«Մեռնեմ սուրբ օրենքին»

24/01/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ի պատասխան Վերահսկիչ պալատի (ՎՊ)` Բնապահպանության ոլորտում հայտնաբերած խախտումների, ասում է Վարդան Այվազյանը

Անցյալ շաբաթ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց ՀՀ Բնապահպանության նախարարությունում եւ նախարարությանը ենթակա «Սեւան ազգային պարկում» տեղի ունեցած չարաշահումների ու խախտումների մասին բազմաթիվ փաստեր: Բնապահպանության նախարարությունում հայտնաբերվել էին 226 մլն դրամի հասնող տարբեր բնույթի խախտումներ ու չարաշահումներ: «Սեւան ազգային պարկի» տարածքում էլ հայտնաբերել էր, որ վարձակալության տրված 412 հողակտորների վրա կատարված շինարարություններն իրականացվել են տարբեր բնույթի խախտումներով: Ուսումնասիրվել էր այս երկու գերատեսչությունների 2006-2007թթ. գործունեությունը: Այդ ժամանակ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ներկայումս ԱԺ պատգամավոր, ԱԺ Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նախկին նախարարի հետ մեր զրույցն այդ խախտումների մասին է:

– Պարոն Այվազյան, հայտարարվեց, որ Ձեր պաշտոնավարման տարիներին Բնապահպանության նախարարությունը հիդրոլոգիական նավ է գնել, որի մաքսային արժեքը եղել է 79,5 մլն դրամ, սակայն բյուջեից դրա համար վճարվել է 153 մլն դրամ: Ինչո՞ւ է կրկնակի ավելի վճարվել:

– Ցավոք սրտի, ես արձակուրդում եմ եղել, Երեւանից բացակայել եմ եւ մանրամասն տեղյակ չեմ, թե ՎՊ-ն ինչ խախտումներ է ներկայացրել: Ասեմ, որ գնումների գործընթացի հետ կապված նախարարությունը կամ նախարարն ուղղակի կապ չունեն: Մենք տեխնիկական պայմանն ենք հայտարարում, մրցույթի միջոցով գնումն իրականացնում է Գնումների պետական կոմիտեն: Կարծեմ գործն ուղարկվել է Դատախազություն, դա ողջունելի է, թող բացահայտվի, թե ո՞վ է առել, եւ ի՞նչ չարաշահում է իրականացվել: Մեռնեմ սուրբ օրենքին: Ցանկացած խախտման համար գոյություն ունեն օրենքով սահմանված պատժամիջոցներ:

– Խախտումների մի մեծ բաժին էլ վերաբերում էր «Սեւան ազգային պարկի» տարածքում կատարված հողհատկացումներին ու դրանցում իրականացված կառուցապատումներին: Հիմնական խախտումն այն էր, որ կառուցապատված հողերը եղել են կառավարության սահմանած 1908 մետր նիշից ցածր մակարդակի վրա:

– «Սեւան ազգային պարկի» հետ կապված խնդիրները եղել են, եւ համոզված եմ, որ ապագայում էլ կլինեն: Այդ տարածքում որոշակի տնտեսական գործունեություն ծավալելու համար գոտի կա, որը գրավիչ է բիզնեսի համար: Բայց այնտեղ գործունեության ձեւերը օրենքով են սահմանված: Ինչ վերաբերում է կառուցապատման համար սահմանված նիշին, ասեմ, որ թույլատրելին ոչ թե 1908, այլեւ 1905 մետրից բարձր մակարդակն է, կառավարության որոշումը փոխվել է: Իսկ նախարարությունը շինթույլտվություն չի տալիս: Նախարարությունը գրավոր համաձայնություն է տալիս հողակտորի տրամադրման համար: Իսկ այն ժամանակ մոտ 35 նամակ ենք գրել մարզպետարան (Գեղարքունիքի մարզի), թե` խնդրում ենք դադարեցնել այդ ապօրինի շինարարությունը:

– Կառավարությունն այդ նիշը ե՞րբ է փոփոխության ենթարկել, կամ` ի՞նչ հաշվարկների հիման վրա է սահմանվել 1908 կամ 1905 մետր նիշը:

– 2000թ. ընդունված «Սեւանի մասին» օրենքում եւ Համալիր պահպանման տարեկան ծրագրում նշված է, որ Սեւանի մակարդակը առաջիկա 30 տարում պետք է 6,5 մետրով բարձրացվի: 2000թ. Սեւանի մակարդակը 1896,6 մետր էր: Բարձրանալուց հետո դառնալու է 1903 մետր: 2004թ. կառավարությունն ընդունեց, որ «Սեւան ազգային պարկի» տարածքում Սեւանա լճի ալիքը 4,5 մետր բարձրության վրա կարող է շինությունների համար վտանգ ներկայացնել: Ալիքի այդ բարձրությունն էլ գումարել ու ստացել են կառուցապատման համար թույլատրելի այդ 1908 մետր նիշը: Բայց 2006թ. Քաղաքաշինության նախարարությունը հիմնավորում ներկայացրեց, որ ալիքը կարող է վտանգ ներկայացնել ոչ թե 4,5, այլ 1,5 մետր բարձրություն ունենալու դեպքում: Եվ այդ 1,5 մետրը գումարվել է բարձրանալուց հետո Սեւանի համար հիմք ընդունված մակարդակին, ու քաղաքաշինական գործունեության համար թույլատրելիության նիշը դարձավ 1904,5 մետր։ Սա այն չափն է, որից ներքեւ չի թույլատրվում կառուցապատում իրականացնել:

– Իսկ ինչո՞ւ ալիքի ազդման նիշը իջեցվեց: Ուրեմն իրականությանը համապատասխանո՞ւմ էին այն խոսակցությունները, որ մեր բոլոր պաշտոնյաներն այնտեղ ցանկանում էին օբյեկտներ ունենալ, եւ «Սեւան ազգային պարկի» տարածքում կառուցապատման չափանիշները նրանց կամքին էին հարմարեցվում:

– Չեմ կարծում, որ դա է բուն պատճառը: Ոչ մեկը չի խանգարում, որ օրենքի սահմանված կարգով ունենան ամառանոցներ կամ հյուրանոցներ: Նիշի փոփոխության հիմնավորումն էլ ՀՀ Քաղաքաշինության նախարարությունն է ներկայացրել: Պարզաբանումը նրանցից խնդրեք:

– Բայց նիշը 3 անգամ իջեցնելու` Քաղաքաշինության նախարարության հիմնավորումը Ձեզ տարօրինակ չթվա՞ց:

– Ոչ, Բնապահպանության նախարարությունը դեմ չի եղել:

– ՎՊ նախագահ Ի.Զաքարյանը հայտարարեց, որ վարձակալության տրված հողակտորների վարձավճարը շատ ցածր է` 1 քմ-ի համար տարեկան 10-14 դրամ: Իսկ հողակտորները վարձակալության են տրվել 60 եւ ավելի տարի ժամկետով:

– Իմ պաշտոնավարման ժամանակահատվածի սկզբին եղել է 1-2 դրամ, հասցրել եմ մինչեւ 30-40 դրամի, ծայրամասերում` 10-20 դրամի: «Հողային օրենսգրքի» համաձայն՝ վարձակալության առավելագույն ժամկետը 25 տարին է: Հողատարածքների վարձակալության տրամադրման գործընթացը նախկինում իրականացվում էր «Սեւան ազգային պարկի» միջոցով, հետագայում այդ լիազորությունը տրվեց նաեւ համայնքներին: Եվ քաղաքապետարանները, եւ գյուղապետարաններն էին իրենց տարածքում տրված հողերը վարձակալության տալիս:

– Խախտումներով վարձակալության տալու կամ կառուցապատում իրականացնելու թույլտվությունները տվել են տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ նախարարությունը կամ «Սեւան ազգային պարկը» վերահսկողական գործունեություն չէ՞ր իրականացնում: Չէ՞ որ համայնքներին պատկանող այդ տարածքները մտնում են նաեւ նախարարության վերահսկողական գոտու մեջ:

– Արդեն ասացի, որ այն ժամանակ խախտումների մասին Գեղարքունիքի մարզպետին բազմաթիվ նամակներ ենք ուղարկել: Համայնքներից բացի, այստեղ վերահսկողության ֆունկցիա ունեն Քաղաքաշինության ու Գյուղատնտեսության նախարարությունները: Բայց կառավարության 2004թ. թիվ 766 որոշման 8-րդ կետը հստակ նշում է, որ սույն կարգով նախատեսված բարձրության քաղաքաշինական գործունեության, ինչպես նաեւ դրանց կարգերի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Գեղարքունիքի մարզպետարանը:

– Ուզում եք ասել, որ Բնապահպանության նախարարությունն ու «Սեւան ազգային պարկն» այդ խախտումների համար ոչ մի մեղք չունե՞ն:

– Չեմ ուզում որեւէ մեկին սրբացնել, ամեն մեկն իր մեղքի չափն ունի: Տվյալ պարագայում ինչո՞ւ չի ահազանգել, չեմ կարող հստակ ասել: Նույն այդ պարկի տնօրենը, փոխտնօրենն ու մյուս պատասխանատուները մի քանի անգամ պատժվել են: Բայց ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ են այդ նիշից ցածր վայրում շինթույլտվություն տվել: Տեսեք, թե քանի վերահսկող մարմին կա` այդ բոլոր մարմինները միասին իրականացրել են բացթողում: Կարող է` հետեւողական լինելու մասով էլ թերացել ենք, բայց այդքան էլ հեշտ չէ ինչ-որ մեկի շինած տունը քանդել: Դատարան էլ ենք դիմել, հարկադիր կատարողներին էլ ենք խնդրել:

– Բայց խախտումները շարունակվել են: Նախարարությունը դատարանի հետ միասին կառուցապատողներից ավելի թո՞ւյլ է գտնվել:

– Չեմ կարծում, որ կա մեկը, որը պետությունից կամ կառավարությունից ավելի ուժեղ լինի, բայց այդ խախտումները բազմապիսի եւ բազմաբնույթ են:

– Եթե Սեւանի մակարդակը բարձրանա 6,5 մետրով եւ ողողի ափերին կառուցած այդ հարյուրավոր օբյեկտները, ՀՀ կառավարությունը դրա հետ կապված որեւէ ֆինանսական պարտավորություն կունենա՞:

– Ոչ, որեւէ օբյեկտի նկատմամբ ֆինանսական պարտավորություն չունի: