«Օբաման ուսանողության տարիներից իմացել էցեղասպանության մասին»

24/01/2009 Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Ասում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան, հայագետ, իրավաբանության եւ փիլիսոփայության դոկտոր Թոմ Սամուելյանը, ով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ սովորել է Հարվարդի համալսարանում:

– Շատ հայեր հեռանում են հայրենիքից: Դուք վերադարձել եք: Գտե՞լ եք այն Հայաստանը, որ իր տեսիլքներում ունի ամեն հայ սփյուռքում:

– Որոշ չափով: Քանի որ սովորել էի ԵՊՀ-ում եւ աշխատել էի Մոսկվայի եւ Ալմա Աթայի հետ սովետական տարիներին, արդեն պատկերացում ունեի: Յուրաքանչյուրս տարբեր ենք մոտենում կյանքին: Ինձ համար կարեւոր է` ինչ եմ կերտում իմ կյանքով եւ ջանքով: Պարզ փաստ է, որ կերտում ես, ուր ապրում եւ աշխատում ես: Ինձ համար կարեւոր է, որ դա լինի հայ հողի վրա, հայերի հետ:

– Հայաստանում հե՞շտ է Ձեզ համար ապրելն ու աշխատելը:

– Միշտ հեշտ չէ, բայց, ընդհանրապես, այո՛: Շատ բան եմ սովորել Հայաստանում ապրելով:

– Հայաստանն ու հայկական մշակույթը երկար ժամանակ ռուսական ազդեցության տակ էին, սփյուռքի ամեն գաղութ` այդ երկրի: Ո՞րն է ազգային ինքնությանը դառնալու, մշակութային միասնությունը գտնելու ուղին:

– Սփյուռքահայերից շատերի համար խորթ է ռուսական ազդեցությունը, քանի որ ռուսական մշակույթը իրենց ընտանեկան ժառանգության մաս չի կազմում: Այժմ հանդուրժողություն եւ հասկացողություն են պետք: Կամաց-կամաց իրար ճանաչելով` յուրաքանչյուրս կյուրացնենք այն բազմազանությունը, որն առկա է հայության մեջ, եւ ավելի հեշտ կշփվենք, այդ շփումից իրարից կվերցնենք որոշ բաներ եւ նոր ընդհանուր բաներ կստեղծենք, որոնք արտացոլում են այդ բազմազանությունը:

– Հայկական մշակույթը վերածնո՞ւնդ է ապրելու, շարունակելու է մանրատվե՞լ, դառնալու է փոքր էլիտայով մի գավա՞ռ, թե՞ ամենափոքր ընդհանուր բաժանարարի է ձգտելու, որ մասսայական-գլոբալ մշակույթն Է:

– Լայն ճանաչում չունենալով գլոբալ մշակույթում, հայկական մշակույթը վտանգված է դրսից: Շատ լավ կլիներ, որ հայկական մշակույթը ավելի լայն ճանաչում ունենար այլ ազգերի միջավայրերում: Արդեն անհնարին է կղզիացած ապրել: Երբ դիմացինդ գիտի քո մշակույթի մասին, շատ ավելի հավանական է, որ քո մշակույթը շնչի եւ զարգանա: Իսկ ներսից դեռ հաղթահարում ենք ցեղասպանության, սովետական տարիների եւ սփռվածության հետեւանքները, որի պատճառով հակված ենք անցյալին կառչել եւ նորամուծություններին կասկածանքով վերաբերվել: Սակայն, մշակույթը, որ չի զարգանում եւ չի ապրում, թանգարանային է դառնում, փոշոտվում, հարգվում է, բայց չի սիրվում, չի շնչում: Ժամանակն է նոր շունչ տալ մեր մշակույթին:

– Մեր հասարակության մեջ անարդարները դատում են արդարներին, անընդունակները հաղթում են ընդունակներին: Ո՞րն է այդ կործանարար թափանիվը կանգնեցնելու ելքը:

– Չկա բոլորովին արդար երկիր, որտեղ չկան չարաշահումներ: Սակայն որոշ երկրներ կարողացել են ստեղծել բավականին լայն զանգվածի համար համեմատաբար կախատեսելի, արդար միջավայր, որը թույլ է տալիս ժողովրդի մեծ մասին պաշտպանված զգալ եւ կանոնավոր կյանք ունենալ: Դա ինքնիրեն չի ստեղծվում: Ամեն մի հասարակություն պետք է ձեւավորի իրեն հարմար օրենքներ, որոնց պատրաստ է ենթարկվել ամբողջ համայնքը: Ազատ ենք, երբ ենթարկվում ենք մեր իսկ ստեղծած օրենքներին: Թերի օրենքները վնաս են պատճառում ոչ միայն ժողովրդին, այլ նաեւ` արդարության գաղափարին: Ներկա դրությամբ` դեռ շարունակվում են հին ավանդված բարքուվարքը, որը բնորոշ է այս տարածաշրջանին: Սերնդափոխությամբ որոշ չափով կփոխվի այդ բարքուվարքը: Կարող է ավելի արագ փոխվել, եթե հասարակության մեջ լինի գիտակցություն եւ ցանկություն: Մինչ այդ, երբեմն ավելի լավ է՝ չկարգավորել, քան թերի կարգավորել, եւ քիչ անել` մեր միջոցների սահմաններում` ապահովելով հանրային եւ պետական ծառայությունների բավարար ֆինանսավորումը եւ որակը, քան շատ անել եւ թերանալ ռեսուրսների պակասի պատճառով: Ներկա դրությամբ` օրենքների պահանջները շատ ծանր են թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածների համար, որի պատճառով լավ արդյունքներ չեն տալիս:

– Հայաստանի համար սփյուռքը կարծես միայն ֆինանսական դոնոր լինի: Ինչո՞ւ սփյուռքահայ մասնագետները քիչ են մասնակից հայաստանյան կյանքին:

– Սփյուռքահայ մասնագետներից շատերի համար անսովոր են նորաստեղծ երկրների պայմանները եւ, լինելով գիտակից մասնագետներ, հասկանում են, որ իրենց գիտելիքը չի համապատասխանում այդ միջավայրին: Նա մասնակից պիտի զգա, որ իր մասնագիտական ներդրումը կարեւորվում է եւ ընդունվում, թե ոչ` հետ կկանգնի: Մի քանիսը, թերեւս, փորձել են մասնակցել, եւ չհասնելով իրենց սպասած արդյունքներին, հիասթափություն են ապրել: Այդ հիասթափությունը պետք է հաղթահարել նոր միասնական աշխատանքների միջոցով` ընդունելով անցյալի սխալները, ներողություն խնդրելով եւ ներողամիտ լինելով: Դա հարիր է մեր նման հին քրիստոնյա ազգին:

– Հասարակության մեջ փոփոխությունների կարեւոր միջոց է կրթությունը: Բայց մեր երկրում տարիներ շարունակ ոչինչ չի փոխվում: Նույն համակարգը փորձում են հարմարեցնել նոր ժամանակին ու նրա պահանջներին: Որո՞նք են առաջնահերթ փոփոխությունները, որ պիտի իրականացվեն:

– Կրթությունն այն գործընթացն է, որով յուրաքանչյուրս պատրաստվում ենք մեր կյանքն ու Աստվածատուր տաղանդները կատարելագործել` ի շնորհակալություն մեր Ստեղծողի եւ ծնողների, ի նպաստ մեր հասարակության եւ ի խնդիր մեր երջանկության: Առաջին հերթին պետք է վերանայել կրթական գործընթացը այս տեսանկյունից: Արդյո՞ք հարմար առիթ է տրվում, որպեսզի յուրաքանչյուրը կայանա որպես մարդ: Կրթությունը շարունակական է: Մեր ամբողջ կյանքում պիտի սովորենք: Ինքնուրույն նոր գիտելիք ձեռք բերելու ունակությունն անհրաժեշտ է: Քանի որ գիտելիքի մեծ աղբյուրը համացանցն է, եւ նոր տեղեկատվական հոսքերի մեծ մասը անգլերենով են արտահայտված, արժե միջոցներ ձեռնարկել՝ անգլերենի տիրապետմանը խթանող միջավայր ստեղծել ՀՀ-ում, օրինակ` երեխաների համար ավելի լայն անգլերեն հաղորդումների ընտրանի ստեղծել: Այդպես արդեն ապահովված է ռուսերենի իմացությունը ՀՀ-ում, նույնիսկ՝ երբ տանը եւ բակում ռուսերեն չի խոսվում:

– Բարաք Օբամայի հետ սովորել եք Հարվարդի համալսարանում: Ինչպիսի՞ ուսանող էր: Սպասելի՞ էր, որ նրանով աշխարհում ռասայական շրջադարձ կլինի:

– Նա փայլուն ուսանող էր: Հնարավոր չէր կանխատեսել, որ նա կդառնա ԱՄՆ նախագահ, սակայն իր ընտրությամբ ԱՄՆ-ի ընտրողները հաղթահարեցին երկրի այս պատմական խոչընդոտը` բացելով նոր դռներ եւ հնարավորություններ ոչ միայն՝ ԱՄՆ-ում, այլեւ այլ երկրներում: Նրա ընտրությամբ վերահաստատվեց, որ առաքինի, աշխատասեր եւ խելացի անհատը կարող է արդար պայմաններում դառնալ երկրի եւ աշխարհի ամենակարեւոր դեմքերից մեկը` չունենալով հարուստ ծնողներ եւ լինելով ռասային փոքրամասնության ներկայացուցիչ: Հուսադրող է, եւ ոչ միայն ամերիկացիների համար:

– Ամերիկահայերի սպասելիքները Օբամայից` մեծ են: Նրանք կարծում են, որ նրա շուրթերով վերջապես կհնչի «ցեղասպանություն» բառը: Որպես միջազգային իրավագետ, ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է աշխարհում հայերի` միայն ցեղասպանությամբ ճանաչվելը: Դուք ի՞նչ սպասելիքներ ունեք:

– Օբաման վաղուց, գոնե ուսանողության տարիներից, իմացել է ցեղասպանության մասին եւ շփվել հայ դասընկերների հետ, որոնք պատմել են իրենց ընտանիքների պատմությունը: Որպես իրավաբան` նա խորը գիտակցում է, որ ոճրագործության կանխարգելիչ է նախկինում եղած ոճիրների դատապարտությունը: Նաեւ հասկանում է, որ ոճիրը հիմնականում ոճրագործի եւ տուժողի երկկողմանի հարց չէ, այլ վերաբերում է համայնքի նորմաներին: Երբ համայնքը չի դատապարտում ոճիրը, ասում է, որ այդ արարքը ընդունելի է, դրանով քայքայվում են համայնքի արժեքները: Օբաման բազմիցս դատապարտել է Դարփորի եւ այլ ցեղասպանություններ, եւ կարծում եմ, որ հետեւողական կլինի Ցեղասպանության հարցում: