«Թուրքիան ավելի ամբողջատիրական երկիր է, քան Հայաստանը», «Հայաստանում քաղբանտարկյալներ կան, թե չէ՝ պետք է որոշի դատարանը», «ԵԽ ԽՎ-ում մեր պատվիրակությանը ձայնից զրկելով՝ ճնշում են բանեցնում Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, որովհետեւ գոհ չեն, որ oգոստոսյան պատերազմից Հայաստանը հավասարակշիռ ձեւով դուրս եկավ»:
Նման` արդեն ամենեւին ոչ ինքնատիպ հայտարարություններով էր համեմված ՀՅԴ քաղաքական հարցերի ու Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի երեկվա ասուլիսը: Դրա ընթացքում, նա, ինչպես հարիր է իսկական դաշնակցականին, խուսափեց ներքաղաքական խնդիրների մասին խոսելուց` փորձելով «արտաքին ճակատի վրա Դաշնակցության անելիքները լիարժեք ներկայացնել»: Կ. Մանոյանը, իհարկե, համաձայնեց, որ Թուրքիայում ընտրություններ չեն կեղծվում, քաղաքացիները չեն գնդակահարվում բանակի ու Ոստիկանության կողմից, սակայն, ըստ նրա, ժողովրդավարական լինել-չլինելու ամենակարեւոր չափանիշը ցեղասպանության մասին խոսել-չխոսելն է: «Թուրքիայում խոսքի ազատության հետ կապված խնդիրներ կան, քանի որ, օրինակ, «ցեղասպանություն» բառի օգտագործումն արգելված է»,- նշեց Կ. Մանոյանը: Ընդհանրապես, նրա կարծիքով` Թուրքիայի` փոփոխության չափանիշը ցեղասպանության ճանաչումն է: «Հիմա էլ ինչ-որ փոփոխություններ տեղի են ունենում, բայց չէի ասի` ներքեւից, ինչպես ասել էր Հրանտ Դինքը, որովհետեւ Թուրքիայի համար` որպես ամբողջատիրական համակարգ, այդ ներքեւից շարժվելը սահմանափակ է: Կան տարբեր շրջանակներ, որոնք բարեփոխումների կողմնակից են: Մեկը հենց՝ հայերից ներողություն խնդրելու աղերսագրի նախաձեռնողների մեծ մասը: Կարծում եմ` Դինքի մոտեցումն այն էր, որ տարբեր խնդիրներում կարող էինք չհամաձայնվել, բայց, ամեն դեպքում, Թուրքիայի փոփոխության չափանիշը Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Այն օրը, երբ Թուրքիան ամբողջությամբ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ոչ թե ձեւական բաներ անի, այդ օրը կարելի է հավատալ կամ առնվազն հույս ունենալ, որ Թուրքիան փոխվել է կամ փոխվում է: Այդ նույն աղերսագրի նախաձեռնողները, որոնց մեջ կան մարդիկ, որ Դինքին իրենց ընկեր են համարում, փաստորեն, «ցեղասպանություն» բառը չօգտագործելով, անտեսեցին Դինքի այդ մոտեցումը: Հայերից ներում հայցելու աղերսագիրն, իր էությամբ, խնդրահարույց է, քանի որ դա նաեւ նպատակ է հետապնդում խուսափել «ցեղասպանություն» բառի օգտագործումից: Դրա մասին խոստովանել են նաեւ այդ նախաձեռնության հեղինակներից մի քանիսը, մասնավորապես՝ Բասքին Օրհանը: Նա իր հարցազրույցներում նշել է, որ դեմ է «ցեղասպանություն» բառի օգտագործմանը, քանի որ գտնում է, որ կատարվածը ողբերգություն է, բայց ոչ` ցեղասպանություն»,- նշեց Հայ դատի գրասենյակի պատասխանատուն: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, Կ. Մանոյանը կարծում է, որ առաջիկայում այն չի «բնականոնացվելու»: «Կարծում եմ՝ իրենց ներքին խնդիրները, մեկը՝ այս Էրգենիկոնի ձերբակալությունները, մյուսը՝ մարտին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, պատճառ են, որ Թուրքիան առաջ չշարժվի եւ չպատասխանի Հայաստանի վերջին կեցվածքին: Պարզ է, որ բանակցությունները հասել են մի մակարդակի, որտեղ գնդակը Թուրքիայի դաշտում է»,- ասաց Կ. Մանոյանը: Ըստ նրա՝ ԼՂ հարցի կարգավորման գործընթացը նույնպես կախված է հայ-թուրքական հարաբերություններից: «Չեմ կարծում, որ մոսկովյան հռչակագրից ու հելսինկյան հայտարարություններից հետո մեծ նորություն պետք է ակնկալել: Բայց եթե զարգացումներ տեղի ունենան Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, սկզբունքների շուրջ համաձայնագիրը կստորագրվի»,- հայտարարեց նա: Խոսելով ԵԽ ԽՎ բանաձեւերի պահանջների կատարման մասին՝ Կ. Մանոյանը նշեց, որ կարելի էր ավելին կատարել, բայց թերացումն այնքան չէ, որ երկիրը ձայնի իրավունքից զրկվի: Իսկ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության նպատակով հայ-թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին հարցին նա պատասխանեց, թե ցանկացած նախաձեռնություն, որը կասկածի տակ կարող է դնել Հայոց ցեղասպանության փաստը, ՀՅԴ-ի համար ընդունելի չէ: