Ընդդեմ «Microsoft»-ի

24/01/2009

Եվրոպական հանձնաժողովը որոշում է ընդունել նոր հայց ներկայացնել «Microsoft» կորպորացիայի դեմ` Internet Explorer-ը Windows օպերացիոն համակարգի մեջ ներառելու համար: Գործի հաջող ընթացքը նոր հնարավորություններ կբացի ոլորտում գործող մյուս ընկերությունների համար: Այս կանխատեսումն արել է «Ֆայնենշնլ Թայմզ» ամսագիրը: Աղբյուրի համաձայն` Եվրոպական կառույցի նման բողոքն, ըստ էության, արձագանքն է այն բանի, որ ինտերնետից օգտվելու թիվ մեկ ծրագրային ապահովող Natscape-ը 1990-ական թթ. անարդարացիորեն դուրս մղվեց շուկայից: Եթե այս նախաձեռնությունը հաջողվի, Եվրոպայի ինտերնետ օգտագործողները կկարողանան օգտագործել այլ ծրագրեր, եւ ոչ թե` Internet Explorer-ը, որը Natscape-ին դուրս մղելուց հետո համարվում էր ոլորտի գլխավոր չափորոշիչը: Այդպիսով ոլորտում գերիշխող դառնալու համար ինտերնետից օգտվելու ծրագրային ապահովումը կմղվի առաջին պլան, իսկ ոլորտում զբաղված ընկերություններին հնարավորություն կտրվի ինքնուրույն ցանցային ծառայություններ մատուցել: Այս հանգամանքը ձեռնտու կլինի նաեւ «Google»-ին, որն անցած տարվանից արդեն առաջարկում է «Chrome» բրաուզերը: Եվրոպական հանձնաժողովի բողոքի տեքստում, մասնավորապես, նշվում է, որ Internet Explorer-ի ներառումը «Windows»-ի ծրագրային փաթեթում խոչընդոտում է արտադրանքի արդյունավետ կատարելագործմանը եւ սահմանափակում է օգտվողների ընտրության հնարավորությունը: Որպես հնարավոր լուծում՝ առաջարկվում է, որպեսզի «Microsoft»-ն, ի թիվս Internet Explorer բրաուզերի, իր փաթեթում ներառի նաեւ մրցակից ֆիրմաների բրաուզերները, ինչով օգտագործողին ընտրություն կատարելու հնարավորություն կտրվի: