«Բուշը լավ տղա է. նա սիրում է իր ընտանիքն ու իր երկիրը»,- երդմնակալությունից երեք օր առաջ CNN-ին տված իր հարցազրույցում ասաց Բարաք Օբաման: Եվ ոչ մի տհաճ խոսք՝ իր նախորդի հասցեին:
Այսօր կեսօրին տեղի ունենալիք ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանն անհամբեր սպասում են ոչ միայն ամերիկացիները. դրան սպասում է թերեւս ողջ աշխարհը: Երդմնակալության արարողությանը նախորդող տոնախմբությունների եւ երդման բուն արարողության վրա ԱՄՆ նոր նախագահի աշխատակազմը թեեւ խոստացել էր հնարավորինս տնտեսել, սակայն արդեն խոսում են այս միջոցառման աննախադեպ բյուջեի մասին: Բայց վստահության այն պաշարը, որով Օբաման մտնելու է Կապիտոլիում, թույլ է տալիս լինել շռայլ անգամ տնտեսական ճգնաժամի պայմաններում:
Նախագահների երդմնակալության արարողություններին արտասանված մտքերը ամենեւին էլ բառերի կույտ չեն եւ ոչ էլ՝ ընդամենն արարողակարգ: Երդման արարողության կազմակերպման ձեւը, եթե կարելի է այս դեպքում ասել՝ փիլիսոփայությունը, ի ցույց է դնում աշխարհին, թե ինչ չափով է ապագա նախագահը վայելում ժողովրդի վստահությունն ու սերը, ինչ ճաշակի ու աշխարհայացքի տեր է նա: Արարողությանը ներկա հյուրերի ներկայացուցչականությունը, թիվը, ժողովրդի ներգրավվածության աստիճանը ցույց են տալիս ղեկավարի դերը ոչ միայն իր երկրում, այլեւ աշխարհում եւ, ըստ այդմ, խոսում են նրա լեգիտիմության աստիճանի մասին: Շարքային ամերիկացիների աննախադեպ խանդավառությունը, պատրաստություններն իրենց երկրի նախագահի երդմնակալության արարողությանը, ստիպում են ոչ այնքան հաճույքով, բայց, այդուհանդերձ, հիշել ՀՀ նախագահների երդման արարողությունների անուրախ պատմությունը:
Անգամ աղոտ վերհուշը դառը զգացողություններ է առաջացնում: Ունեցել ենք թերեւս մեկ բացառություն՝ ՀՀ առաջին նախագահի առաջին ժամկետի ընտրությունները: Դրանից հետո թե՛ համաժողովրդական խանդավառության ալիքին նախագահ ընտրված Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե՛ նրան հաջորդած նախագահների երդմնակալության արարողությունները ամեն անգամ ավելի դժգույն, լարված ու չարագուշակ մթնոլորտում էին անցնում: Մտահոգությունը, որ իրենց չընտրած, հետեւաբար՝ նյարդայնացած ու դժգոհ հասարակությունը կարող է լրացուցիչ անախորժություններ պատճառել երդմնակալության արարողության պահին, ստիպում էր դրանք անց կացնել փակ դռների ետեւում՝ առանց մասսայական միջոցառումների ու ժողովրդի մասնակցության:
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երդման արարողության ժամանակ ասված տեքստը թեեւ հեղինակային էր, խիստ գրագետ, սակայն դրան նախորդած ու հաջորդած իրադարձություններից հետո՝ ոչ այնքան արժանահավատ: Սակայն անժխտելի է, որ համընդհանուր լարվածության ու թախիծի առումով անգերազանցելին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունն էր: Դեղին անվերջ ժապավեններ, մահակներով զինված անհամար ոստիկաններ ու զինվորներ, սեփական քաղաքում տեղաշարժվելու սահմանափակությունից նվաստացած քաղաքացիներ, վախի, տագնապի մթնոլորտ: Սա, եթե հիշում եք, հատուկ էր նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կառավարության Նիստերի դահլիճում տեղի ունեցած երդմնակալության արարողությանը: Այդ ժամանակ եւս զինված ոստիկանները շրջապատել էին «դեպքի վայրը»: Երդման արարողությունը շատ կարճատեւ էր, հասարակության ներգրավվածությունն այդ միջոցառմանը, ինչպես նման բոլոր դեպքերում, զրո էր: Նման նախադեպերից հետո հաճելի էր հետեւել դարձյալ նախորդ տարի տեղի ունեցած ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի երդմնակալության արարողությանը: Թող որ միջոցառման սյուժեն խոսում էր՝ ով է շարունակում մնալ երկրի իրական տերը, սակայն, այդուհանդերձ, բուն երդման արարողությունը գաղտնիության, վախի ու սարսափի մթնոլորտում չէր: Մեդվեդեւի դեմքն ուրախ էր, հայացքը՝ պարզ, տոնն՝ ինքնավստահ: Ականատեսների վկայությամբ՝ մայրաքաղաքի փողոցներում անգամ ժողովրդական տոնախմբության, ուրախության մթնոլորտ էր:
Այն, ինչ պատրաստվում է հունվարի 20-ին ԱՄՆ-ում, ժողովրդի հանդեպ երախտագիտության, հետեւաբար՝ ժողովրդի ներգրավվածության իմաստով աննախադեպ մի տոնակատարություն է լինելու: Ողջ երկրում արդեն իսկ կազմակերպվում են շքերթներ՝ ԱՄՆ արժանապատիվ քաղաքացիների մասնակցությամբ: ԱՄՆ 44-րդ նախագահին գնացքը պտտելու է նրա նախընտրական արշավի երթուղով, նախագահն անձամբ շնորհակալություն է հայտնելու իրեն աջակցած քաղաքացիներին: Լինելու են պարահանդեսներ: Օբամայի ընտանիքի հետ նույն գնացքով ընտրարշավի «անկյունաքարային կետերով» շրջելու են ԱՄՆ շարքային շատ քաղաքացիներ՝ իրենց ընտանիքներով: Սա վկայելու է այն մասին, որ Օբաման իր ընտրվելու համար նախեւառաջ պարտական է շարքային ամերիկացիներին՝ իրեն հավատալու եւ ձայներն իրեն վստահելու համար: Եվ այս արարողությունների ավարտին բոլորը մեծ շուքով մտնելու են Վաշինգտոն, որտեղից, ի դեպ, այդ օրը, արդեն որպես շարքային ամերիկացիներ, դուրս կգա Ջորջ Բուշի ընտանիքը. Այդպիսին է ավանդույթը: Բարաք Օբաման, ինչպես նշվում է ամերիկյան մամուլում, կերդվի՝ ձեռքը Աբրահամ Լինքոլնին պատկանող «Աստվածաշնչին» դրած:
Ի դեպ, ամերիկացիները մեծ համակրանք ունեն նաեւ ԱՄՆ նոր Առաջին տիկնոջ հանդեպ: Շքեղությունն ու ընդգծված թանկարժեք հագուստը համարվում են ամենեւին ոչ բարձր ճաշակի արդյունք եւ անգամ վատ տոն: Իսկ Միշել Օբաման ներկայանալի է եւ իրեն լավ է զգում անգամ պարզ, եթե չասենք՝ հասարակ հագուստով, քանի որ օժտված է բնատուր հմայքով եւ խելքով: Սա՝ ի դեպ:
Իսկ համաժողովրդական տոնակատարություններին կհաջորդեն արդեն աշխատանքային եւ ոչ այնքան ուրախ ժամանակները, երբ ԱՄՆ 44-րդ նախագահն արդեն պետք է կատարի իր առաջնային պարտականությունները՝ Կոնգրեսի համաձայնությանն արժանացնի տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու բանաձեւերն ու գործադիր իշխանության ներկայացուցիչների պարտականությունները: Աշխարհի եւ ԱՄՆ-ի առաջ այնքան լուրջ խնդիրներ կան, որ նա չի կարող իրեն թույլ տալ սահմանափակվել ընդամենը «լավ տղա» լինելով:
Այսօր՝ հունվարի 20-ին, մենք՝ հայերս, ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը կհետեւենք այնպես, ինչպես ուրիշի տոնախմբությանը պատուհանից հետեւող երեխաները՝ երանելի, բայց տխուր ժպիտով, որ դա, այնուամենայնիվ, մեր պարահանդեսը չէ: