավախությունները եւ անորոշությունը շատ մեծ են։

Իսկ «Fifth Third Asset Management»-ի ներդրումային բաժնի տնօրեն Քեյթ Վիրցն ասում է. «Մենք մտածում էինք՝ 2008 թվականն է վատ եղել, բայց իմ կարծիքով՝ 2009-ին նույն երգը կշարունակվի»։

Բավական հետաքրքիր, սակայն մտահոգիչ գնահատականներ է տվել Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր, տնտեսագետ Նուրիել Ռուբինին, ով կանխագուշակել էր 2008-ի ֆինանսական շուկաների ճգնաժամը։ Ռուբինիի կարծիքով, ներկայիս ֆինանսական ճգնաժամի արդյունքում ամերիկյան ֆինանսական ինստիտուտների կորուստները կարող են հասնել 3.6 տրիլիոն դոլարի։ «Խնդիրները, որոնք ունեն «Citibank»-ն ու «Bank of America»-ն, վկայում են այն մասին, որ բանկային համակարգն անվճարունակ է,- ասել է տնտեսագետը,- Սա համակարգային բանկային ճգնաժամ է»։

Իսկ «Wilbanks Smith & Thomas» ընկերության ներդրումային տնօրեն Ուեյն Ուիլբենքսի խոսքերով, ոչ ոք չի ցանկանում ձեռք բերել բանկերի արժեթղթեր, քանի որ ոչ ոք չգիտի՝ ինչ քանակությամբ նոր արժեթղթեր դեռ կթողարկվեն։ «Եթե, այդուհանդերձ, ցանկություն ունեք ներդրում անել այս ոլորտում, խորհուրդ կտայի ձեռք բերել արտոնյալ բաժնետոմսեր, ինչպիսիք ձեռք է բերում պետությունը»,- ասել է Ուիլբենքսը։

Իսկ դոլարը թանկացավ

Եթե ֆոնդային բորսաների ինդեքսները Օբամայի երդմնակալության օրը անկում արձանագրեցին, ապա դոլարի դեպքում գրանցվեց հակառակ պատկերը։ Երեքշաբթի օրն աշխարհի արժութային շուկաներում տեղի է ունեցել ամերիկյան դոլարի դիրքերի էական ամրապնդում, ինչը բազմաթիվ վերլուծաբաններ կապում են հենց Բարաք Օբամայի՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելու հետ: Անցած 24 ժամում դոլարի նկատմամբ եվրոն արժեզրկվել է 1,59 տոկոսով: Միաժամանակ անցյալ երեքշաբթի օրն ամերիկյան դոլարի նկատմամբ անգլիական ֆունտ ստեռլինգի փոխարժեքը կտրուկ նվազել է` հասնելով վերջին ութ տարում ամենացածր մակարդակի:

Կէժանանան միայն թանկարժե՞ք բնակարանները

Մոսկվայում շարունակվում է հեռակա բանավեճը քաղաքային իշխանությունների եւ փորձագետների ու ԶԼՄ-ների միջեւ՝ կապված անշարժ գույքի շուկայում գների փոփոխությունների հետ։ Ինչպես արդեն նշել ենք, ԶԼՄ-ներն ու մասնագետները կանխատեսում են կտրուկ գնանկում մարտ-ապրիլ ամիսներին։ Արդյունքում, պոտենցիալ գնորդները հետաձգում են գործարքների իրականացումը՝ հույս ունենալով 2-3 ամսից ձեռք բերել նույն անշարժ գույքն ավելի էժան գնով։ Սա, բնականաբար, դուր չի գալիս խոշոր կառուցապատողներին եւ քաղաքային իշխանություններին, որոնք վերջին շրջանում պարբերաբար հերքում են նման լուրերը՝ փորձելով աշխուժացնել այս շուկան։ Այս գործում ակտիվ է հատկապես Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը։ Ելույթ ունենալով «ՏՎՑ» հեռուստաընկերությամբ՝ Լուժկովն ասել է, որ Մոսկվայում կնվազեն միայն գերթանկարժեք բնակարանների գները։ «Անհատական նախագծերով կառուցված եւ քաղաքի «լավ անկյուններում» գտնվող բնակարանները, որոնց 1 քառակուսի մետրի գինը սկսում է 25 հազար դոլարից, կարող են էժանանալ… Այդ բնակարանները գնող պարզապես չի լինի, եւ վաճառողները ստիպված կլինեն իջեցնել գները»,- ասել է Լուժկովը։

Սակայն նման բնակարանները, քաղաքապետի խոսքերով, չնչին տոկոս են կազմում ընդհանուր բնակֆոնդի կառուցվածքում, այնպես որ, սովորական բնակարանների գները չեն իջնի։ «Մոսկվայում վաճառվող բնակարանների մեծ մասի գինն արդեն մոտ է ինքնարժեքին, իջնելու տեղ այլեւս չկա։ Եթե կոմերցիոն տարածքները դեռ ինչ-որ տեղ կարող են փոքր-ինչ էժանանալ, ապա սոցիալական բնակֆոնդի դեպքում նման բան չի լինի»,- ասել է Լուժկովը։

Համաշխարհային տնտեսությունը չի աճում

Տնտեսական ճգնաժամի արդյունքում Ռուսաստանի տնտեսական աճի տեմպը կարող է դանդաղել՝ 2009-ին հասնելով 0-2%-ի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը։ «Նախորդ տարվա մեր տնտեսական աճը կազմել է 6%։ 2009-ին նույնպես սպասում ենք դրական ցուցանիշ, սակայն 0-ից մինչեւ 2%-ի սահմաններում։ Այս նոր գնահատականները պայմանավորված են համաշխարհային տնտեսության եւ ռուսական արտադրանքի նկատմամբ պահանջարկի վերլուծություններով»,- ասել է Կուդրինը։ Նա նաեւ նշել է, որ գնաճը կկազմի 13%՝ ակնկալվող 11%-ի փոխարեն։ Եթե Ռուսաստանում ակնկալվում է տնտեսության՝ թեկուզ փոքր չափով, բայց աճ, ապա եվրոպական երկրներում պատկերն ավելի տխուր է։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների կանխատեսման համաձայն, եվրոյի գոտում գտնվող 16 երկրների համախառն ներքին արդյունքը 2009թ. կկրճատվի 1.9 տոկոսով։ Մասնագետների կարծիքով, տնտեսական աճ կարձանագրվի միայն 2010 թվականին՝ այն էլ աննշան՝ 0.4 տոկոսով։ Կանխատեսումների համաձայն, 2010թ. եվրոյի գոտում գործազրկությունը կգերազանցի 10%-ը։ 2008-ին աշխատանք չուներ աշխատունակ բնակչության 7.5%-ը։

Իշխանական կուսակցությունը խնայում է միջոցները

Մարտի 1-ին խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու Ռուսաստանի 9 շրջաններում։ Ինչպես գրում է «Վեդոմոստին», իշխանական «Էդինայա Ռոսիա» կուսակցությունը որոշել է ընտրարշավն անցկացնել առանց գովազդի վրա փող ծախսելու։ Մասնավորապես, չեն լինի նախընտրական վահանակներ եւ հեռուստատեսային հոլովակներ։ Կուսակցության ներկայացուցիչ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքերով, պատճառը ֆինանսական ճգնաժամն է, որի պայմաններում իրենք ստիպված են որոշ ճշգրտումներ կատարել իրենց գործողություններում։

ERICSSON-ը կրճատում է 5000 աշխատատեղ

Բջջային ցանցերի համար նախատեսված սարքավորումների խոշորագույն արտադրող շվեդական «LM Ericsson» ընկերությունը երեկ հայտարարել է, որ ֆինանսական ճգնաժամի արդյունքում կրճատելու է մոտ 5000 աշխատատեղ։

Ընկերությունը նման որոշում կայացրել է 2008 թվականի ֆինանսական տարվա հաշվետվության հրապարակումից հետո, որը ցույց է տվել, որ ընկերության եկամուտները զգալիորեն կրճատվել են։ Մասնավորապես, 2008 թվականի զուտ շահույթը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 48%-ով՝ կազմելով մոտ 1 միլիարդ եվրո։ Նշենք, որ 2008 թվականի դրությամբ «Ericsson»-ն ուներ ավելի քան 75 հազար աշխատող։

«Daimler»-ը վաճառում է «Chrysler»-ի իր բաժնետոմսերը

Գերմանական «Daimler AG» կոնցեռնը պատրաստվում է վաճառել ամերիկյան ավտոմոբիլային հսկա «Chrysler»-ի իր բոլոր բաժնետոմսերը, որոնք կազմում են 19.9%։ Պոտենցիալ գնորդների մասին դեռեւս ոչ մի տեղեկություն չկա։ «Daimler»-ում որեւէ կերպ չեն մեկնաբանում նաեւ «Fiat»-«Chrysler» գործընկերության ստեղծումը՝ նշելով միայն, որ իրենք ողջունում են արտադրության պահպանմանն ուղղված ցանկացած քայլ։

Նշենք, որ ընկերությունները մտնում էին միացյալ «DaimlerChrysler» կոնցեռնի մեջ մինչեւ 2007թ. մայիսը, երբ «Daimler»-ը վաճառեց «Chrysler»-ի իր բաժնետոմսերի 80.1%-ը ամերիկյան «Cerberus Capital Management» ընկերությանը։