Ո՞ւմ է ակնարկում

24/01/2009

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, անցած շաբաթավերջին Արցախի պետական համալսարանում պատասխանելով ուսանողների հարցերին, ներկայացրել է իր դիրքորոշումները ԼՂՀ կարգավորման հարցում: «Մենք շարունակելու ենք այն ճանապարհը, որը ընտրվել է մեր ժողովրդի կողմից,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ ասել է նա` ավելացնելով,- Իհարկե, կա դիվանագիտական աշխատանք, եւ կա մի ձեւաչափ բանակցային գործընթացում, որը, իհարկե, չի կարող նպաստել, որպեսզի այս ձեւաչափում ընթացող գործընթացները բերեն որեւէ տրամաբանական ավարտի: Մի պարզ պատճառով, որ ԼՂՀ-ն չի մասնակցում այդ բանակցություններին»: Բ. Սահակյանը շեշտել է, որ ամեն անգամ օգտագործում է առիթը` բարձրաձայնելու բանակցային գործընթացին ԼՂ-ի մասնակցության անհրաժեշտության մասին: «Հետեւաբար, մենք՝ օգտագործելով մեր հնարավորությունները, իսկ դա, առաջին հերթին, Մինսկի խմբի համանախագահներն են… Եվ նրանք այս վերջին տարվա ընթացքում մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել են, որ առանց ԼՂՀ անհնարին է լինելու այս հարցը լուծել»,- ասել է նա: Անդրադառնալով հարցի լուծման առջեւ ծառացած դժվարություններին` նա հայտարարել է. «Հիմնական դժվարությունը եւ խոչընդոտը Ադրբեջանի ներկայիս քաղաքական ղեկավարության կեցվածքն է: Այնուամենայնիվ, մենք շարունակելու ենք մեր աշխատանքը»: «Այսօր հարցը ենթարկված է որոշակի շահարկումների, եւ ոչ մի կերպ չի նպաստում հարցի դրական լուծմանը: Չեմ ուզում, որ մեր շարքերում լինեն այնպիսիները, որոնք փորձեն հարցի քննարկումը ինչ-որ շահադիտական նպատակներով օգտագործել»,- ասել է ԼՂ նախագահը` բնականաբար, չմասնավորեցնելով, թե ում նկատի ունի շահարկողների թվում: