Էմոցիոնալ եւ անմշակ

03/07/2005

Բարոկկո երաժշտությունը համարյա թե չորս հարյուր տարվա պատմություն
ունի: Ընդհանրապես, բարոկկոյի դարաշրջանը պատմության ամենահուզումնալից,
էմոցիոնալ եւ կոնտրաստային շրջանն է: Այդ պատճառով էլ երեւի բարոկկոյի
փիլիսոփայությունը շատ մոտ է մեր անկայուն, բայց կայունության ձգտող
ժամանակին: Հայաստանում առաջին անգամ կազմակերպվել է բարոկկո երաժշտության
փառատոն: Սիմետրիայից դուրս, դինամիզմով լի միջնադարյան այդ երաժշտության
կանոններով ստեղծագործում են նաեւ մեր ժամանակներում: Բախի, Վիվալդիի,
Պերգոլեզեի կողքին՝ այսօր գոյություն ունեն բարոկկո ոճով ստեղծագործող
Տիգրան Մանսուրյանը, Էդգար Հովհաննիսյանը, Վաչե Շարաֆյանը, Արթուր
Ավանեսովը: Հին եւ նոր բարոկկո երաժշտությունը երկու շաբաթ շարունակ
հնչելու է Երեւանի Կամերային երաժշտության տանը, «Նարեկացի» կենտրոնում եւ
Սպենդիարյանի անվան դպրոցի դահլիճում: Բուն «բարոկկո» բառը նշանակում է
կոպիտ, չմշակված: «Բայց անմշակությունը շատ մշակված է: Այդ երաժշտության
մեջ խաղ կա, կյանք կա»,- ասաց Կոմիտասի լարային քառյակի ղեկավար Արամ
Թալալյանը, ում նախաձեռնությամբ եւ կազմակերպվել է այդ փառատոնը: Չմշակված
եւ, միեւնույն ժամանակ, պատկերավոր տարրերով գերհագեցած բարոկկոն ավելի
ծանոթ է ճարտարապետության միջոցով: Երգչուհի Աննա Մայիլյանի կարծիքով՝
բարոկկոն հայերին շատ մոտ է: «Մենք ունենալով հարուստ միջնադարյան արվեստ,
պետք է սիրենք այդ ոճը: Եվ, վերջիվերջո, ընդունենք, որ երգեցողության
բելկանտո ոճից բացի, կա նաեւ բարոկկո ոճ», – ասաց նա: Բարոկկո
երաժշտության փառատոնը մեկնարկել է հունիսի 21-ին:

Ն.Հ.