«Ցմահ ազատազրկման եմ դատապարտված չարածս հանցագործության համար»

24/01/2009

Ցմահ ազատազրկման եմ դատապարտված չարածս հանցագործության համար: Եվ դա՝ այն դեպքում, երբ հանցագործության կատարմանն իմ չմասնակցությունն ապացուցված է:

Այն, որ հանցագործությունը կատարվել է այլ անձի կողմից, վկայում է՝

1) դեպքին ականատեսների արած վերարտադրությունից կազմված ֆոտոռոբոտը,

2) հանցագործին դեպքի վայր տարած տաքսու վարորդի ցուցմունքն այն մասին, որ հանցագործին կճանաչի անգամ տասը տարի անց, եւ որ հանցագործը ամբաստանյալը, այսինքն՝ ես չեմ:

Այն, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդումից հանցանքը կատարող անձին պարտակել է, հաստատում է դեպքին նրա առնչությունը վկայող գործով ձեռք բերված տվյալները թաքցնելը: ՀՀ Գլխավոր դատախազությունում քրեական գործի նյութերից հանվել են հետեւյալ ապացույցները՝

ա) դեպքի վայրի զննությամբ առգրավված պարկուճները,

բ) հանցանքը կատարած անձի մատնահետքերի դրոշմային դակտոժապավենները,

գ) այն արձանագրությունը եւ համապատասխան տեսաժապավենը, որը դիտարկելիս վկա Վարդան Խաչատրյանը ճանաչել է հանցագործին:

Թիվ 12207102 քր.գործը դարձել է ՀՀ Գլխավոր դատախազության մանիպուլյացիաների առարկան: Գործում (հանած եւ դրված) վերադասավորված եւ վերախմբագրված են նյութեր 200 գործ թերթ քանակությամբ:

Քրեական գործին վերադարձնելու համար Գլխավոր դատախազությունից իր գողացած նյութերը պահանջելու հարցը բարձրացնելով՝ միջնորդություններ եմ ներկայացրել Առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարաններ: Միջնորդությունները չեն քննարկվել:

Նույնաբովանդակ բողոքներ եմ ներկայացրել պետական իրավասու մարմիններին, պաշտոնատար անձանց: Բողոքները մնացել են առանց հետեւանքի:

Ի հեճուկս ՀՀ քր. դատ.օր. 17 հ-ի 4-րդ մասի պահանջների՝ քրեական հետապնդման մարմինն ամեն ինչ արել է, որ իմ ԱԼԻԲԻՆ հաստատող փաստաթղթերը չկազմեն սույն քրեական գործի նյութերի մաս, իսկ դատարանն ապահովել է դրանք հետազոտելուն խոչընդոտող միջոցներ:

Դեպքի պահին՝ 2002 թ. հունիսի 24-ին ես ՀՀ տարածքում չեմ գտնվել (եղել եմ Ուկրաինայում): Իմ ալիբիի հանգամանքն ապացուցվում է Ուկրաինայի Դատախազությունում հարուցված եւ քննված թ. 01710009 քր.գործով:

«Լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին» գործով կայացված եւ օրինական ուժի մեջ մտած դատական թ. 14-10-05 որոշմամբ՝ դատարանը Գլխավոր դատախազությանը պարտավորեցրել էր սույն քր.գործին միացնելու համար Ուկրաինայի Դատախազությունից պահանջել թ. 01710009 քր.գործը: Երբ վերը նշված գործն Ուկրաինայից ստացվել եւ արտադատավարական վարույթով ուսումնասիրվում էր Գլխավոր դատախազությունում, 02.02.2006-ին ես միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Ա . Հովսեփյանի անունով՝ խնդրելով նշված գործում ստուգել իմ ԱԼԻԲԻՆ. Միջնորդությունը թողնվել է անպատասխան: Միացնելու համար ստացված թ. 01710009 քր. գործը դատարանի որոշման պահանջների խախտմամբ հետ է ուղարկվել Ուկրաինա:

Իմ ալիբին ստուգելու եւ սույն քր.գործին միացնելու համար Ուկրաինայի դատախազությունից թ. 0171009 քր.գործը վերապահանջելու խնդրանքով Առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարաններին ներկայացրածս միջնորդությունները չեն քննարկվել:

Համոզվելով, որ գործով վարույթն իրականացրած ՀՀ դատաիրավական համակարգի բոլոր մարմինները հետեւողականորեն ոտնահարում են իմ պաշտպանության իրավունքը, փաստաբանի միջոցով դիմել ենք Ուկրաինայի Դատախազություն՝ իմ ալիբին ապացուցող թ.01710009 քր.գործը պատճենելու եւ այդ գործի նյութերին ծանոթանալու թույլտվության խնդրանքով:

Պարզվում է՝ Ուկրաինայի Դատախազության թ.01710009 քր.գործը ՀՀ Դատախազության կողմից ենթարկվել է նույնատիպ խոշտանգումների, ինչ թ. 12207102 քր.գործը:

Ուկրաինայի Դատախազությունից ստացված ցնցող գրության մեջ նշված է. «Գործը ՀՀ Գլխավոր դատախազությանը հանձնված ժամանակ գործից նյութեր են կորել, եւ այդ կապակցությամբ ՀՀ Գլխավոր դատախազությունում կատարվել է ծառայողական քննություն: Ծանոթանալու նպատակով գործը ձեզ տրամադրել չենք կարող»:

Իմ շահերը պաշտպանող փաստաբան Լ. Սիմոնյանը 21.12.2008 թ. դիմում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելով հայտնել վերը նշված ծառայողական քննության արդյունքում Դատախազության ընդունած որոշման բովանդակությունը:

21.12.08 թ. դիմումի վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազությունից որեւէ պատասխան չի ստացվել:

Խնդրում եմ ձեր օգնությունը.

1. բացատրություններ պահանջել ՀՀ Գլխավոր դատախազությունից թ.12207102 եւ 01710009 քր.գործերից նյութեր գողանալու փաստի առթիվ,

2. պարտավորեցնել վերադարձնել գողացած նյութերը,

3. հնարավոր միջոցներ ձեռնարկել հատուկ հանդգնությամբ եւ բացառիկ ցինիզմով խախտված օրինականությունը եւ արդարությունը վերականգնելու համար:

Կանխավ շնորհակալ եմ:

Ցմահ ազատազրկման դատապարտված

ԱՐԱՐԱՏ Մուրադխանյան