ՀՅԴ-ական պատգամավոր Արա Նռանյանը երեկ գնահատելով ՀՀ կառավարության գործունեությունը, ասել է, թե` ինչպես բոլորը, այնպես էլ կառավարությունը, կարող են ավելի լավ աշխատել: Նրա կարծիքով, ՀՀ-ի վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունները մեղմելու համար կառավարությունը պետք է գումարներ ուղղի ոչ թե դրամի փոխարժեքի պահպանմանը, որը ժամանակավոր երեւույթ է, այլ իրական հատված, նպաստի փոքր եւ միջին ձեռնարկությունների բացմանն ու զարգացմանը: «Մեր տնտեսությունը մեծապես կախված է ներմուծումից, այսինքն` նստած ենք ներմուծման վրա, սակայն ճգնաժամը թույլ տվեց հասկանալ, որ այդպես չենք կարող լուծել մեր խնդիրները: Մենք ոչ թե պետք է ներկրենք, այլ պետք է ունենանք այդ ամենը, որը կապահովի նաեւ մրցակցություն»,- հայտարարել է ՀՅԴ-ական պատգամավորը: