Խաղալ՝ նշանակում է մտածել

03/07/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» ակումբի գիտակը, հեռուստատեսային ամենահետաքրքիր
ինտելեկտուալ խաղի մագիստրոսը, որ բազմիցս արժանացել է «Բյուրեղյա բու»
մրցանակին, մի քանի օր գտնվում էր Երեւանում եւ վարում հայկական թիմերի
մրցույթը: «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ»-ը միայն հեռուստածրագիր չէ, այլ իր
ռեգլամենտն ու կանոններն ունեցող հսկա ցանց, որտեղ գիտակներ են
պատրաստվում, մարզվում, խաղում, մրցում եւ հյուրախաղերի մեկնում:
Աշխարհում այդ խաղը խաղում են ավելի քան 15 երկրում: «Ես վաղուց եմ
ճանաչում հայ խաղացողներին, նրանք բավականին ուժեղ են,- ասաց Ա.Դրուզը,-
սակայն հայերը խոշոր միջազգային մրցույթներին մասնակցելու հնարավորություն
հազվադեպ են ունենում: Կարծում եմ, ակումբի վարկանիշի համաձայն՝ հայերի
զբաղեցրած դիրքերը չեն համատասխանում նրանց ցուցաբերած խաղի մակարդակին:
Հարցը բարդանում էր նրանով, որ վերջին երկու չեմպիոնատներն անցկացվում էին
Բաքվում, իսկ հայերը Բաքու չէին գնում»: Բարեբախտաբար նոր չեմպիոնատը
կկայանա Յարոսլավլում, ուր եւ կմեկնի հայերի ուժեղագույն թիմը: Երկու օր
շարունակ «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում 16 թիմեր մրցում էին
լավագույնի կոչմանն արժանանալու եւ չեմպիոնատի ուղեգիր ստանալու համար:
Մրցույթն անցկացվում էր «Հանրապետական» կուսակցության աջակցությամբ, որը
ներկայացրել էր նաեւ իր անդամներից բաղկացած թիմին: 100 հարց հնչեց այդ
մրցույթին: Հարցերը պատրաստել էին ակումբի հայկական մասնաճյուղի անդամները
եւ անձամբ Ա.Դրուզը: Խաղացողները հիմնականում երիտասարդներ էին՝
ուսանողներ եւ դպրոցականներ:
– Պրն Դրուզ, դուք հարցերը կարդալով հաճախ մեկնաբանում էիք՝ «Եթե,
իհարկե, երիտասարդները կարդացել են այդ բանի մասին» կամ «Եթե, իհարկե,
պատկերացում ունեն այդ ժամանակաշրջանի մասին»: Դուք կարծում եք, որ
երիտասարդներից խոր գիտելիքներ սպասել չի՞ կարելի:

– Երիտասարդները իրականում շատ լավն են: Պարզապես մենք կորցրել ենք
երիտասարդության այն շերտը, որը մտածել գիտի: Սովետական շրջանի ավարտից
հետո կարծես մտածելը դարձել է ոչ մոդայիկ: Սակայն երեւի երբեք էլ ոչ մի
շրջան իր երիտասարդներից գոհ չի եղել: Հին եգիպտական մագաղաթներում էլ
կարելի է կարդալ, որ իշխանավորները դժգոհ են նոր սերնդից: Այնպես որ, այդ
հարցը 10 հազար տարվա պատմություն ունի: Ես մրցութային հարցերը պատրաստել
եմ՝ հաշվի առնելով, որ հայկական եւ ռուսական գրականության կապը դեռ
պահպանվել է: Համոզված չեմ, որ ձեր դպրոցներում անցնում են, ասենք, Գոգոլի
«Մեռած հոգիները»: Էստոնիայում, հաստատ գիտեմ, որ չեն անցնում: Հիմա
տեսնում եմ, որ ոչ հայկական հարցերում հայ երիտասարդները դժվարությամբ են
կողմնորոշվում:
– Գուցե ճիշտ է խաղը հայերե՞ն դարձնել:
– Կարելի է խաղն ուրիշ լեզվական հողի վրա տեղափոխել: Ինչո՞ւ ոչ, նման
փորձեր եղել են: Սակայն ես ուրախ եմ, որ այն ձեզ մոտ ռուսերեն է: Այլապես
միջազգային ասպարեզ դուրս գալ չի ստացվի:
– «Կյանքը խաղ է» ակումբի կարգախոսի հետ համաձա՞յն եք, թե՞ խաղից բացի կյանքում կա նաեւ պայքար:
– Կյանքը տարբեր իրավիճակներից է բաղկացած, եւ հաճախ ամենաճիշտը հենց
խաղարկային մոտեցումն է: Չեմ ուզում ասել, որ պետք է անընդհատ խաղալ, բայց
հաստատ գիտեմ, որ պայքարել պետք չէ: Պայքարի վրա սեւեռված մարդիկ ավելի
հաճախ են պարտվում: Գիտակների ավելի երիտասարդ սերնդի համար ամեն գնով
հաղթանակի հասնելը դարձել է ավելի կարեւոր, քան բուն խաղը: Ինձ համար
հաղթանակը երբեք կարեւոր չի եղել, ինձ համար հետաքրքիր է խաղի պրոցեսը:
Նույնիսկ պարտությունից կարելի է մեծ հաճույք ստանալ: Իմ սերնդի գրեթե
բոլոր գիտակներն այդպես են մտածում: Ես այժմ խաղի սեղանի մոտ հազվադեպ եմ
նստում, երիտասարդների եմ մարզում, ուզում եմ նրանց սովորեցնել մտածել,
որոշումներ կայացնել եւ այդ որոշումների համար պատասխանատու լինել: Երբ
երիտասարդները կսովորեն ինքնուրույն մտածել եւ սեփական որոշումների համար
պատասխան տալ, կարելի կլինի ասել, որ լուսավոր ապագային ենք մոտենում:
Խաղն իրականում օգնում է եւ շատ բան է տալիս:
– Ի՞նչ:
– Առաջին հերթին՝ գլխով աշխատել: Դա նշանակում է՝ արագ կողմնորոշվել,
արձագանքել, ինքնուրույն մտածել, լսել դիմացինին: Մի խոսքով, այն բոլոր
բաները, որոնք անհրաժեշտ են կյանքում:
– Էկրանին դուք շատ չոր, սուր եւ հիշաչար մարդու տպավորություն եք
թողնում, սակայն շփվելով ձեզ հետ, պարզվում է, որ դա միայն դիմակ է:
Իրականում դուք բարի եւ մեղմ մարդ եք:

– Ես հիշաչար չեմ, պարզապես լավ հիշողություն ունեմ: Գիտեմ, որ խաղի
կանոնների համաձայն՝ ամեն րոպե կարող են ինձ դիմել, խորհուրդ հարցնել, եւ
ես պետք է կենտրոնացած լինեմ: Իսկ իմ բառավեճերը խաղը վարողի հետ միայն
հին ու բարի ավանդույթ է:
– Խաղալով կարելի՞ է փող աշխատել:
– Խաղը հոբբի է, այլ ոչ թե փող վաստակելու միջոց: Ամեն խաղացող իր գործն
ունի: Ես Սանկտ Պետերբուրգի հեռուստատեսություններից մեկում եմ աշխատում,
երկու հաղորդման հեղինակ եմ:
– Գիտելիքներն ազատությո՞ւն են տալիս, թե՞ ընդհակառակը՝ կաշկանդում: Շատ բան իմացողի համար պարզապես ապրելը գուցե ավելի դժվար է:
– Լիովին համաձայն եմ: Դեռ Էքլեզիաստեսն է ասել. «Գիտելիքները խորացնում
են թախիծը»: Աշխարհը, ցավոք, բարյացակամ չէ տրամադրված մտածող մարդու
հանդեպ: Գիտելիքների պաշար ունեցող մարդն ավելի հաճախ է հանդիպում կյանքի
անարդարություններին: Բայցեւայնպես, հենց գիտելիքներն են օգնում ավելի լավ
հասկանալ դրանք: Նաեւ ճանաչել աշխարհը, հարեւանին, ինքդ քեզ:

Հ.Գ. – «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ»-ի 2005 թ. ՀՀ չեմպիոն ճանաչվեց ՀՀԿ թիմը: