Քոթոյի որջերը

24/01/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ինչպես հայտնի է, անցած տարվա հոկտեմբերի 24-ին Ստեփանավանի քաղաքապետ, Քոթո մականունով Սարգիս Ղարաքեշիշյանը վիճաբանության ընթացքում իրեն պատկանող «Դրախտ» ռեստորանային համալիրում «Վիկինգ» տեսակի ատրճանակից կրակել էր Արծրուն Հակոբյանի, Արթուր Աղաջանյանի եւ Արմեն Գրիգորյանի վրա: Ընդ որում, ինչպես քաղաքապետը, այդպես էլ այս երեք տղաները ՀՀԿ-ի եւ Ստեփանավան քաղաքի ավագանու անդամներ են:

Ի դեպ, քաղաքապետից հրազենային վնասվածք ստացած Արմեն Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիգորյանի հորեղբոր թոռն է:

Դեպքի առաջին օրերին Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը փորձում էր ներկայացնել, թե Ս. Ղարաքեշիշյանը պաշտպանվելու նպատակով է կրակել: Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ոչ թե պաշտպանվել, այլ հենց ինքն է առաջինը հարձակվել: Ի վերջո, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման ծանրությամբ մարմնական վնասվածք պատճառելու համար մեղադրանք առաջադրվեց նաեւ Ստեփանավանի քաղաքապետի նկատմամբ:

Սակայն մինչ հերթական այս գործը «կջրվի», Ստեփանավանի քաղաքապետը շարունակում է քաղաքի այգիներն ու շինությունները իր մտերիմների միջեւ բաժանելու գործը. Քոթոյին են պատկանում Ստեփանավանում ու հարակից գյուղերում գտնվող մի շարք օբյեկտներ: Ստորեւ ներկայացված լուսանկարներում պատկերված է Ս.Ղարաքեշիշյանին ու նրա մերձավորներին պատկանող ունեցվածքի` ամենեւին ոչ ամբողջական ցանկը:

Այս էլիտար շենքը Սարգիս Ղարաքեշիշյանը կառուցել է քաղաքապետ ընտրվելուց հետո: Ստեփանավանցիներն ասում են, որ թույլատրելի է եղել միայն 2 հարկերի կառուցումը, սակայն կառուցվել է 4 հարկ: Ընդ որում, չեն պահպանվել կառուցապատման համար անհրաժեշտ սեյսմակայունության չափանիշները:

Ստեփանավանցիները պատմում են, որ այս շինության պանելները քաղաքապետն իր վարորդ ոմն Սամվելի հետ ապամոնտաժել ու օգտագործել է իր անասնագոմի եւ ալրաղացի կառուցման համար: Այս գործով Ոստիկանության Լոռու մարզի քննչական վարչությունում 1 տարի առաջ քրեական գործ է հարուցվել, որի նախաքննությունը դեռ շարունակվում է:

Սա «Դրախտ» ռեստորանային համալիրն է, որտեղ էլ 2008թ. հոկտեմբերի 24-ին հնչել են այդ կրակոցները: Ի դեպ, նույն զենքով (զենքը նվիրել էր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը) Ս.Ղարաքեշիշյանը 2005թ. կրակել էր նաեւ Վարուժան Մովսիսյանին` նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Մեր տեղեկություններով՝ տուժող Մովսիսյանը Ստեփանավանի Ներքին գործերի բաժնի «Պահպանություն» միավորման կապիտան էր: Քրեական գործի պատասխանատվությունը Ղարաքեշիշյանի հորդորներով իր վրա էր վերցրել «Դրախտ» ռեստորանային համալիրի խոհարար Ռոբերտ Նավասարդյանը: Քաղաքապետն իր կապերով հասել է նրան, որ Ռ. Ներսիսյանը դատապարտվել է պայմանական ազատազրկման:

Այս շինությունը պատկանում է Ստեփանավանի դատախազ Գուրգեն Սաֆարյանին: Այն կառուցելու համար հատվել են 10-ից ավելի 35-40 տարեկան ծառեր, հանվել են երեխաների խաղահրապարակի կարուսելները: Այգու տարածքը դատախազին է հատկացրել Ս.Ղարաքեշիշյանը: Գ. Սաֆարյանը սկզբում վերահսկողություն էր իրականացնում Ղարաքեշիշյանի գործի նկատմամբ:

Իսկ սա Ս. Ղարաքեշիշյանին պատկանող «Լոռի» հյուրանոցային համալիրն է, որի կառուցման համար նույնպես հատվել են բազմաթիվ ծառեր: Ստեփանավանցիները պատմում են, որ Ղարաքեշիշյանը նշված հյուրանոցային համալիրը խոստացել է նվիրել ՀՀ Գլխավոր դատախազության հատուկ կարեւորագույն գործերով ավագ դատախազ Հեկտոր Սարդարյանին:

Այս շինության համար զբոսայգում ծառեր են հատվել: Հողը հատկացրել է Ղարաքեշիշյանը: Մեզ չհաջողվեց պարզել, թե ում է պատկանում շինությունը: