Արձագանքեցին

24/01/2009

Մեր թերթի նախորդ համարներում տպագրված «Ով աչք ունի` կտեսնի» եւ «Էս թաղում էն գլխից ճգնաժամ էր» հրապարակումներին արձագանքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Հիշեցնենք, որ «Էս թաղում էն գլխից ճգնաժամ էր» հոդվածը Վարդաշենի հանրակացարանում բնակվող մի ընտանիքի մասին էր, որի տանտիկինը` Գոհարը, սպանել էր հիվանդ ամուսնուն: Գոհարի երկու աղջիկներն այժմ ծայրաստիճան անօգնական վիճակում են, իսկ փոքրին` Լուսինեին, շուտով կհանձնեն մանկատուն: Վերջիններս սպանության միջադեպի, ինչպես նաեւ՝ սոցիալական ծայրահեղ վատ վիճակի պատճառով գտնվում են հոգեբանական անհավասարակշիռ վիճակում: Իսկ «168 Ժամի» նախորդ համարում տպագրված «Ով աչք ունի` կտեսնի» հրապարակումը Քանաքեռ-Զեյթուն համայնքի Լեփսիուսի 6-րդ փողոցի 14 շենքի բնակիչ, 2-րդ կարգի հաշմանդամ Վանյայի ընտանիքի մասին էր: Նրա երեք որդիները նյարդային համակարգի հետ կապված առողջական խնդիրներ ունեն: Տղաներից Գեւորգը` նաեւ տեսողության հետ կապված խնդիրներ ունի, իսկ Վահանը` ճողվածք ունի: Սարսափելի պայմաններում ապրող այս ընտանիքի անդամները դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով միջամտել անվճար հետազոտվելու եւ բուժվելու հարցին: Նամակը վերահասցեագրվել էր ՀՀ Առողջապահության նախարարություն, որտեղից, սակայն, պետպատվերի հարցում չէին աջակցել` պատճառաբանելով, թե` «Դուք «Փարոսի» նպաստառու չեք, հետեւաբար չենք կարող պետպատվերի ուղեգիր տրամադրել»: Ինչեւէ, երեկ մեզ զանգահարեց ՀՀ Առողջապահության նախարարության Աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանը, ով մշտապես արձագանքում է «168 Ժամ» թերթում հրապարակվող առողջական խնդիրներ ունեցող հերոսներին՝ պետպատվերի շրջանակներում անվճար բուժվելու հարցում: Վերջինս, ինչպես միշտ, անմիջապես ձեռնամուխ եղավ, որպեսզի այս 2 ընտանիքների հիվանդ անդամների անվճար բուժսպասարկումը կազմակերպեն: Պրն Սայադյանը մեզ փոխանցեց, որ ԱՆ Հ. Քուշկյանը հանձնարարել է ինչպես հարկն է զբաղվել այս մարդկանց առողջական խնդիրներով: «Մենք նրանց կուղարկենք հետազոտության: Երեք տղաների համար հոգեբույժի հետ կոնսուլտացիա կկազմակերպենք, որպեսզի հասկանանք, թե ո՞ւր ուղարկենք: Այնուհետեւ մյուս տղայի աչքերի շլության եւ ճողվածքի խնդիրները կլուծենք: Պետպատվերի ուղեգրերով պատշաճ բուժօգնություն կցուցաբերեն եւ, եթե հարկ լինի` հաշմանդամության կարգ կնշանակեն»,- խոստացավ Գ. Սայադյանն ու անմիջապես գրանցեց անապահով ընտանիքների տվյալները: