Ֆոտոճակատագրեր

03/07/2005

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնի սրահում Լրատվամիջոցների կովկասյան
ինստիտուտի եւ World Vishion միջազգային բարեգործական կազմակերպության
աջակցությամբ բացվեց «Աղքատությունը Հայաստանում» լուսանկարների
ցուցահանդեսը: Լուսանկարիչներ Գերման Ավագյանն ու Ռուբեն Մանգասարյանը,
բացի լուսանկարներից, պատրաստել էին նաեւ DVD ֆոտոֆիլմեր, որտեղ
լուսանկարները հաջորդում էին իրար եւ իրենց ստատիկ պատկերների
հաջորդականությամբ եւ տպավորիչ երաժշտության ուղեկցությամբ դառնում փոքրիկ
պատումներ մարդկանց մասին:
Ցուցադրվող աշխատանքներում պատկերված են եւ ծայրահեղ աղքատության
պայմաններում բնակվող ընտանիքներ, եւ ծեր ու անօգնական մարդիկ,
հաշմանդամներ, մանկատան սաներ: Լուսանկարները տարբեր վայրերում եւ տարբեր
տարիների են արված: Սառած հայացքներ, սպասող աչքեր, սովից ոսկոր կրծող
երեխաներ, հարազատներից վտարված եւ իշխանության կողմից անուշադրության
մատնված ծեր եւ անպաշտպան մարդիկ… Անպետք մարդիկ: Որոշ իմաստով՝
լուսանկարելով կարիքավոր մարդկանց, լուսանկարիչն ինքն էլ է պատասխան տալիս
նրանց ապագայի համար: Եվ լուսանկարներին նայող մարդիկ էլ են կիսում այդ
պատասխանատվությունը:
Լուսանկարիչ Գերման Ավագյանի համար միշտ կարեւոր է եղել իր լուսանկարների
հերոսներին օգնելն ու աջակցելը: «Ես իմ աշխատանքը իմաստավորված եմ
համարում, երբ կարիքավոր մարդկանց օգնություն է հասնում: Թերթում կույր
տղայի լուսանկարը տպագրելուց հետո, օրինակ, մեծ արձագանք եղավ՝ մարդիկ
ձայներիզներ եւ մագնիտոֆոն էին նվիրում նրան: Մանկատան սանին կոշիկ եւ
հագուստ տվեցին»,- ասաց նա: Ռուբեն Մանգասարյանը շատ է կարեւորում
մարդկանց իրազեկումը: «Ես հաճախ, լուսանկարելով մարդկանց, տեսնում եմ, որ
նույնիսկ նույն գյուղի բնակիչները տեղյակ չեն լինում, թե ինչպես են ապրում
իրենց հարեւանները: Կարծում եմ, որ այս ցուցահանդեսը կօգնի մարդկանց
տեսնել»,- ասաց նա:
Ֆոտոցուցահանդեսը շրջելու է Հայաստանի տարբեր քաղաքներում եւ ներկայացնելու է աղքատության ներկայիս վիճակը:

Ն.Հ.