Ո՞վ է «քաշելու» հարկային բեռը

24/01/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

2009 թվականը, ինչպես նշում են մասնագետները, բավականին ծանր տարի է լինելու տնտեսության համար, այդ թվում նաեւ՝ Հայաստանի տնտեսության համար։ Սակայն անկախ ֆինանսական ճգնաժամից, արտերկրից ստացվող դրամական փոխանցումների սպասվող նվազումից, ՀՀ կառավարությունը լավատես է եւ համոզված, որ բյուջեն կկատարվի։

Այս առումով՝ շատերն են անհանգստացած՝ ո՞ւմ ուսերին է ընկնելու հարկային բեռը։ Եթե հաշվի առնենք, որ խոշոր հարկատու համարվող մի շարք ձեռնարկություններ (մասնավորապես՝ հանքահումքային արդյունաբերության ոլորտի) ճգնաժամի պատճառով անմխիթար վիճակում են հայտնվել, ապա արդարացված է դառնում այն մտավախությունը, որ հարկային բեռն ընկնելու է մանր եւ միջին բիզնեսի ուսերին։ Այդ մտավախությունն առավել մեծանում է նաեւ նախորդ տարեվերջին ընդունված հարկային օրենսդրական փոփոխություններով, որը իշխանություններն անվանում են «հարկերի թեթեւացում՝ փոքր եւ միջին բիզնեսի համար», իսկ ընդդիմախոսները՝ «դանակ-մկրատ սրողներին հարկելու մասին» օրենք։ Անկախ նրանից, որ փոփոխությունները վերաբերում են մանր ու միջին բիզնեսին՝ կառավարությունը՝ ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի, հայտարարում է, որ իրենց թիվ 1 թիրախը լինելու է խոշոր բիզնեսը։

Այս խնդրին անդրադարձ կա նաեւ ՀՀ կառավարության կայքէջի «Հաճախ տրվող հարցեր» բաժնում։ Հարցը ձեւակերպված է այսպես. «Թերթերում գրում են, որ 2009թ. բյուջեի բարձր ծավալը ծանրանալու է փոքր ու միջին բիզնեսի վրա։ Արդյո՞ք այդպես է»։ «Պետական բյուջե լրացուցիչ հավաքագրվող հարկային եկամուտները պետք է բաժին ընկնեն բացառապես խոշոր ձեռնարկատիրության ոլորտին, քանի որ Հայաստանի Հանրապետությունում փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտից գանձվող հարկերը պետական բյուջեի ողջ հարկային եկամուտների կառուցվածքում խիստ ցածր տեսակարար կշիռ ունեն, եւ, հետեւաբար, պետությունը բյուջեի հարկային մուտքերի աճի վերը նշված ցուցանիշի ապահովումը չի կարող կապել փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտից գանձվող հարկերի ավելացման հետ»,- ասված է պատասխանում։ Նշվում է նաեւ, որ 2009թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների արդյունքում (օրինակ՝ ավելացված արժեքի հարկով չհարկվող շեմի ներդրումը` տարեկան հարկվող շրջանառության 58.35 մլն դրամի չափով) ակնկալվում է, որ փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտից հավաքվող հարկային եկամուտները պետք է որոշակիորեն կրճատվեն, իսկ հարկային եկամուտների նշյալ կորուստները պետք է փոխհատուցվեն հիմնականում խոշոր ձեռնարկատիրության ոլորտում իրականացվող հարկային քաղաքականության ու վարչարարության արդյունավետության բարձրացման միջոցով։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մոտ մեկ շաբաթ առաջ հրավիրած ասուլիսում բլեֆ էր համարել իշխանությունների այդ հավաստիացումները՝ նշելով, որ «իշխանությունը երբեք չի կտրի այն գերանը, որի վրա նստած է»։ Բացի այդ, ըստ նախկին վարչապետի, հարկերի 75 տոկոսը վճարում է մանր ու միջին բիզնեսը, որի կշիռը տնտեսության ընդհանուր կառուցվածքում կազմում է ընդամենը 26 տոկոս: «Միայն 25 տոկոսն է տալիս խոշոր բիզնեսը` ներառյալ կորպորատիվ բիզնեսը»,- ասել էր Հ. Բագրատյանը։ Այն, որ Հ. Բագրատյանը՝ որպես ընդդիմության ներկայացուցիչ, թերահավատությամբ է մոտենում կառավարության խոստումներին, բնական է։ Սակայն խնդիրն այն է, որ պարոն Բագրատյանի թերահավատությունը հիմնված է ոչ այնքան սեփական քաղաքական հայացքների, որքան պաշտոնական տեղեկատվության վրա: Ցանկացած մարդ թերահավատության լուրջ հիմքեր կունենա, եթե աչքի անցկացնի ու համեմատի անցած տարիների ցուցանիշները։

Բավարար է համեմատել, թե խոշոր բիզնեսի վճարած հարկերը՝ ընդհանուր հարկերի կառուցվածքում իրենց տեսակարար կշռով, աճե՞լ են, թե՞ նվազել։ Խոշոր բիզնես ասելով՝ դիտարկենք հարկային մարմինների կողմից պարբերաբար հրապարակվող խոշոր հարկատուների ցանկը։ Վերջին՝ ամենաթարմ հրապարակումը եղել է 2008 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների խոշոր հարկատուների ցանկը։ Քանի որ հարկային մարմինները նախանձելի համառությամբ գոնե մեկ տողով չեն ներկայացնում խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր մեծությունը, այս էլ որերորդ անգամ մենք ինքնուրույն, հատ-հատ գումարել ենք դրանք։ Ստացվեց, որ 2008թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին առաջին 300 խոշոր հարկատուները միասին վճարել են 263 միլիարդ դրամի հարկ։ 2007թ. հունվար-սեպտեմբերին այդ ցուցանիշը կազմել էր մոտ 218 միլիարդ դրամ։ Մյուս թվերը կարող եք տեսնել աղյուսակ 1-ում, որը կազմել ենք ՀՀ Պետեկամուտների կոմիտեի եւ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա։

Թվում է՝ վատ չէ. 300 խոշոր հարկատուները (ասել է թե՝ խոշոր բիզնեսը) 2007-ի համեմատ հարկերն ավելացրել են մոտ 20 տոկոսով։ Սակայն ընդհանուր հարկերն աճել են ավելի քան 32%-ով։ Նշանակում է՝ լրացուցիչ հարկային բեռը ընկել է ո՛չ այս 300-ի ուսերին։ Դրա մասին է վկայում նաեւ աղյուսակի վերջին տողը, որը ցույց է տալիս, որ խոշոր բիզնեսի վճարած հարկերի տեսակարար կշիռը նվազել է։

Նշենք, որ սրանք 2008-ի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներն են. 2008-ի ողջ տարվա ցանկը դեռ չի հրապարակվել։ Սակայն հաշվի առնելով տարվա վերջին մի քանի խոշոր ընկերությունների գործունեության փաստացի սառեցումը, ինչպես նաեւ՝ այս տարի սպասվող անցանկալի զարգացումները, դժվար չէ ենթադրել, որ հաջորդ ժամանակահատվածի համեմատականները կունենան ավելի տխուր պատկեր։

Սակայն սա էլ այնքան էական չէ, քանի որ հարկային բեռի ծանրությունն իրականում բաժին է ընկնելու ոչ թե խոշոր, միջին կամ մանր բիզնեսի, այլ սպառողի, հասարակության ուսերին, ինչպես մինչ այժմ էլ եղել է։ Այն, որ հարկային բեռի ավելացումը «հասնելու» է վերջնական սպառողին, երեւում է հարկային մուտքերի կառուցվածքից. անուղղակի հարկերի տեսակարար կշիռը բավական մեծ է եւ գնալով մեծանում է։ Մասնավորապես, ավելացված արժեքի հարկը, որն ի վերջո մտնում է վերջնական վաճառքի գնի մեջ, կարելի է ասել, որ մեր հարկային համակարգի «հիմնասյունն» է։ Աղյուսակ 2-ում (տվյալները վերցված են ՀՀ Ֆինանսների նախարարության կայքէջից) ներկայացված են վերջին 3 տարիների հարկային մուտքերն ու ԱԱՀ-ն։

Ինչպես տեսնում եք, ԱԱՀ-ի կշիռը վերջին 3 տարիների ընթացքում անշեղորեն աճել է։ Իսկ ԱԱՀ-ն այն հարկն է, որը վճարում ենք մենք բոլորս՝ խանութից ծխախոտ գնելով կամ էլեկտրաէներգիայի համար վճարելով։

Այնպես որ՝ այս ամբողջ տեղեկատվությունը (թե՛ խոշոր հարկատուների, թե՛ հարկային բեռի վերաբերյալ) ի մի բերելով՝ մի տեսակ դժվար է հավատալ, որ կառավարության թիրախը լինելու է խոշոր բիզնեսը։ Ինչպես ասում են՝ «տառապանքս փորձ ունի»։ Կապրենք՝ կտեսնենք։