Երեկ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանի բողոքի գործով երկրորդ դատավարությունը:
Դատական առաջին նիստը նշանակված էր հունվարի 16-ին, սակայն վատառողջ լինելու պատճառով Ս. Այվազյանը դատարան չէր ներկայացել, եւ նիստը հետաձգվել էր: Սկսվեց եւ միանգամից հետաձգվեց նաեւ երեկվա նիստը, որովհետեւ երեք դատավորների ներս մտնելու պահին Ս. Այվազյանը ոտքի չկանգնեց: Եվ վերաքննիչ դատարանում երկրորդ դատավարությունը տեւեց ընդամենը 5-6 րոպե: Նիստը նախագահող Գրիշա Մելիք-Սարգսյանը հենց սկզբից սկսեց Ս. Այվազյանին բացատրել, թե երբ դատավորները ներս են մտնում, դահլիճում ներկա գտնվողները պետք է ոտքի կանգնեն, հակառակ դեպքում դա որակվում է՝ որպես «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում»: «Արդարադատություն չկա մեր երկրում, որ ես հարգեմ»,- հայտարարեց Ս. Այվազյանը եւ շարունակեց նստած մնալ: «Եթե հարգանք չունեք արդարադատության նկատմամբ` ինչո՞ւ եք Վերաքննիչ դիմել»,- հարցրեց երկրորդ դատավոր Մանուշակ Պետրոսյանը: «Օրենքով մենք պետք է ձեր ատյանը անցնենք, որ կարողանանք դիմել ավելի վեր, դա է պատճառը»,- պատասխանեց Ս. Այվազյանը: Ս. Այվազյանի հետ երկխոսությունն այսքանով ավարտվեց, եւ նախագահող դատավոր Մելիք-Սարգսյանը մյուս երկու դատավորներ Մ.Պետրոսյանի ու Սեւակ Համբարձումյանի հետ տեղում մի քանի վայրկյան խորհրդակցելուց հետո հայտարարեց, թե «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար նիստը հետաձգվում է մինչեւ հունվարի 26-ը»: «Ապրեք, զորանաք»,- բացականչեց Ս. Այվազյանը: «Ամոթ է, ամոթ, մարդակեր եք դառել, անմեղ մարդկանց եք ուտում», «Գետինը մտնեք»,- նման բացականչություններ էլ հնչեցին դահլիճից:
«Ընդհանուր իրավասության դատարանում դատավարությունը տեւեց մի քանի ամիս, եւ Ս. Այվազյանը երբեք ոտքի չի կանգնել: Հետեւաբար ի՞նչն է պատճառը, որ ոտքի չկանգնելը դատարանների ուշադրության կենտրոնում է հայտնվել, իբր թե անհարգալից վերաբերմունք է: Նրանք իրենց դիրքորոշումն են հայտնում: Ամենուրեք, նույնիսկ այս իշխանության պաշտոնատար անձինք են ասում, որ դատական իշխանությունն այլեւս անկախ չէ, որ դատարանները կողմնակալ են, դարձել են քաղաքական մարմինների կցորդներ: Եթե մեր պաշտպանյալները ոտքի չեն կանգնում, ընդամենը խնդիրը հետեւյալն է. քաղաքական որոշման արդյունքով է, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում: Եթե Հայաստանում օրենքի գերակայություն լիներ, բնականաբար, կհարգեին: Չէ՞ որ այդ մարդիկ եղել են մեր պետության ստեղծման ակունքներում: Այստեղ ասելով, թե անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ, ընդամենը ֆիքսում են ձեւական իրավական կողմը: Դատարանը պարտավոր է հարց դնել, թե` ինչո՞ւ ոտքի չեք կանգնում: Նա արդեն կպատճառաբաներ: Այս պատճառաբանությունը շատ էական է, որպեսզի դատարանը գնահատի` անհարգալից վերաբերմո՞ւնք է, թե՞ ոչ»,- նիստից հետո հայտարարեց Ս. Այվազյանի պաշտպան Հովիկ Արսենյանը:
Հիշեցնենք, որ մարտի 1-ի գործերով դատավարությունների դեպքում դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար մինչեւ այժմ հետաձգվել են միայն «7-ի գործով» 5 դատավարությունները: Ս. Այվազյանի դատավարությունն այս շարքի երկրորդ դեպքն էր: Դատական նիստերի ժամանակ դատավորի ներս գալու պահին երբեմն ոտքի չի կանգնում նաեւ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը: Ս. Այվազյանի մյուս պաշտպան Լուսինե Սահակյանն էլ հայտարարեց, թե պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել այս որոշումը: «Ներպետական օրենսդրությամբ այս սանկցիաների կիրառման հետ կապված ձգձգման օրերը չեն հաշվարկվում պատժի մեջ: Ես կարծում եմ, որ սա Եվրոպական կոնվենցիայի եւ ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտում է: Ըստ էության, անձը զրկվում է ազատությունից, եւ դա կատարվում է 3 դատավորի կոլեգիալ որոշմամբ, որի պարագայում չի լինում քննարկում, չի լինում դատավարություն: Մենք այս որոշումը բողոքարկելու իրավունք իբր չունենք, սակայն ղեկավարվելով Եվրոպական կոնվենցիայով, իհարկե, կփորձենք սպառել ներպետական ատյանները եւ դիմել Եվրոպական դատարան»,- ասաց Լ. Սահակյանը:
Ավելացնենք նաեւ, որ Ս. Այվազյանի գործով 3 դատավորներից Մանուշակ Պետրոսյանը Փրկարար ծառայության պետի տեղակալ, հայտնի գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի քույրն է եւ Ոստիկանության բարձրաստիճաններից մեկի` պաշտոնյա Նիկողոս Եղիազարյանի կինը: «Աստվածատուր Պետրոսյանն իր ամբողջ հարազատներին դրեց պաշտոնի, ինքն էլ հիմա ձեռքերը գրպանում գեներալի զվանիով ֆռֆռում է»,- դրսում դժգոհում էին հավաքված մարդիկ: Հիշեցնենք նաեւ, որ Ս. Այվազյանը ձերբակալվել էր անցած տարի փետրվարի 24-ին, առավոտյան ժամը 10:30-ին Տերյան փողոցում Ազատության հրապարակից տուն վերադառնալու ճանապարհին: Նրան բերման էին ենթարկել Ոստիկանության «6-րդ» վարչություն` ապօրինի զենք-զինամթերք ունենալու կասկածանքով: Բայց ավելի ուշ պարզվել էր, որ Ս. Այվազյանի մոտ եղած զենքն օրինական է: Ի վերջո, նրա նկատմամբ մեղադրանք էին առաջադրել ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը, եւ 235 հոդվածի 4-րդ մասով` «սառը զենք»` մահակ կրելու համար: Ս. Այվազյանի գործով տուժող էր հանդես գալիս ոստիկան Կարեն Հովսեփյանը: Ու թեեւ դատավարության եւ նախաքննության ընթացքում մեղադրող կողմը չկարողացավ իր մեղադրանքներն ապացուցող որեւէ հիմնավոր փաստարկ ներկայացնել, այնուամենայնիվ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանը 2008թ. նոյեմբերի 19-ին կայացրած վճռով Ս.Այվազյանին դատապարտեց երկու տարվա ազատազրկման եւ սահմանեց տուգանք` 300 հազար դրամի չափով: Հիշեցնենք նաեւ, որ անցած տարի Ս. Այվազյանի դատավարությունը բավական երկար ժամանակ ընդմիջվել էր, քանի որ նույն դատավոր Գ.Ավետիսյանը ծառից վայր էր ընկել ու կոտրել ոտքը: Ս.Այվազյանը Գ.Ավետիսյանի այս վճիռը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում: