ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը տիկնոջ՝ Լորայի հետ երեքշաբթի երեկոյան վերադարձել է Տեխասի նահանգ, որտեղ Միդլենդում հանդիպման հանդիսավոր արարողության ժամանակ նրանց դիմավորել է ավելի քան 25 հազար մարդ: Միդլենդում է անցել Բուշի մանկությունը, եւ այն տանը, որտեղ նա մեծացել է, այժմ բացվել է «Ջորջ Բուշի մանկության թանգարանը»: Միդլենդում է Բուշը ծանոթացել իր ապագա տիկնոջ՝ Լորայի հետ, եւ ութ տարի առաջ՝ 2001 թ. հունվարին, այս քաղաքում են տեխասցիները պաշտոնապես Վաշինգտոն ճանապարհել ԱՄՆ նոր նախագահին: «Ես շատ շնորհակալ եմ ձեզ բոլորիդ, որ եկել եք մեզ ողջունելու մեր տուն վերադառնալու կապակցությամբ»,- հավաքվածներին հայտարարել է Ջորջ Բուշը` նշելով, որ միշտ արել է այն, ինչ ճիշտ է համարել: «Իմ որոշումների դատավորը կլինի պատմությունը»,- ասել է նա: Միդլենդի արարողությունից հետո Բուշը մեկնել է Ուեկո, որտեղ նրան դիմավորել է ավելի քան 3 հազար մարդ: Ուեկոյից Բուշն ուղեւորվել է Քրոուֆորդի մերձակա իր ռանչոն: Այդ ռանչոյից բացի՝ Ջորջ եւ Լորա Բուշերն այժմ նոր տուն ունեն Դալլասի ամենահեղինակավոր շրջաններից մեկում, որտեղ տեղական համալսարանի տարածքում Բուշը ծրագրում է բացել իր նախագահական գրադարանը, իր նախագահության թանգարանը, ինչպես նաեւ՝ քաղաքագիտական կենտրոն: Վերջինի բացումը նախատեսված է 2013 թվականին: