– Պարոն Չիլինգարյան, վերջերս ԱԺ-ի կողմից ընդունվեց մի օրենսդրական նախագիծ, որով նախատեսվում է հարկել «մանր բիզնեսով զբաղվածներին` ինքնազբաղվածներին»: Ի՞նչ նշանակություն կարող են ունենալ բյուջեի համար այդ չնչին գումարները: Ինչպե՞ս եք, ասենք, իր տանը կամ դպրոցում աշակերտների հետ պարապող կրկնուսույցներին «բռնացնելու» եւ հարկելու:
– Որոշակի թյուրըմբռնում կա այն բանի շուրջ, որ կառավարությունն իր հիմնական գործառույթների ցանկում է ներառել ու մտադիր է, ասենք, գյուղի մի անկյունում աշխատող կոշկակարին (որի մոտ շաբաթվա մեջ կարող է մեկը մի աշխատանք բերի կամ չբերի) անպայման հարկել: Արտոնագրային վճարների համակարգը ոչ թե պարտադիր է, այլ ըստ ցանկության: Դա հարկման այլընտրանքային առաջարկություն է: Իրավիճակը հետեւյալն է. մեր դիտարկումների համաձայն` այդ ինքնազբաղվածները որոշակի գումարներ վճարում էին (հնարավոր է` կրկնուսույցների համար այդքան էլ տիպիկ չէ իմ ասածը, ավելի շատ` մյուս ինքնազբաղվածներին), այսինքն` ինչ-որ մեկը գալիս նրանցից հարկի կամ անհարկի ինչ-որ գումարներ էր վերցնում: Խոսքը անպայմանորեն ու հատկապես հարկային տեսուչի մասին չէ, կարող էին նաեւ տարատեսակ համայնքային կամ պետական այլ գործակալություններից լինել: Այս մարդկանց առաջարկվեց ընտրել: Եթե կուզենան, թող իրենց կամքով վերցնեն արտոնագիր 6 ամսվա կամ 1 տարվա կտրվածքով ու վճարեն գումար, որի չափը ամբողջ տարվա համար կազմում է առավելագույնը` 60 հազար դրամ Երեւանում, իսկ նվազագույնը` 3600 դրամ` հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերում: Առանձին ու հատուկ հարկային մարմինները հետամուտ չեն լինելու իմանալու, թե արդյոք այդ արհեստավորը կամ այլ ծառայություն մատուցողը գրանցված է թե ոչ պետական ռեգիստրում, կամ արդյոք ներկայացրել է հարկային հաշվետվություններ ու վճարել իր հարկերը: Դա նշանակում է, որ կարելի է այդ առիթով կամ հիմքով բոլոր մոտեցողներին, պատկերավոր ասած, «ուղարկել գրողի ծոցը»: Եթե ինքն ուզում է ավելի հեշտ աշխատել` առանց վախի, առանց գլխացավի, նշանակում է` սա իսկապես առաջընթաց է: Ի դեպ, այս ուղղությամբ առաջարկություն ժամանակին ներկայացրել էին ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը, ԱԺ պատգամավորներ: Զարմանալիորեն այս փոքր հարցը մեծ աղմուկ բարձրացրեց:
– Այս կամավորության սկզբունքը գործելու է բոլորի՞ համար:
– Միայն եթե այդ արհեստավորների ու այլ ինքնազբաղվածների տարեկան շրջանառությունը նախորդող տարում չի գերազանցել 2.5 մլն դրամը: Եթե տարեկան շրջանառությունը 2.5 մլն դրամից ավելի է, ապա լավ կլինի, որ իրենք արդեն գրանցվեն որպես անհատ ձեռնարկատեր (եթե մինչ այժմ դա չեն կատարել) կամ ընկերություն բացեն: Այսինքն, այս մեղմ տարբերակը կամավորության սկզբունքով օրենքը առաջարկում է իսկապես շատ փոքրերին: 2.5 միլիոն կամ ավելի գումարի հարցում հակված ենք առաջնահերթորեն վստահել մարդկանց: Այնուամենայնիվ, եթե ակնհայտ տեղեկություն լինի, որ 2.5 միլիոն չէ, այլ էականորեն ավելի, ասենք թե 20 միլիոն է, բնական է, որ Հարկային ծառայությունը պետք է խառնվի ընթացքին: Շատ դեպքերում հնարավոր է, որ նույնիսկ ռեսուրս էլ չունենանք` գնալու մարդկանց հասցեները գտնելու, մեր ուժերն ուղղելով ավելի մեծ պոտենցիալ հարկերին հետեւելուն:
– Այսօր աշխարհի գրեթե բոլոր պետություններում նաեւ փոքր ու միջին բիզնեսի համար կառավարությունները թեթեւացնում են հարկային բեռը` տնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար: Սակայն Հայաստանում կարծես թե նման միտումներ չեն նկատվում: Ճիշտ հակառակը:
– Հարկային-հաշվապահական հարցերով Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի համար իրավիճակը շտկելու, թեթեւացնելու աշխատանքը սկսվել է դեռեւս 2008թ. ամռանը եւ հանգուցալուծվել օգոստոսին` ԱԺ-ի կողմից ՀՀ կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխությունների փաթեթի ընդունումով (եւ փաստորեն շարունակվել 2008թ. դեկտեմբերյանով): Այդ ժամանակ դեռ առանձնապես ճգնաժամի մասին էական «խոսակցություններ» չկային: Այս փոփոխություններում կարմիր թելի նման անցնում էր փոքր ու միջին բիզնեսի համար հնարավորինս ավելի մատչելի պայմաններ ստեղծելու գաղափարը: Եթե մենք սա արած չլինեինք, հաստատ իմացեք` տնտեսական դժվարությունները Հայաստանի համար ավելի ծանր կլինեին, քան թե հիմա կա: Այդ փաթեթով սահմանվել էր, որ Հարկային ծառայությունը այլեւս չի ակնկալում, նրա համար պետք չէ պատրաստել ու ներկայացնել ֆինանսական (այսինքն` հաշվապահական) հաշվետվություններ` եթե տարեկան շրջանառությունը 58 միլիոն դրամ շեմից ցածր էր: 2008թ. դեկտեմբերի 26-ին ընդունված մեկ այլ օրենքի` «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները նույնիսկ ավելի հեռուն գնացին` նախկինի 58 միլիոնի դիմաց ըստ էության առաջարկվեց 100 միլիոնի շեմը չանցածների համար նոր նորմ, այն է. մինչեւ 100 միլիոնի տարեկան շրջանառություն ունեցողների համար կսահմանվի մի շատ պարզ կանոնակարգ, որը փոխարինելու է ամբողջ հաշվապահական հաշվառման ստանդարտների փաթեթին (ավելի մեծ շրջանառություն ունեցողները հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներով արդեն պիտի հաշվառում վարեն): Այսինքն` օրենքը հիմա ասում է. 100 միլիոնից ներքեւ շրջանառություն ունեցողներով ես շատ հետաքրքրված չեմ, որ իրենց ստիպեմ այդ բարդ ֆինանսական հաշվետվությունները ներկայացնեն, հաշվապահական հաշվառումը վարեն միջազգային ստանդարտներով: Միայն թե հարկային գնահատումները եւ այլ տնտեսական ու քաղաքացիա-իրավական նպատակները ապահովելու համար գոնե ինչ-որ կանոնակարգով մի պարզ հաշվառում ունենան: Այդ կանոնակարգով ընդամենը կարող է պահանջվել մի 5-10 տողանոց բալանս ունենալ (այն արդեն սկսելու են մշակել կառավարության ստորաբաժանումներում), որ փոքր բիզնեսը ինքն էլ շատ չդժվարանա լրացնել առանց հաշվապահ պահելու: Իհարկե` շատ պետք է աշխատենք կառավարության տարբեր օղակներով ու ՓՄՁ-ին աջակցող կառույցներով, ինչպես ասում են` «գրատախտակով» շրջենք ամբողջ Հայաստանով: Ու մարդկանց բացատրենք, որ իմանան, լինի կանխատեսելի, ու չվախենան:
– Օգոստոսյան փոփոխությունների ժամանակ ներդրվեց այսպես կոչված «գործ տալու» ինստիտուտը: Այսինքն` եթե, ասենք, վաճառողը փաստաթուղթ (հաշիվ-ֆակտուրա) չի տալիս, գնորդը պետք է այդ մասին տեղյակ պահի հարկային մարմիններին: Բայց ՀԴՄ-ների տեղադրման դեմ բողոքող տոնավաճառների աշխատողները, օրինակ, ասում են, որ իրենք չեն կարողանում վաճառողներից որեւէ փաստաթուղթ ձեռք բերել:
– Հասկանում եմ խնդիրը: Միաժամանակ նաեւ կարծում եմ, որ տեղեկացված լինելու խնդիր էլ կա զուգահեռաբար: Այդ հարցում մենք էլ «մեղքի» բաժինն ունենք: Երբ 2008թ. հոկտեմբերից էականորեն ընդլայնված աշխատանքներ էին գնում ՀԴՄ-ների տեղադրման գծով, ապա աշխատում էինք տոնավաճառում հերթապահներ նշանակել, որ մարդկանց օգնեն, բացատրեն: Սակայն, հավանաբար, տնտեսավարողները (տոնավաճառներում, կամ, որ ավելի ճիշտ տերմին է` առեւտրի կազմակերպման վայրերում աշխատողները) այն ժամանակ դեռ շատ առարկայորեն չէին առնչվել սպեցիֆիկ խնդիրների հետ: Տոնավաճառի աշխատողները տոնավաճառի «տերերից» (կազմակերպչից) նույնպես պետք է պահանջեն հաշիվ-ֆակտուրա` տարածքի օգտագործման համար կատարած վճարումների դիմաց: Այդպիսի փաստաթղթավորման խնդիր կա նաեւ, փաստորեն, այդ աշխատողների այլ մատակարարների հետ: Նշեմ, որ տնտեսության մասշտաբով հարցը ուսումնասիրելու համար, այսինքն որպեսզի հասկանանք, թե ներկա փուլում փոքր եւ միջին բիզնեսի համար ինչն է խնդիրը` կապված այդ հաշիվ-ապրանքագրեր չպահանջելու կամ չստանալու հետ, մենք որոշեցինք հարցում անել նաեւ հենց այդ տոնավաճառների ներմուծողներին, Հայաստանում մեծածախ առեւտուր իրականացնողներին, ծառայություն մատուցողներին, մի խոսքով` բոլորին, նույնիսկ` նոտարներին: Այն արդեն ավարտված է (բոլոր մարզերում 500 մարդկանց հետ մանրամասն հարցազրույցներ են իրականացվել, ոչ Հարկային ծառայության աշխատողների կողմից եւ անանուն) եւ մոտ օրերս արդյունքները կամփոփենք, կլինեն օպտիմալացման առաջարկություններ, թե էլ ինչ կարելի է անել, որ աշխատող մարդիկ, ՓՄՁ-ն քիչ զբաղվեն թղթերով ու շատ ժամանակ մնա իրենց գործով զբաղվելու համար:
– Հարկային վարչարարության բարեփոխումների ծրագիր կար ՀՀ կառավարության կողմից հաստատված, 109 միջոցառումների ցանկով: Այդ ծրագրում խիստ կարեւորվել էր նաեւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գործարարությամբ զբաղվելը կանխարգելող օրենսդրական եւ վարչարարական մեխանիզմների ներդրումը: Սակայն այդ հարցում կարծես թե ոչինչ էլ չի փոխվել:
– Այդ հարցում ծրագիրը ընթանում է իր սահմանված ժամանակացույցով: Այժմ ավարտել ենք ուսումնասիրությունները եւ սկզբունքային լուծման տարբերակների քննարկման հիման վրա անմիջապես ներկայացվելու է օրենսդրական փոփոխության նախագիծ: Երկու իրարից էականորեն տարբերվող կարծիք կա աշխարհում: Մեկն ասում է` հետո ինչ, որ գործարարությամբ է զբաղվում, հարկերը տալիս է, ուրեմն խնդիր չկա: Երկրորդ կարծիքը, որին հակված է կառավարությունը, այն է, որ եթե մարդը գործարարությամբ է զբաղվում, չպետք է բարձր պաշտոններ զբաղեցնի, պետք է ունենանք պրոֆեսիոնալ պառլամենտ եւ այլ պետական կառույցներ: Հակառակ դեպքում մրցակցությունն է խաթարվում, արդարությունն է կորչում, դրա հետ էլ` հավատն ու վստահությունը, առաջ գնալու հնարավորությունը: Բառացիորեն երեկ քննարկում էինք ուսումնասիրության արդյունքները. նախնական նախագիծը մոտավորապես գնում է հետեւյալին. պետք է սկսել առնվազն դրա մասին բացահայտելով, դրա մասին ինֆորմացիա տարածելով, որ կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյան իր դիրքը չարաշահում է: Պետք է կարգավորված, կանոնակարգված ձեւով դա անել, սկսելով հստակ սահմանումներից: Դրանից հետո գալիս է վարչական տույժի ենթարկելու հարցը, որոշակի պաշտոնների դեպքում` անձեռնմխելիության դրույթի հետ աշխատելու հարցը, վարչական տույժ նշանակելու իրավասու մարմնի հարցը: Իհարկե, ինքնաբերաբար գործում է քաղաքական պատասխանատվության ինստիտուտը եւ այլն: Մի խոսքով` քննարկումները ընթացքի մեջ են եւ ինչ-որ նախագիծ մշակվելու է կառավարությունում (դա հատկապես հարկային հարց չէ)` հստակ մեխանիզմներով եւ աստիճանականությամբ: