Ֆրանսիացի լուսանկարիչ Ռաջակ Օհանյանը մեծ կենսափորձ ու լուսանկարչական հարուստ հավաքածու ունի։ Նա իր առաջին լուսանկարներն արել է 55 տարի առաջ, եւ կարծես ինքն էլ դարի հետ փոխվել, տրանսֆորմացվել ու դարի ուրույն ձեռագիր է ստեղծել։
Նրա ստեղծագործության առանցքը պորտրետներն են։ Թեեւ «պորտրետ» բառը նա շատ ավելի լայն է կիրառում եւ ստեղծելով կոնցեպտուալ պատկերաշարեր՝ փորձում է, ինչպես ինքն է ասում՝ աղաղակել ու «կրակել» ֆոտոյով։ Ավանդական ֆոտո-դիմանկարներից բացի (իսկ նրա արխիվում շատ հայտնի արվեստագետների, գիտնականների ու գրողների դիմանկարներ կան), նա աշխատում է գտնել այն ֆորման, որը կարող է առավելագույնս բաց ու անկեղծ ներկայացնել միջավայրի, բնության կամ անհատի հավաքական հոգեբանական կերպարը։ «Ինձ համար կադրերը էլեմենտներ են, որոնք ես կողք կողքի եմ դնում՝ քաղաքի կամ որեւէ միջավայրը ներկայացնելու համար»,- ասում է Ռաջակ Օհանյանը։ Նա որոնում է այն «զրոյական կետը», որի շուրջ էլ կառուցում է իր հսկայական՝ մի քանի մետրանոց ֆոտո-կոլաժները, որոնց յուրաքանչյուր բաղադրիչը մեկ նպատակի է ծառայում՝ ընդգծում է շարքի հիմքում ներդրված գաղափարը։ «Ինձ հաճախ են հարցնում՝ ինչո՞ւ եմ մեծ նկարներ անում։ Պատասխանում եմ՝ որպեսզի իմ նկարները գոռոցի նման լինեն ու լավ լսվեն»,- ասում է նա։
Վերջերս Ռաջակ Օհանյանը Հայաստանում էր ու պատրաստվում էր իր առաջին ցուցահանդեսը կազմակերպել այստեղ։ Ցուցահանդեսին կներկայացվեն նրա «Մետամորֆոզներ», «Հալեպ», «Չիկագո», «Դիմանկարներ» ֆոտո-նախագծերը։ Նրա աշխատանքներին ծանոթանալը շատ արժեքավոր փորձ կլինի հայաստանցիների համար, քանի որ ֆոտոն ֆրանսիացի կոնցեպտուալիստի համար ոչ թե ռեպորտաժ կամ քարոզչություն է, այլ՝ միջոց՝ ընդհանուրը հասկանալու համար։ Այսինքն՝ ֆոտո-կառույցների մեջ «մաքուր արվեստի» խնդիրներ են դրվում։
«Մետամորֆոզների» հիմքում աշխարհի կոսմոգոնիկ ծագումն է։ Ջուր, քար, բույսեր. ահա այս էլեմենտներն են հայտնվել լուսանկարչի ուշադրության կենտրոնում, եւ նրանց օգնությամբ էլ նա ստեղծել է իր կտավ-լուսանկարները։
Նրա լուսանկարչական կոմպոզիցիաները կառուցված են այնպես, որ թույլ են տալիս մեծ ստենդներ հիշեցնող լուսանկարները պտտեցնել իրենց առանցքի շուրջը, զննել մանրուքներն ու ամեն էլեմենտի միասնության մեջ գտնել կոդավորված դիմանկարները։ Շատ հաճախ նրա լուսանկարները բազմանկյուն շրջանակներում են դրվում, կամ պատից կախվում են այնպես, որպեսզի «կոտրվի» հստակ ուղղանկյան ֆորման։
«Յուրաքանչյուր քաղաք իր ռիթմն, իր երաժշտական պարտիտուրան ունի, որը «կարդալուց» ու զգալուց հետո կարելի է տարբեր վարիացիաներով ներկայացնել։ Ես էլ ամեն մի քաղաքում իմ պատվերը կատարելու ժամանակ փորձում եմ գտնել այն պայմանական «զրո կետը», որի շուրջն էլ կառուցում եմ իմ վարիացիաները»,- ասում է Ռաջակ Օհանյանը, ով շատ է արել հենց քաղաքների՝ Նյու Յորքի, Չիկագոյի, Ալժիրի դիմանկարները։
Շատ հետաքրքիր է հետեւել, թե ինչպես է Ռաջակ Օհանյանը քայլ առ քայլ ներկայացնում հսկայական՝ 8 մլն բնակչություն ունեցող Չիկագո քաղաքը, որտեղ նա 2 տարի ապրել է ու ստեղծել այդ քաղաքի դիմանկարը։ «Ինձ համար Չիկագոն առաջին հերթին մեծ տարածություններն են»,- ասում է նա։ Բազմաթիվ մարդկային պորտրետներ ու առօրյան պատկերող կադրեր անելուց հետո՝ նա քաղաքը բաժանել է էլեմենտների ու կրկին հավաքել դրանք։ Նա Չիկագոյի կենտրոնական հրապարակը դարձրել է այն «զրո կետը», որը օրվա տարբեր ժամերին տարբեր տեսք է ունենում։ Խցիկի տեղադրման կետն անփոփոխ է, փոփոխվում են մարդիկ, երթեւեկությունը։ Փոփոխվում է քաղաքը։ Երկնաքերներ չկան։ «Բնական է, որ չկան, եւ չպետք է լինեն։ Ինձ համար քաղաքը միայն պատճառ էր՝ բացահայտելու համար մարդկանց կյանքը։ Եվ եթե ընդունում ենք, որ ընդհանրապես կյանքը խաղ է, ապա ֆոտոն առավելեւս պետք է խաղ լինի, քանի որ արտացոլում է ամենօրյա խաղը»,- ասում է պատկառելի տարիքի հասած ավանգարդիստ լուսանկարիչ Ռաջակ Օհանյանը։
«Մի գործարանի պատմություն» լուսանկարչական շարքը նա ստեղծել է Լիոնի մետաքսի գործարանի պատվերով։ Եվ կրկին օգտագործելով նույն մոտեցումը՝ անշունչ հաստոցներ կամ գործվածք պատկերելու փոխարեն՝ գերադասել է գործարանը ներկայացնել այնտեղ աշխատող մարդկանց դիմանկարներով։ Աշխարհի ամենանուրբ ու գեղեցիկ մետաքսն արտադրող գործարանի աշխատակիցները լուսանկարվել են իրենց արտադրանքի ֆոնին։ Եվ այստեղ էլ մարդն ու իր միջավայրը մեկ ընդհանուր պորտրետ են դարձել։ «Իմ շատ երկար կյանքի ընթացքում ես միշտ խուսափել եմ գովազդային ֆոտոներ անելուց, իմ նախագծերում փորձել եմ ընդհանուր հոգեկան դիմանկար ստեղծել։ Լիոնի գործարանը (ընդ որում՝ նրա ղեկավարը հայ է) ինձ որոշ ֆոտոների համար վճարել է, բայց հիմնական մեծ նախագիծը ես իմ գումարներով ու իմ սեփական լաբորատորիայում եմ արել»,- ասում է նա։
Ռաջակ Օհանյանի վերջին նախագիծը, որը «Հալեպ. 1912-2005» անվանումն ունի, ծնվել է հիշողություններից։ Իր հոր՝ Հալեպի որբանոցում մեծացած մարդու հուշերը դրդել են Ռաջակ Օհանյանին Սիրիա մեկնել ու գտնել այն միջավայրն ու վկաներին, որոնք հիշում են եւ՛ այդ որբանոցը, եւ՛ ողբերգություն ապրած բազմաթիվ հայերի հետքերը։ «Ես լավ հասկանում եմ, որ սա պիտի իմ գրեթե վերջին գործը լիներ, քանի որ արդեն տարիքս առած մարդ եմ ու այլեւս չեմ կարողանալու այդ մտահղացման իրականացումը հետաձգել։ Սա իմ առաջին հայկական նախագիծն է»,- ասում է նա։
Կես տարի ապրելով Հալեպում՝ Ռաջակ Օհանյանը փորձել է գտնել այն ֆորման, որով եւ պետք է ներկայացներ անցյալ դարասկզբի ցավալի հուշերն ու արդեն այս դարից նետած զննող հայացքը։ Իր հոր որբանոցն այլեւս չկար, բայց որպես ավերակներ՝ պահպանվել էր այն թաղը, որտեղ ժամանակին 13 որբանոցներ էին գործում։ Եվ հենց այդ կիսաքանդ շինություններն ու լքված թաղն էլ դարձան նրա լուսանկարչական նախագծի հերոսները։ Մարդիկ այս շարքում բացակայում են, բայց յուրաքանչյուր պատկերի վրա մարդիկ թողել են իրենց գրություններն ու մտքերը։ Պատմաբանների, տարբեր պետությունների դեսպանների, փիլիսոփաների ու գրողների մեջբերումները զբաղեցնում են լուսանկարների գրեթե ողջ տարածքը։ Եվ երբեմնի հայաշատ տարածքների կադրերը հայտնվում են յուրատեսակ ճաղավանդակի ետեւում, եւ կողք կողքի խիտ տեղադրված բառերը խանգարում են տեսնել նկարը։ «Ցանկություն ունեի անել այնպես, որ գրվածքը մարդկանց նեղություն պատճառեր, որ մարդը չկարողանար հանգիստ նայել ֆոտոյին, որ իրեն անհարմարավետ զգար։ Այդ պատճառով էլ տեքստը մեկ ընդհանուր տողով է ներկայացվում, բառերի մեջ ոչ մի արանք չկա, միայն տառակույտեր են, որոնք բարդ է կարդալ։ Թող կարդալն էլ հանդիսատեսի համար դժվար լինի»,- ասում է Ռաջակ Օհանյանը։ Հալեպում նա շատ է լուսանկարել կիսաքանդ ու ոչ մի տեղ չտանող աստիճանները. «Գիտես, ժամանակին, երբ մարդուն մահապատիժ էր սպասում, նա պետք է աստիճաններով վեր բարձրանար, քանի որ գիլյոտինը բարձունքի վրա էր տեղադրված, որպեսզի մարդկային մահը բոլորը կարողանային լավ տեսնել։ Հալեպում շատ էին քայքայված աստիճաններն, ու ես դրանք իմ կոնցեպտի համար օգտագործեցի։ Աստիճան է, իսկ ետեւում դատարկություն է… Ընդհանրապես այս բոլոր լուսանկարներն ինձ համար շատ մեծ գին ունեն։ Էմոցիոնալ են։ Ես նկարում էի նեղլիկ ու փոքր փողոցներն ու հասկանում էի, որ այդտեղով իմ հայրը հաստատ անցել է, քայլել է, եւ ես ամեն բան կարծես նրա աչքերով էի տեսնում։ Կարող եմ ասել, որ 1915 թվականից ի վեր հայկական թաղերում ոչ մի բան չի փոխվել։ Միայն, թերեւս, էլեկտրականություն է անցկացվել, իսկ մնացածը բնավ չի փոխվել։ Կարծես ժամանակն այնտեղ կանգ է առել»։
Հայոց եղեռնի հուշերը պարունակող այս նախագիծը շատ սիմվոլիկ ու ազդեցիկ է։ Ներառված են նաեւ գրություններ քրդերի կոտորածների, Ռուանդայում տեղի ունեցած եղեռնի ու էլի շատ ոճրագործությունների մասին։ Նախագծի հեղինակն ասում է. «Համոզված եմ, որ եթե միայն քո ազգի մասին մտածես՝ կկորչես։ Ջանացել եմ ունիվերսալ հայացք ներկայացնել»։
Ռաջակ Օհանյանը պատրաստվում է իր աշխատանքները ներկայացնել Երեւանում սույն թվականի ապրիլ ամսին։ Ցուցահանդեսի համակարգող, «Ակտուալ արվեստ» մշակութային միության նախագահ Մկրտիչ Մաթեւոսյանն ասում է, որ Ռաջակ Օհանյանը մտադրություն ունի որոշ ժամանակ ապրել ՀՀ-ում ու Հայաստանի վերացական դիմանկարը ստեղծել։ Նա ասում է. «Մենք ուզում ենք, որ Երեւանում ստեղծվի լուսանկարչական կենտրոն, որը ոչ թե միայն թանգարան, այլ՝ կենդանի ու գործող կառույց կլինի։ Թող նկարիչները գան- գնան, զրուցեն, շփվեն միմյանց հետ։ Փորձի փոխանակումը շատ կարեւոր է մեզ համար»։