Քացիներով «արձանագրված առաջընթաց»

18/01/2009

ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի Երեւան կատարած այցի արդյունքում Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին «զգալի առաջընթաց է արձանագրվել». երեկ ոստիկաններն ու կարմիրբերետավորները դաժան ծեծի են ենթարկել Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շուրջ հավաքված քաղաքացիներին` թույլ չտալով նրանց երթը մինչեւ ՀՀ Գլխավոր դատախազություն: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ երեկ եւս «7-ի գործով» դատը հետաձգվել է: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դահլիճ մտնելուն պես հրապարակել է դատը մինչեւ հունվարի 30-ը հետաձգելու վճիռը եւ հեռացել: Իսկ Պրեսկոտի ու Կոլոմբիեի այցի հետ կատարվածը կապ ունի այնքանով, որ ըստ որոշ տեղեկությունների, իշխանություններին հաջողվել է նրանց հետ «լեզու գտնել», եւ վերջիններս Հայաստանից հեռացել են պատժամիջոցների կիրառումը կանխելու խոստումով: Նույն տեղեկությունների համաձայն, իշխանությունները առաջարկել են մինչեւ ԵԽ ԽՎ` հունվարի 27-ին մեկնարկող նստաշրջանը փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածում («պետական իշխանությունը յուրացնելը»), որով մեղադրվում են քաղբանտարկյալներից շատերը` այդ թվում «7-ի գործում» ընդգրկվածները: ԵԽ ԽՎ-ն, ինչպես հայտնի է, իր նախորդ բանաձեւերում հատուկ անդրադարձել էր այդ հոդվածին` արձանագրելով, որ այն օգտագործվում է քաղաքական հետապնդումների նպատակով: Եվ Պրեսկոտն ու Կոլոմբիեն, ըստ իշխանության որոշ ներկայացուցիչների, համաձայնել են Քր. օրենսգրքի 300-րդ հոդվածի փոփոխությունը ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանում ներկայացնել որպես «առաջընթաց» եւ կանխել Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների ընդունումը: Իհարկե, վերջին իրադարձությունների համատեքստում այս տարբերակը, մեղմ ասած, պարզունակ ու անհավանական է թվում, սակայն միանգամայն համապատասխանում է ինչպես ՀՀ իշխանությունների, այնպես էլ եվրոպացիների գործելաոճին: Առնվազն Պրեսկոտի եւ Կոլոմբիեի: