Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Փարիզի Ծովային թանգարանում ներկայացված աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու աշխատանքների «Ծովի պոեզիան» ցուցադրությունը կներկայացվի նաեւ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում: Այդ մասին «Արմենպրեսին» ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի խորհրդական Շահեն Խաչատրյանը, ըստ որի՝ Փարիզի Ծովային թանգարանում ավելի քան չորս ամիս տեւած ցուցադրությունը մեծ հետաքրքրություն էր առաջացրել բազմահազար այցելուների շրջանում: Հ.Այվազովսկու մասին մի շարք հոդվածներ են տպագրվել: «Երբ ես եղա Տրետյակովյան պատկերասրահում, ինձ առաջարկվեց Հովհաննես Այվազովսկու մասին ելույթ ունենալ, որի արդյունքում նաեւ գրքույկ հրատարակվեց: Մոսկովյան կողմը ցանկություն հայտնեց այնտեղ նույնպիսի ցուցահանդես կազմակերպել` Հ.Այվազովսկու լավագույն նկարներն առաջին անգամ ներկայացնելու Մոսկվայում»,- ասել է Շ.Խաչատրյանը: