Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին դիմում է հղել` կից ներկայացնելով երեք տեսասկավառակ, որոնք փաստում են Ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվող ոչ իրավաչափ գործողությունները: Ըստ Մարդու իրավունքների գրասենյակի, նշված խնդրի առնչությամբ Արմեն Հարությունյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: «Նկատի ունենալով, որ դիմումում բարձրացված հարցերի` ըստ էության լուծումը ենթակա է Ոստիկանության իրավասությանը, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքում նշված փաստերի ստուգման եւ լուծման նպատակով Ձեր քննարկմանն եմ փոխանցում Լ. Զուրաբյանի դիմումը` համապատասխան ընթացք տալու համար: Քննարկման արդյունքների մասին խնդրում եմ գրավոր տեղեկացնել ինչպես ինձ, այնպես էլ դիմումատուին»,- Ոստիկանության պետին ասել է պաշտպան Ա.Հարությունյանը: