«Բարձրացել ենք, երբ գերխնդիր ենք ունեցել»

24/01/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Բեմադրիչ ու թատերագիր Խաչիկ Չալիկյանը «հարմարավետ» անձ չէ մեր իրականության մեջ, որտեղ կոմպրոմիսներն ու կեղծիքը գերակշռում են, որտեղ զարմանալի տարօրինակ մշակութային «սանդղակներ» են գծվում, որտեղ վարկանիշներ են ստեղծվում ու ամենաբարձր ամբիոններից հայտարարվում, որ մենք մշակութային լավ ծրագրեր ենք կյանքի կոչում։ Խ. Չալիկյանը դուրս է մնում բոլոր ցուցակներից ու սանդղակներից այն պատճառով, որ բեմական արվեստի պրոֆեսիոնալ է։ Եվ քանի դեռ մեր թատրոնն ու կինոն մնում են պերմանենտ հոգեվարքի վիճակում, նրան մնում է միայն, ինչպես ինքն է ասում՝ «կոնսերվացված ներկայացումներ» թղթին հանձնել։ Վերջերս նա ավարտել է «Սեւ ու սպիտակ ծիածան» ֆիլմը, որը նախատեսվում էր որպես թատերական ներկայացում, սակայն այլ ֆորմա է ստացել, գրել է «Անպոչ ճգնավորը» այլաբանական պիեսը։ Նրա եւ՛ ֆիլմը, եւ՛ պիեսները գրեթե անծանոթ են մնում մեզ։ Հարթակներն ու հասցեատերերը հիմա բավականին խեղաթյուրված են։

Խաչիկ Չալիկյանը միաժամանակ իդեալիստ է ու հոռետես։ Միգուցե հենց այդ պարադոքսի սահմանագծում էլ հենց կարող են ծագել այն գաղափարները, որոնք մեզ «օդի» պես հարկավոր են, եւ որոնք թույլ չեն տալիս մեզ երանելի ինքնախաբեությամբ արձանագրել, որ մեր իրականությունը առողջ ու տրամաբանական է։

– Անկեղծ ասած, ինձ համար շատ դժվար է ամեն առավոտ գլուխս բարձից բարձրացնել ու մտնել մի քաղաք, մի երկիր, որն իմը չէ։ Կարծում եմ` շատերը կհամաձայնեն ինձ հետ։ Ոչինչ չի ներշնչում, որ մենք պատմություն կրող ազգ ենք, որ ապրում ենք 21-րդ դարում։ Մենք կարծես ռեզերվացիայում ենք գտնվում։ Երբ ոչ մի չափանիշ չի գործում, երբ ամբողջ դաշտն աղավաղված է, սիրտ էլ չկա թատրոնի կամ կինոյի մասին խոսել։ Մինչդեռ հենց թատրոնն է երկրի գեղարվեստական կերպարի արտացոլքը։ Իսկ երբ կերպարը, «դեմքը» չկա, թատրոն էլ չի կարող լինել։ Ինձ շատ է հետաքրքրում, թե ո՞րն է մեր երկրի այսօրվա գեղարվեստական կերպարը։ Այսինքն, ո՞ր հոգեւոր հարթության մեջ ենք մենք մեզ տեսնում։

– Ինչպե՞ս է ստեղծվում երկրի գեղարվեստական կերպարը։ Եվ ինչպիսի՞ն է այսօրվա Հայաստանի կերպարը։

– Աշխարհում գեղարվեստական կերպարն այսօր ստեղծում է հեռուստատեսությունը։ Եկեք նայենք՝ ինչ ունենք… Քաղքենիության յուղի մեջ տապակվող, ստրկամիտ ու ստրկաբարո ալիքներ ունենք։ Եվ հենց այդպիսին է մեր երկիրն այսօր։ Իսկ հեռուստատեսությունը երբեք չի կեղծում, այն ցույց է տալիս միայն այն, ինչը կա։ Անհնար է ապրել մի կյանքով, բայց էկրանին այլ բան ցույց տալ։ Հեռուստատեսությունը բացահայտում է երկիրը։ Ռուսական հեռուստատեսությունից հասկանում ես, որքան ագրեսիվ է այդ երկիրը, Իտալիայի հեռուստատեսությունից զգում ես, թե որքան ջերմ ու մարդկային է այդ երկիրը։ Խոսքը հաղորդումների որակի մասին չէ, կարելի է խոտանով աշխատել, բայց կերպար ստեղծել։

– Միգուցե կերպարը պետք է հորինե՞լ։

– Կերպար հորինելու ամենակարճ ճանապարհը գեղարվեստական ճանապարհն է։ Լորկան ասել է, որ ճշմարիտ թատրոնը (իսկ այն ժամանակ հեռուստատեսություն չկար) շատ արագ կարող է շուռ տալ երկրի հոգեւոր նկարագիրը։ Էկրանը պիտի ցույց տա, որ մենք քաղաքակրթության կենտրոնում ենք, որ մեր գլխի վերեւում բարձր երկինք է, որ շենքերը ոգեղեն են, մարդիկ էլ գեղեցիկ են։ Երկիրն ու կերպարը պետք է ներդաշնակ լինեն։ Բայց նման կերպարի մասին խոսելն անիմաստ է, եթե նման երկիր ունենալու պահանջ չունենք։ Այդ պահանջը այսօրվա պահանջ պիտի լինի։ Իսկ մենք 21-րդ դարում փորձում ենք կռիվ տալ միջնադարի, այն էլ՝ աֆրիկյան հետամնաց միջնադարյան մի երկրի հետ։ Մենք պատկերացում անգամ չունենք, թե ինչպիսի՞ երկիր ենք ուզում ունենալ։ Թող շատ հավակնոտ հնչի, բայց համոզված եմ՝ մշակութային լուծումներ առաջարկելու համար հարկավոր է «մաքրել» ընդհանուր քաղաքական դաշտը։ Այդ դեպքում միայն մշակութային լիցքերը հասցեատեր կունենան։ Մեդալը միշտ երկու կողմ ունի։ Աստված իր տեղն ունի, կայսրը՝ իր։ Բայց մեր մեդալի երկու կողմերում էլ կայսրերն են։ Մեզ նման երկրներում մշակութային քաղաքականությունը կարող է միայն մեկ բանաձեւ ունենալ. այն պետք է փորձի ձեւավորել այն երկրի գեղարվեստական կերպարը, այն մոդելը, որը վաղը մենք կայացնելու ենք մեր քաղաքական դաշտում։ Եվ եթե մեր երազած երկրի տեսակի գիտակցումը բացակայում է մեր այսօրվա քաղաքական այրերի մոտ, դա նշանակում է, որ մշակույթը դառնում է ինքնանպատակ։ Երկրի արժանավայել գիտակցում է հարկավոր ձեւավորել, որը մեր օրերում իսպառ բացակայում է։ Տարբեր Մշակույթի նախարարների ու իշխանավորների մոտ հստակ գիտակցում կա, որ ժողովուրդը աղբ է սիրում, ու նրան պետք է աղբ «կերակրել»։ Դա է այսօրվա մշակութային քաղաքականության մոդելը։ Ուզում եմ հարցնել՝ իսկ ե՞րբ եք ժողովրդին կարգին կերակուր տվել, որից նա հրաժարվել է։

– Դա հռետորական հարց է։ Բայց կան, չէ՞, մարդիկ, որոնք թեկուզ ընդհատակում են, բայց իրոք արժեքավոր բան են ստեղծում։ Կամ էլ կարող են ստեղծել։

– Ես շատ եմ տխրում, երբ նման մարդկանց եմ հանդիպում, որովհետեւ նրանք դատապարտված են։ Երբ իմ ուսանողները լավ նյութեր են գրում կամ նկարահանում, ես ինձ հանցագործ եմ զգում, որովհետեւ ստացվում է, որ զոհեր եմ պատրաստում։

Իմ ֆիլմում ես փորձեցի այդ մասին այլաբանորեն ասել։ Երբ երկիրը օկուպացրել են տգետները, թշնամիները, ամենասարսափելի բանը մերկանալն է։ Թշնամիների առջեւ մերկացող մարդը, անկախ նրանից՝ նրա արածը ընդունվո՞ւմ է, թե՞ ոչ, ինքնասպանություն է գործում։

– Իսկ ի՞նչ է պետք անել։

– Բարձը քաշել գլխին, ականջները խցանել ու ապրել քո հորինած երկրում։ Ուրիշ տարբերակ չեմ տեսնում, որովհետեւ մշակույթ արարելը երեւակայությունից դուրս՝ անիմաստ է ու անհնար է։ Նախ պետք է երկիր կառուցել, հետո միայն՝ մշակույթի մասին մտածել։ Դատարկ տարածության մեջ մշակույթ չի ստեղծվի։ Շատերն են ասում, որ հոռետես եմ, ծայրահեղ եմ։ Բայց ես ինքս իմ հոռետեսությունը համարում եմ լավատեսության արտահայտություն։ Ախր ես զգում եմ իմ երկրի գեղեցիկ պահանջները, նրա ներուժը, եւ այդ ամենը չեմ կարողանում հաշտեցնել այն իրականության հետ, որը կա մեր շուրջը։ Մարդիկ կան, որոնք այս կեղծիքի մեջ ապրում, ստեղծագործում ու փորձում են գեղեցիկ բաներ ստեղծել, այսինքն՝ ուզում են հաշտ ապրել։ Նրանց ես ամենամեծ հոռետեսներն ու դավաճաններն եմ համարում։

– Հաշտեցման հակակշիռը հեղափոխությո՞ւնն է։

– Ամեն օր պետք է հեղափոխություն անել։ Հեղափոխությունը մի բան է, որը անընդհատ պետք է ներսում տեղի ունենա։ Իհարկե, հասկանում եմ, որ անիմաստ է բողոքելը, եթե դու որեւէ առաջարկ չունես։ Ես ինձ համար գտել եմ բանաձեւը՝ գրում եմ, փոքր պատկերներ եմ նկարահանում։ Անում եմ դա, որպեսզի կեղտը մեջիցս դուրս գա։ Թատրոնը ես փոխարինել եմ պիեսներով, եւ թղթի վրա եմ կոնսերվացնում իմ ներկայացումները։ Մինչդեռ վստահ եմ, որ մեր փրկությունը թատրոնից է սկսվելու։

– Միգուցե պետք է թողնել, որպեսզի շատ հայկական թատրոններ փտեն ու ինքնաբերաբար վերանան։

– Շատ թատրոններ առողջացնել չի ստացվի։ Նրանց մահը լավագույն ելքը կլինի։ Երբ խոսում ենք թատրոնի մասին, որոշ իմաստով արժեւորում ենք այն։ Բայց ինչպես կարելի է խոսել մի բանի մասին, որը չկա։ Հանգուցյալի մասին միայն լավ բաներ կարելի է ասել, կամ էլ ընդհանրապես խոսել պետք չէ։ Ինձ համար անհեթեթ է մեր մտավոր դաշտի չգոյությունը։ Այսօր՝ համատարած կեղծիքի պայմաններում, չկա մտավոր դաշտ, այսինքն՝ չկան այն մտավորականները, որոնց պարտականությունը ճշմարտություն գրելը կամ բեմադրելը պիտի լինի։ Չկան այն մտավորականները, որոնք ըմբոստանում են կեղծիքի դեմ։

– Քայլ առ քայլ, քարը քարին դնելով՝ չի՞ ստացվի կեղծիքը մաքրել։

– Մեր ազգը մի առանձնահատկություն ունի, որը մենք երբեք հաշվի չենք առնում։ Մենք երբեք չենք ապստամբել սոցիալական անարդարությունների դեմ, մենք միշտ ապստամբել ենք հոգեւոր հողի վրա։ Հիշենք թոնդրակեցիներին, պավլիկյաններին։ Այսինքն, մենք գլուխ ենք բարձրացրել այն ժամանակ, երբ գերխնդիր ենք ունեցել։ Իսկ երբ մեր առջեւ անցումային, չնչին պրոբլեմներ են լինում, մենք կամաց-կամաց սողունների ենք վերածվում։ Մեզ գերխնդիր է հարկավոր։ Եվ ի՞նչն է մեզ խանգարում՝ առանց ուրիշի (Եվրախորհրդի, Ռուսաստանի, սրա կամ նրա) ասածին հետեւելու, մեր առջեւ նման գերխնդիր դնել ու ասել, որ գեղեցկագույն մոդելի երկիր ենք կառուցում։ Եկեք որոշենք, որ արդար պետություն ենք կառուցում՝ հասկանալով, որ ուրիշ երկրներում արդարություն լինել չի կարող։ Եվ եթե նման գերխնդիրը մենք ծրագրային դարձնենք, հավատացնում եմ, որ հրաշքներ կգործենք։ Շատ բան հենց գիտակցական դաշտից է սկսվում։ Ես երկար տարիներ աշխատում եմ ուսանողների հետ ու համոզվել եմ, որ երբ նրանց ասում ես՝ քարը քարի վրա դիր, նրանք ոչինչ չեն անում։ Իսկ երբ նրանց առջեւ մեծ-մեծ խնդիր ես դնում, նրանք միանգամից «վառվում» են ու պատրաստ են լինում սարեր շուռ տալ։ Սա հային հատուկ գենետիկ մոտեցում է։ Մեզ մեծ շնորհ, փառահեղ առիթ է տրված, ու մենք կարող ենք հարեւանների գորշ ֆոնին հակադրվելով՝ մեր սեփական «ես»-ը կայացնել։ Պետք չէ անընդհատ քննություն հանձնել ու ապացուցել, որ Ադրբեջանից կամ Թուրքիայից լավն ենք։ Մեզ ավելի գլոբալ գաղափար է պետք, որպեսզի կարողանանք ապացուցել, որ մենք քննողներից էլ ավելի լավն ենք։ Դա անելը շատ իրատեսական է, քանի որ միանգամից ի հայտ է գալիս ոգեւորությունը։ Յուրաքանչյուր հայ՝ պարարտ հողի մեջ հայտնվելով՝ հրաշագործ է դառնում։ Բայց այս հողի վրա, այս անապատում ոչինչ ստեղծել չի կարող, որովհետեւ ոգեկոչող գաղափարներ չկան։ Արվեստի դաշտում էլ է այդպես։

– Իսկ եթե որոշենք, որ այսուհետ աշխարհի ամենալավ ու արդիական թատրոնն ենք ունենալու, կունենա՞նք այն։

– Ես ուզում եմ ունենալ ամենալավ թատրոնը, ամենալավ կինոն ու լավագույն նախագահը։ Եվ այդ հոգեբանությունը ինձ թեւեր է տալիս։ Գիտես, վերջերս ես Սունդուկյանի «Նոր Դիոգենես» պիեսի ենթադրյալ շարունակությունը գրելու փորձ արեցի։ Սունդուկյանը գրել էր շատ առողջ աբսուրդի պիես։ Ոչ մի քաղաքակիրթ դրամատուրգ չէր կարող նրա նման միամտություն ու մաքրություն ունենալ։ Եվ, բնականաբար է, որ այդ աբսուրդի պիեսը հիմա շատ արդիական է։ Ընդհանրապես արվեստը չի կարող ոչ ժամանակակից լինել։ Եթե արվեստ է, ուրեմն այսօրվա համար է։ Չէ՞ որ Լեոնարդոն այնքանով է հետաքրքիր, որքանով ժամանակակից է։ Թատրոնի խնդիրը թեմաները չեն, այլ՝ տեսակն է։ Թատրոնը պետք է արտահայտի այն, ինչը մեր շուրջը կա։

– Մենք ընդհանրապես սիրում ենք հիշել, սիրում ենք ասել, որ դարավոր մշակույթ ունենք։ Եվ մի կերպ ենք ապրում այսօրվա օրը։

– Հիշելու հակակշիռը վաղվա հանդեպ ունեցած հավատն է։ Եթե այդ ներդաշնակությունը չկա, մարդը լիարժեք լինել չի կարող։ Իսկ այսօր մեր մթնոլորտում տագնապի, դաժանության սպասում կա։ Եվ դա նշանակում է, որ անցյալի կարոտը հավասարակշռված չէ վաղվա հավատով։ Մարդիկ հիմա անօդ տարածության մեջ կախված վիճակում են ապրում։ Մենք ուղղակի զրոյի մեջ ենք ապրում։ Պետք չէ մոռանալ, որ ցանկացած երեւույթ նախ իրականանում է հոգեւոր դաշտում, հետո միայն՝ իրականության մեջ։ Չի կարելի սկսել նյութականից, այդ ճանապարհը փակուղի է տանում։ Մեր իշխանությունները համարում են, որ մեր բոլոր դժբախտությունների հիմքում տնտեսական, նյութական միջոցների բացակայությունն է։ Նրանք ուզում են մրցունակ երկիր կառուցել։ Եվ նրանց թվում է, որ եթե մենք կարողանանք մրցել Արաբական Էմիրաթների կամ Ադրբեջանի հետ, մեր բոլոր պրոբլեմները կվերանան, ու մենք քաղաքակիրթ երկրների շարքում կհայտնվենք։ Իրականում մեզ հիմա շատ է խանգարում մեր իսկ հիշողությունը։ Եթե հիշողություն չունենանք (հավատ էլ չունենք), ավելի հանգիստ ու հեշտ կապրենք։

– Եթե փորձենք գոնե փոքր-ինչ լավատես լինել, ինչի՞ վրա պիտի հենվենք։

– Կասեմ պարադոքսալ մի բան՝ ի՜նչ լավ է, որ այսօր ամեն ինչ կեղտոտ ու պղտոր է։ Հիմա ամենամեծ արժեքը դարձել է համատարած դժգոհությունը։ Ի վերջո, երբ հասարակության հուսահատությունը անցնում է տրամաբանության սահմանը, տարօրինակ ոգեւորություն է սկսվում։ Եվ ճիշտ են ասում, որ թրթուրի մահը թիթեռի ծնունդի սկիզբ է դնում։ Կրիտիկական զանգվածը կարող է այլընտրանքային մտավոր դաշտ ստեղծել։ Չեմ կարող ասել, թե միտք ունեցող մարդիկ ինչպիսի միավորի շուրջը կարող են համախմբվել, բայց դա անելը հաստատ հարկավոր է։ Մշակույթի յուրաքանչյուր ոլորտ պետք է այլընտրանքային մարդիկ թափանցեն։ Միգուցե դա պետք է արվի 1-2 րոպեանոց հեռուստահաղորդումների միջոցով, որպեսզի կաթիլ առ կաթիլ մեզ մոտ պատկերացում ստեղծվի, որ կարող ենք այլընտրանքային կերպար ունեցող երկիր ձեւավորել, եւ ինքներս էլ ապրենք այդ երկրում։ Վերջիվերջո, որքա՞ն կարելի է «փքված» իրականություն ստեղծել ու որպես գաղթական ապրել սեփական հողի վրա։ Թող կոպիտ հնչի, բայց հարկավոր է վերկուսակցական մշակութային կուսակցություն ստեղծել ու փոքր ներկայացումներով, ֆիլմերով ու հաղորդումներով այսօրվա Հայաստանի տգետ կերպարին նոր երկիր ձեւավորել։