Առաջին անգամ «դեժավյու» տերմինն օգտագործվել է ֆրանսիացի հոգեբան Էմիլ Բուարակի կողմից, իր` «Ապագայի հոգեբանություն» աշխատության մեջ: Ֆրանսերենից dռjՈ vu թարգմանաբար նշանակում է` արդեն տեսած: Գիտնականն այսպես է բնութագրել այն զգացողությունը, երբ մարդուն թվում է, թե նախկինում արդեն եղել է այս կամ այն իրադարձության մասնակիցն ու վկան:
Բոլորի հետ էլ նման անսպասելի կարճատեւ երեւույթներ պատահում են: Բացի այդ, նման պրոցեսի հաճախականությունն ավելի մեծ է որոշակի տարիքային խմբերի համար: Առավել շատ, սակայն, դեժավյուի զգացողություն ունենում են 14-18 եւ 30-40 տարեկանները: Դեռահասների մոտ դրա արտահայտման պատճառը բավարար փորձի պակասն է ու գերզգայունությունը: Իսկ ահա միջին տարիքի մարդկանց մոտ այն սկսում է կրել նոստալգիկ բնույթ: Բժիշկները համոզվել են, որ էպիլեպսիայով հիվանդները դեժավյուի սինդրոմով 2 անգամ ավելի են տառապում, քան սովորական մարդիկ: Իհարկե, երեւույթի շուրջ առաջացած բազում հարցերը դեռ չեն գտել իրենց վերջնական պատասխանները ոչ հոգեբանների, ոչ էլ այլ մասնագետների կողմից: Հայտնի հոգեվերլուծաբան Զ. Ֆրեյդն այս երեւույթը համարում է ենթագիտակցական ֆանտազիաների արդյունք: Իսկ ահա հոգեբան Գերման Սնոնի կարծիքով` այն մեր ուղեղում տեղի ունեցող ներկայի ու անցյալի զուգահեռ վերլուծությունն է: Ոմանք էլ գտնում են, որ անծանոթ վայրերում կամ իրադարձություններում ներկա են եղել պարզապես երազների միջոցով: Իսկ սնահավատներն ընդհանրապես գտնում են, որ իրենց հոգիներն արդեն եղել են ապագայում: Իսկ երբ մի քանի տարի հետո երազները կատարվում են, նրանք զարմանքով հիշում են անծանոթ իրավիճակն ու վայրը:
Իսկ ահա հոգիների վերակենդանացմանը մի այլ մարմնում` ռեինկարնացիայի թեորիայի կողմնակիցների համար դեժավյուն եւս մի ապացույց է: Հին հունական փիլիսոփայական ու գրականագիտական աշխատությունների մեջ կարելի է հանդիպել 1000-ից ավելի պատմությունների, որոնցում մարդիկ պատմում են, որ իրենք նախկինում ապրել են այլ դարաշրջանում ու բոլորովին այլ կերպարով: Օրինակ` Պյութագորասը ենթադրում էր, որ ինքը նախկին կյանքում աքլոր է եղել: Շվեյցարացի հայտնի փիլիսոփա-հոգեբան Կարլ Յունգն առաջին անգամ այս զգացողությունն ունեցել է 12 տարեկանում, եւ դրանից հետո նա համոզված էր, որ ինքը զուգահեռաբար ապրում է նաեւ 18-րդ դարում: Դեժավյուի դեպքեր նկարագրել են նաեւ Ջեկ Լոնդոնն ու Կոնան Դոյլը: Հայտնի «007 գործակալ» Շոն Քոներին գտնում է, որ ինքը նախկին կյանքում եղել է աֆրիկյան ցեղերից մեկի բժիշկը: Կիանու Ռիվզը հավատացնում է, որ ինքը պարուհի է եղել: Իսկ ահա երգչուհի Մադոննան իր հարցազրույցներից մեկում պատմում է, որ երբ առաջին անգամ ոտք է դրել Պեկինի կայսերական պալատ, իրեն թվացել է, թե գիտի պալատի յուրաքանչյուր անկյունն ու գաղտնարանը:
Ոմանք էլ պնդում են, որ «արդեն տեսածի» զգացողությունը հանդիսանում է գենետիկական հիշողություն: Այս դեպքում այն բացատրվում է նախնիների կյանքի հիշողությամբ: Հոգեբանները նաեւ ենթադրում են, որ դեժավյուն մարդու սովորական ինքնապաշտպանական ֆունկցիա է: Երբ մարդն ընկնում է անծանոթ միջավայր, ինքն իրեն լավ զգալու համար, մեքենայաբար սկսում է փնտրել ծանոթ իրեր կամ դեմքեր` այս ձեւով հաղթահարելով ստեղծված հոգեբանական սթրեսը:
Հետազոտություններից մի քանիսն էլ ցույց են տվել, որ արհեստականորեն կարելի է «դեժավյու» առաջացնել` հիպնոսի կամ քունքերի մասում անցկացվող էլեկտրաստիմուլյացիայի միջոցով:
Բայցեւայնպես, գիտնականներին հաջողվել է գոնե գտնել, թե այս երեւույթի ժամանակ գլխուղեղի որ հատվածներն են աշխատում: Բանն այն է, որ ուղեղի տարբեր մասերը հիշողության որոշակի հատվածի համար են պատասխանատու: Ճակատային մասը պատասխանատու է ապագայի համար, քունքային հատվածը պատասխանատու է անցյալի համար, իսկ ուղեղի հիմնական մասը պատասխանատու է ներկայի համար: Այս դեպքում տարօրինակ զգացողություններ կարող են առաջանալ, երբ մենք սկսում ենք մտածել ու անհանգստանալ ապագայի մասին:
Իհարկե, թվարկված տարբերակներից ամենահավանականն ու իրականությանը մոտն այն է, որ հիշողության մտապատկերներն անցյալի մտապատկերներն են, իսկ դրանցից կազմված երեւակայական պատկերները հայտնվում են ապագայի մեջ: Ահա թե ինչու ենք մենք հայտնվում մի իրադարձության մեջ, որում չենք գտնվում կամ մասնակից չենք: Ուրեմն երեւակայորեն այն կառուցել ենք մեր հիշողության շնորհիվ:
Գիտնականներից շատերը գտնում են, որ դեժավյուի պահին, այն, ինչը մենք համարում ենք անցյալ, ներկա եւ ապագա, մեկ վայրկյանում խառնվում են եւ հոգեկան առողջության տեսանկյունից կարող են հասցնել խելագարության, որովհետեւ մարդու կյանքի անցած էտապը չի կարող վերակենդանանալ:
Այնուամենայնիվ, չի կարելի ասել, թե դեժավյուն ծանրագույն հիվանդություն է, ու անհանգստանալ դրա համար: Այն երեւույթ է, որը յուրաքանչյուրիս հետ էլ պատահած կլինի գոնե 1-2 անգամ: