ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը երեկ հայտարարություն է տարածել, որով պահանջում է Հայաստանի գլխավոր դատախազից անհապաղ քրեական գործ հարուցել քրեակատարողական հիմնարկներում կատարվող բռնությունների առնչությամբ: «Դեկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» մեկուսարանում կալանավորների նկատմամբ կիրառված բռնության դեպքի հետ կապված «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների, Մարդու իրավունքների պաշտպանի եւ իրավապաշտպան տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից կատարած այցելությունները վկայում են բռնության դեպքերի աղաղակող փաստերի մասին»,- ասված է հայտարարության մեջ: Ի դեպ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ նամակ է հղել ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին, որտեղ ասված է. «Իմ հանձնարարությամբ աշխատակազմի աշխատակիցները 2009թ. հունվարի 9-ին այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպել կալանավոր Վարդգես Գասպարիի հետ, որը հայտնել է, որ 2008թ. դեկտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում խցերից արգելված իրեր դուրս բերելու նպատակով կատարված խուզարկության ընթացքում խուց են մտել զինվորականի հագուստով թվով մոտ տասը անձինք, որոնք կատարել են նախ՝ խցի խուզարկություն, իսկ այնուհետեւ Գասպարիին եւ խցում գտնվող այլ կալանավորներին ենթարկել են անձնական խուզարկության: Վ. Գասպարին հայտնել է նաեւ, որ խուզարկություններն իրականացնելուց հետո իրեն է մոտեցել վերը նշված անձանցից մեկը՝ ապտակել, այնուհետեւ արժանացրել պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Գասպարիի պնդմամբ, ինքը կարող է մատնացույց անել նշված գործողություններ իրականացնող անձին»: Ա. Հարությունյանն առաջարկել է «հանձնարարել քննարկելու գրությամբ բարձրացված հարցերը եւ ձեռնարկելու միջոցներ մեղավորներին հայտնաբերելու, պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»: