Դդումից պատրաստված ուտեստները ոչ միայն համեղ են, այլեւ շատ օգտակար: Օրինակ, հում դդումն օրգանիզմից հեռացնում է խոլեստերինի ավել քանակությունը: Դդումի հյութն օգնում է ցանկացած տեսակի այտուցներին: Երեկոյան քնելուց առաջ խմած 1 թեյի գդալ մեղրով կես բաժակ հյութը նպաստում է հանգիստ քնին ու ինքնազգացողությանը: Սրա կորիզներից ու միջուկից պատրաստած կոմպրեսները շատ լավ են այրվածքներին: Նույնիսկ դդումի պոչիկը դեն չեն նետում: Այն շատ լավ օգնում է ատամի ցավին` դրանով պատրաստած թեյով ատամները ողողելուց հետո: Գրեթե բոլորը գիտեն, թե դդումի կորիզներն ինչքան օգտակար միջոց են ճիճվակրության դեպքում:
Մեղրով ու դդումով պատրաստվում է հետաքրքիր դեղամիջոց, որը լավագույնս մաքրում է ամբողջ օրգանիզմը: Դրա համար անհրաժեշտ է միջին չափի դդումի կափարիչը կտրել ու հանել: Կորիզներից մաքրելուց հետո դդումի մեջ մինչեւ կեսը լցնել մաքուր մեղր, փակել կափարիչով, իսկ հերմետիկության համար պատել խմորով ու 40 օր դնել սառը տեղում` ոչ սառնարանում: 40 օր հետո մեղրն ու դդումի միջուկը միատարր զանգված են դառնում: Ստացված հյութը քամել ու խմել առավոտյան ուտելուց 20 րոպե առաջ` սուրճի բաժակով: Իսկ դդումի կորիզները հանելուց հետո լցնել տարայի մեջ ու վրան լցնել ձեթ՝ այնքան, որ կորիզները ծածկվեն ձեթով: Տարան փակել ու դնել մութ տեղում` 2 շաբաթ: Այնուհետեւ օգտագործել ամեն առավոտյան ուտելուց առաջ, 1 թեյի գդալ` ճիճվակրության համար:
Դդումի հում հյութը խորհուրդ է տրվում խմել շագանակագեղձի բորբոքում ունեցող հիվանդին` օրը 2 անգամ 0,5 բաժակ:
Աղիների եւ լյարդի աշխատանքը կարգավորելու համար խորհուրդ է տրվում 1 թեյի բաժակ դդումի քամած հյութին խառնել 1ճ/գ անարատ մեղր եւ կես լիմոնի հյութ, եւ խմել ամեն առավոտ, սոված ստամոքսին` ուտելուց 40 րոպե առաջ: Խմել մեկ ամիս շարունակ:
Բանջարեղենով շոգեխաշած դդում
Այս ճաշատեսակը պատրաստելու համար անհրաժեշտ է 300 գ դդում, 2 լոլիկ, 1 պղպեղ, 2 կարտոֆիլ, 100-200 գ թթվասեր, մի քիչ կարագ եւ աղ՝ ըստ ճաշակի:
Մանր խորանարդիկներով կտրատված դդումը տապակել կարագով, այնքան, որ կիսապատրաստ լինի: Այնուհետեւ լցնել պղնձի մեջ, ավելացնել թթվասերը, նախօրոք տապակած մեկ լոլիկն ու պղպեղը: Դդումի փափկելուց հետո ավելացնել նախօրոք տապակած կարտոֆիլն ու զգույշ խառնել ու համեմել աղով: Մատուցելիս կարելի է համեմել կանաչիով: