Մինչեւ վերջանան

24/01/2009

«Էժան փողի քաղաքականությունը Հայաստանի համար նախընտրելի ուղի չէ՝ որպես համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությանը դիմակայելու տարբերակ»,- երեկ հրավիրված ասուլիսում ասել է ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ նշելով, որ ազգային արժույթի թուլացումը դոլարի նկատմամբ կարող է հանգեցնել գնաճի, ինչին Հայաստանի բնակչությունը պատրաստ չէ, ուստի դա արվում է ի շահ ժողովրդի: Այսինքն` ըստ էության, Գ Մինասյանը խոստովանել է, որ դրամի փոխարժեքը ներկայիս մակարդակի վրա է պահվում արհեստականորեն: Ի պատասխան այն դիտարկման, թե շատ երկրներ են արդեն դիմել էժան փողի քաղաքականությանը, Գ. Մինասյանը նկատել է, որ այդ երկրները նաեւ 2008-ն ավարտել են գնաճի երկնիշ ցուցանիշով: Իսկ Հայաստանն անցյալ տարին ավարտել է 5.5 տոկոս գնաճով: Մինասյանը միաժամանակ նաեւ չի բացառել, որ հետագայում էժան փողի քաղաքականությունը նաեւ ՀՀ-ի համար կարող է դառնալ ճգնաժամային երեւույթների դեմ արդյունավետ պայքարի եղանակ: Եվ դա հասկանալի է` Հայաստանի արտաքին պահուստները, որոնց հաշվին այսօր պահվում է դրամի փոխարժեքը, մի օր վերջանալու են: Իսկ դատելով մեր Ֆինանսական շուկա հանվող դոլարի ծավալից, այդ օրը շատ հեռու չէ: