Հայ կանայք ՄԱԷ-ում անգլերեն կարող են պատասխանել միայն «How much?» հարցին

03/07/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Անապատի գիշերներում» ֆիլմը լրագրողական հետաքննություն է, այնտեղ բարձր
արվեստ մի փնտրեք»,- ասաց ֆիլմի հեղինակ, «Հետք»-ի նախագահ Էդիկ
Բաղդասարյանը: Այս ֆիլմը մեկ տարվա հետաքննական աշխատանքի արդյունք է:
Հետաքննվել են հայ կանանց Արաբական Էմիրություններում հայտնվելու եւ
մարմնավաճառությամբ զբաղվելու պատճառներն ու այդ երկրում հայտնվելու
ճանապարհները: Երեք անգամ լինելով ՄԱԷ-ում՝ լրագրողներ Էդիկ Բաղդասարյանն
ու Արա Մանուկյանը հավաքել են հարուստ արխիվ: Ֆիլմի նյութ է դարձել
նկարահանումների միայն 10%-ը, սակայն հանդիսատեսը արաբական
սեքս-ինդուստրիայի եւ հայ կանանց ճակատագրերի մասին ամբողջական
պատկերացում է ստանում: Որքան հայ կին է այնտեղ աշխատում, հստակ պարզել չի
ստացվել: Սակայն պարզ է, որ հիմնական պատճառը փողն է: Իրական «զոհերը» քիչ
են, կանանցից շատերը լավ գիտակցում են՝ ինչի են գնում, եւ
մարմնավաճառությամբ են զբաղվում սեփական կամքով: Լինելով ազատ տնտեսական
գոտի՝ ՄԱԷ-ն թույլ է տալիս արագ փող աշխատել նաեւ սեքս բիզնեսում: «ՄԱԷ-ն
փողերի լվացման կենտրոն է: Իսկ սեքս բիզնեսն այնտեղ ծաղկում է
ոստիկանության աչքի առաջ»,- ասաց Է. Բաղդասարյանը: Մարմնավաճառության
բիզնեսի մեջ հայ կանանց ներգրավվածությունը պարզ է դառնում նաեւ ՄԱԷ-ից
Հայաստան փոխանցվող գումարներից: Վերջին չորս տարվա ընթացքում այդ գումարը
գերազանցել է 19 մլն ամերիկյան դոլարը: Այդ փողերի հիմնական հոսքը սեքս
բիզնեսից ստացված շահույթն է: Կանանց ճակատագրերը եւ նրանց
բացատրությունները տարբեր են, սակայն նրանցից քչերն են պատրաստ տուն
վերադառնալ: Ֆիլմի ամենաազդեցիկ եւ հուզող խոսքերը հայուհիները չեն ասում,
այլ սեւամորթ տանզանուհի մի կին: «Ես ատում եմ իմ աշխատանքը, սակայն ոչինչ
փոխել չեմ կարող՝ ես հայրենիքում երեք երեխա ունեմ, եւ պետք է նրանց
հագուստի եւ դպրոցի վարձ ուղարկեմ: Հաճախ կլիենտ չեմ ունենում: Հիմա
մտադրություն ունեմ իմ 15-ամյա քրոջն էլ այստեղ բերել»,- ասում է նա:
Ֆիլմի նկարահանումները ֆինանսավորել է ամերիկացի մի գործարար, ում անունը
հեղինակները չեն նշում, քանի որ ըստ ՄԱԷ օրենքների՝ կարող է հանկարծ ինքն
էլ հետապնդման թիրախ դառնալ: Ոչ մի օտարերկրացի չի կարող ՄԱԷ քաղաքացի
դառնալ եւ այդ պատճառով էլ ոչ ոք ապահովագրված չէ հետապնդումներից: Ֆիլմն
անպայման լայն արձագանք կունենա: Իհարկե, յուրաքանչյուր լրագրողի նման՝
ֆիլմի հեղինակներն էլ են ունեցել սեքս բիզնեսի մասին բաց եւ անթաքույց
խոսելու գայթակղություն, սակայն աշխատել ենք չխախտել էթիկայի կոդեքսը՝
կանանց ձայները փոխված են, իսկ դեմքերը՝ քողարկված: Ամեն դեպքում՝
սենսացիայից ավելի թանկ են համարվել մարդկային ճակատագրերը: «Կանանցից
շատերը Հայաստանում ընտանիքներ ունեն, եւ ընտանիքի անդամները չգիտեն, թե
ինչով են նրանք զբաղվում: Ինչպե՞ս կդասավորվեն նրանց ճակատագրերը
վերադառնալուց հետո. պարզ չէ: Մենք փորձել ենք առավելագույնս զգույշ
լինել»,- ասաց Է.Բաղդասարյանը, ով այժմ սպասում է իրավապահ մարմինների
արձագանքին: Ինչո՞ւ է կավատների մեծամասնությունը Էջմիածին քաղաքից,
ինչո՞ւ են կավատները դատական քննություն անցնելուց հետո մեղմ դատավճռի
արժանանում, ինչո՞ւ Ինտերպոլով հետախուզվող վեց հայ կանանց գտնել չի
ստացվում, եթե նույնիսկ լրագրողները գիտեն նրանց գտնվելու վայրը: Այս
հարցերը բաց են մնում: Իսկ փորձառու լրագրող Է. Բաղդասարյանը լավ
գիտակցում է, որ «իսկական լրագրողը երբեք չպետք է իրավապահ մարմինների հետ
համագործակցի», այլ միայն իր հետաքննության արդյունքները ներկայացնի: