ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի Հայաստան կատարած այցից հետո թեեւ իշխանության ներկայացուցիչները ոչ պաշտոնական զրույցներում հպարտանում են, որ այլեւս որեւէ խնդիր չունեն ԵԽ-ի հետ, սակայն խիստ գաղտնի են պահում, թե ինչ երկխոսություն է եղել իրենց եւ համազեկուցողների միջեւ: Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, սակայն, որ համազեկուցողները միանշանակ պահանջ են առաջադրել, որ մինչեւ մարտի 1-ը, այսինքն` մինչեւ ընդդիմության հանրահավաքը, կալանավայրերում գտնվող քաղբանտարկյալները, մասնավորապես` «7»-ի գործով անցնող քաղաքական գործիչները, պետք է ազատ արձակվեն:
Եվ եթե մինչեւ համազեկուցողների Հայաստան ժամանելը կոալիցիայի անդամ պատգամավորներն ասում էին, թե ՀՀ-ն հունվարի վերջին ԵԽ-ում զրկվելու է ձայնի իրավունքից, ապա այժմ այդպես չեն կարծում: Այսօր արդեն նրանք հակառակն են պնդում` ասելով, թե Հայաստանի իշխանություններն իրենց հարցերը ԵԽ-ի հետ լուծել են, թե ինչպես` չեն մանրամասնում: Սակայն համազեկուցողների այցից հետո ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում ամենօրյա փակ խորհրդակցություններ են անցկացվում: Պատճառը, ինչպես արդեն գրել ենք, ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածը փոփոխությունների ենթարկելու` համազեկուցողներին տրված խոստումն է: Հայաստանից համազեկուցողների հեռանալուց հետո ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն առավոտից երեկո (համենայնդեպս, այդպես են ներկայացնում գործընկերները) միայն Քրեական օրենսգիրք է կարդում: Բանն այն է, որ համազեկուցողները ՀՀ իշխանությունների առջեւ խնդիր են դրել, որպեսզի վերջիններս մինչեւ հունվարի 26-ն իրենց ուղարկեն Քրեական օրենսգրքում առաջարկություններ եւ փոփոխություններ կատարելու մասին այնպիսի օրինագիծ, որն իրենց կապացուցի, որ այն ընդունելուն պես քաղբանտարկյալները (խոսքը հատկապես «7-ի գործով» մեղադրվողների մասին է) ազատ կարձակվեն կալանավայրերից: Մեր տեղեկություններով, համազեկուցողները ՀՀ իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ ասել են, որ իրենք այլեւս չեն վստահում Հայաստանի կողմից տրված բանավոր խոստումներին, եւ որ այսուհետ ՀՀ իշխանությունների խոստումներն ընդունելու են միայն գրավոր տեսքով: ԵԽ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները, նաեւ հասկանալով, որ իրենք եւս խնդիրներ ունեն Հայաստանի ընդդիմության եւ հասարակության հետ, որոնք խիստ վերապահումով են վերաբերվում իրենց կողմից ընդունված բանաձեւերին, որոշել են այս անգամ այնպես անել, որ եւ՛ ՀՀ իշխանություններն իրենցից գոհ մնան, եւ՛ ընդդիմությունը: Այդ իսկ պատճառով նրանք իշխանությունների առջեւ խնդիր են դրել` ցանկացած պարագայում մինչեւ մարտի 1-ն ազատ արձակել ընդդիմության ներկայացուցիչներին: Եվ այս օրերին Դ. Հարությունյանը զբաղված է Հայաստանի իշխանությունների կողմից տրվող խոստումը գրավոր փաստաթղթի վերածելու գործով: Իշխանությունները ցանկանում են այդ ամենը գաղտնի պահել, որպեսզի, ինչպես մեզ հետ զրույցում կոալիցիայի անդամ պատգամավորներից մեկը նշեց` «գործը չփչանա»: Այսինքն` որպեսզի ընդդիմությունն այս ընթացքում ԵԽ-ին չքննադատի, եւ ավելորդ աղմուկ չբարձրանա: Դա է եղել նաեւ պատճառը, որ համազեկուցողները Հայաստանում խուսափել են լրագրողների հարցերին պատասխանելուց: Նրանց միակ պահանջը եղել է ՔՕ 300 հոդվածում փոփոխություններ կատարելը, քանի որ, ըստ նրանց` այն լղոզված է, բազմաթիվ սողանքներ ունի, ինչը պետք է կոնկրետացնել եւ բերել այնպիսի տեսքի, որ մահակը ձեռքին ցանկացած ընդդիմադիր գործչի չմեղադրեն իշխանությունը բռնությամբ տապալելու մեջ: Այսինքն` պետք է այդ հոդվածում հստակ սահմանել, թե կոնկրետ որ գործողություններն են համարվում պետական իշխանության յուրացում, եւ որ քաղաքացին է համարվում բռնությամբ իշխանություն տապալող: Իհարկե, իշխանություններն ընդվզել են` ասելով, որ չեն կարող խոստանալ, թե ազատ կարձակեն նաեւ այն ընդդիմադիր գործչին կամ գործիչներին, ովքեր անմիջականորեն կապ են ունեցել ինչ-որ զենք-զինամթերքի հետ: Մեր աղբյուրների փոխանցմամբ` համազեկուցողները իշխանություններին պատասխանել են, որ նման մեղադրանքները հիմնավորելու դեպքում (նույն աղբյուրներն, իհարկե, չեն մասնավորեցնում` արդյոք համազեկուցողներն իշխանություններին հարցրե՞լ են` եթե նման մեղադրանքներ կան, ինչո՞ւ չեն հիմնավորվել անցած 10 ամիսների ընթացքում) Հայաստանը խնդիր չի ունենա ԵԽ-ում:
Իսկ թե Քրեական օրենսգրքի 300 հոդվածն ինչպես են պատրաստվում վերանայել իշխանությունները, որի համար ԱԺ-ում գաղտնի աշխատանքային խումբ են ստեղծել` հայտնի չէ: ԱԺ-ում շրջանառվող խոսակցությունների համաձայն` համենայնդեպս իշխանություններն այն պետք է այնպիսի տեսքի բերեն, որ այդ հոդվածով մեղադրվողները ոչ թե «պետական իշխանությունը յուրացնողներ» համարվեն, այլ, ասենք, հանրահավաքի մասնակիցներ, որոնք կատարել են «խուլիգանական գործողություններ», ինչը, սակայն, ամենեւին էլ չի ենթադրում, որ նրանք ցանկացել են բռնությամբ իշխանությունը տապալել: Մի խոսքով` իշխանությունները պետք է հանդես գան, այսպես ասած` գործուն զղջմամբ, որն արտահայտվելու է ՔՕ 300 հոդվածի փոփոխմամբ:
Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանից երեկ հետաքրքրվեցինք` ՔՕ 300 հոդվածի վերանայման դեպքում արդյոք կալանավայրերում գտնվող իրենց գործընկերները կդադարե՞ն քաղբանտարկյալներ համարվել: Ի պատասխան՝ նա ասաց. «Քաղբանտարկյալ լինելու նրանց կարգավիճակը բացարձակապես կապված չէ ՔՕ 300 հոդվածի ձեւակերպման հետ. ո՛չ գործող ձեւակերպմամբ, ո՛չ էլ որեւէ փոփոխված խմբագրությամբ «7-ի գործով» «մեղադրյալներին» եւ մնացած քաղբանտարկյալներին հնարավոր չէ վերագրել որեւէ հանցագործություն: Եթե իշխանություններին թվում է, թե քաղբանտարկյալ համարվում են նրանք, ովքեր 300 հոդվածով են մեղադրվել, ուրեմն` նրանց պետք է հիասթափեցնել: Այդ մարդիկ համարվում են քաղբանտարկյալներ, որովհետեւ Դատախազության, վարչախմբի կողմից նրանց շինծու մեղադրանքներ են ներկայացվել: Երբ մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ մարդկանց դատում են հարկերից խուսափելու համար, դա նույնպես ոչինչ չի փոխում` այդ մարդիկ քաղբանտարկյալներ են»: