Ցուցադրական այց

24/01/2009

Անցած շաբաթ օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը վարչապետ Արա Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Շահումյանի շրջան (Քարվաճառ) եւ հանդիպել նույն օրը այնտեղ ժամանած Տիգրան Սարգսյանի գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ըստ նույն աղբյուրի, Բակո Սահակյանը եւ Տիգրան Սարգսյանն այցելել են Շահումյանի շրջանի տարբեր բնակավայրեր, հանդիպել բնակչությանը: Հանդիպումների ժամանակ քննարկվել են շրջանի սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակին ու զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ՝ ԼՂՀ շրջանների եւ Հայաստանի մարզերի միջեւ կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ենթակառուցվածքների զարգացման խնդիրներին, մասնավորապես, Գետավան-Սոթք ավտոմայրուղու կառուցման հարցին: Բ. Սահակյանը բնակչության հետ հանդիպման ընթացքում ընդգծել է, որ Շահումյանի շրջանը սրբավայր է ամբողջ հայ ժողովրդի համար, եւ հավելել, որ այդ համատեքստում շրջանի զարգացման հիմնախնդիրն առանձնակի կարեւորություն ունի եւ մշտապես գտնվում է ԼՂՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այցելության ընթացքում ԼՂՀ նախագահին եւ ՀՀ վարչապետին ուղեկցել են ՀՀ եւ ԼՂ պետությունների պաշտպանության, քաղաքաշինության եւ տրանսպորտի նախարարները: