«Մենք շնորհակալ ենք, որ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչ Վահագն Հարությունյանը սեփական կամքով ընդունեց, որ մարտի 1-ին բանակը զինված ներգրավված է եղել միջոցառումներին: Կոնգրեսի ճնշման տակ ՀՔԾ-ն ու Վ. Հարությունյանը դեռ ստիպված են լինելու շատ բացահայտումներ անել: Ինչպես սկզբում հերքում էին, թե մարտական հրազեն չի կիրառվել, հետո ստիպված ընդունեցին, հերքում էին, որ դիպուկահար չի եղել` ընդունեցին, հերքում էին, որ բանակը ներգրավված է եղել` ընդունեցին: Վաղը շատ ու շատ այլ, ընդ որում՝ սարսափելի բաներ են ընդունելու»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Արման Մուսինյանը` անդրադառնալով Վ. Հարությունյանի 2 օր առաջ արած այն պարզաբանումներին, թե մարտի 1-ի տեսաերիզներից մեկում երեւացող ավտոմատավորը ընդամենը Պաշտպանության նախարարության վարորդ է, որին շարասյան ավագը հանձնել է զենքն ու գնացել բնական կարիքները հոգալու: «Ո՞վ է շարասյան ավագը, հարուցվե՞լ է քրեական գործ զենքը այլ մարդու հանձնելու փաստի առիթով, ենթարկվե՞լ է այդ զենքը փորձաքննության, որպեսզի պարզվի՝ նրանից կրակոց արձակվե՞լ է, թե՞ ոչ, արդյո՞ք ավտոմատավորն իսկապես վարորդ է, եւ ինչո՞ւ է քաղաքացիական հագուստով»,- հարցրեց Ա. Մուսինյանը` հավելելով, թե հասարակությունը պետք է այս հարցերի պատասխանը ստանա: «ՀԱԿ-ի հայթայթած տեղեկություններով, այդ զորամասը, որը նշվում է Վ. Հարությունյանի կողմից, սահմանամերձ զորամաս է, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի պետական պաշտպանությունն ապահովող զորամասերը մարտի 1-ի առավոտյան բոլորը բերվել են Երեւան: Ավելին, Կոնգրեսը տեղեկություններ ունի նաեւ, որ Երեւան են բերվել ներքին զորքերի ատոմակայանի պահպանությունն իրականացնող զինվորները, այսինքն՝ ԱԷԿ-ը որոշ տեւական ժամանակահատված եղել է ոչ պաշտպանված վիճակում»,- ընդգծեց նա: Ա. Մուսինյանը անդրադարձավ նաեւ Վ. Հարությունյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ դիմակավոր անձանց կողմից արձակված փամփուշտները եղել են անգնդակ: «Սրանից հետեւում է, որ ՀՔԾ-ին հայտնի են դիմակավոր անձանց անունները, եւ կարծում եմ, հասարակությունը կարիք ունի իմանալ նաեւ դա»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով ԵԽ ԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հեռանկարին, Ա. Մուսինյանը նշեց, որ լավագույն տարբերակը կլիներ իշխանությունների կողմից քաղբանտարկյալներին ազատ արձակելը, ոչ թե ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակությանը մեղադրելը: «Լավ չեն աշխատում» ասելով՝ իշխանությունները հասկանում են, որ լավ չեն կաշառում, լավ չեն բարեխոսում եւ նման բաներ: ԱԺ նախագահի նամակն էլ ձեզ օրինակ, որը ոչ միայն քաղաքական անգրագիտություն է, այլեւ կարող է պետությունների միջեւ հարաբերությունների վատթարացման պատճառ դառնալ, որովհետեւ մարդկանց հետ խոսում են շանտաժի ձեւով»,- հայտարարեց նա:
Ա. Մուսինյանը հրաժարվեց կանխատեսումներ անելուց, թե արդյոք ինչ կորոշի Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին, սակայն, ըստ նրա, եթե նույնիսկ ԵԽ ԽՎ նստաշրջանը ՀՀ-ին չզրկի ձայնի իրավունքից, այսինքն` պատժամիջոց չկիրառի, միեւնույն է, ԵԽ-ն այլեւս հետ չի կարող կանգնել այն իրողությունից, որ իրենց ընկերները քաղբանտարկյալ են: «Որեւէ հայ մարդ չի կարող ասել, որ լավ է Հայաստանին ձայնի իրավունքից զրկելը: Ընդդիմությունն իշխանությանը բազմաթիվ հնարավորություններ տվեց նման հեռանկարից խուսափելու համար, նույնիսկ ասելով, թե մի կողմ է դնում ԵԽ ԽՎ երեք պահանջներից երկուսն ու ընդամենը պնդում մեկի կատարումը` քաղբանտարկյալների ազատ արձակումը: Սակայն իշխանությունը չօգտվեց ընդդիմության ընձեռած այդ հնարավորությունից»,- հայտարարեց Ա. Մուսինյանը: Փոխարենը, ըստ նրա, իշխանությունները դիմում են անօրինական քայլերի` ստիպելով քաղբանտարկյալներին ներման խնդրագրեր գրել: «Երեկ չէ առաջին օրը` երեկոյան, ողջ հանրապետությունով հավաքել են պայմանականորեն ազատ արձակված անձանց եւ նրանց խնդրել, համոզել, ստիպել են գրել ներման դիմումներ: Սա հակաօրինական է, որովհետեւ ներման դիմում գրում են պատիժը կրողները»,- հայտարարեց Մուսինյանը: Ի դեպ, նա նաեւ նշեց, որ վերջերս 9 ներման խնդրագրեր գրածները, բացառությամբ մեկի, քաղբանտարկյալների ցուցակում չկան: «Դրանք խանութների թալանով զբաղված հանցագործներ են, որոնց հետ մենք ոչ մի կապ չունենք»,- նշեց Ա. Մուսինյանը: Կոնգրեսի խոսնակը չբացառեց, որ իշխանությունը ԵԽ ԽՎ-ում ձայնից զրկվելու հեռանկարից խուսափելու համար զիջումների պատրաստակամություն հայտնի անգամ ՀՀ-ի համար պետական կարեւոր հարցերում: Նա նաեւ հայտարարեց, թե կապված ռուս-ուկրաինական գազային խնդրի հետ, որի ընթացքում առավել առաջնային դարձան գազային այլընտրանքների խնդիրները, Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում սպասվում է ակտիվացում: Անդրադառնալով ընդդիմության կողմից հայտարարված մարտի 1-ին սպասվելիք հավաքին՝ Ա. Մուսինյանը չի բացառել, որ այդ օրը ընդդիմությունը մասսայական միջոցառումներ անցկացնի: Նա նաեւ մեկնաբանեց, թե ինչու եվրոպացի համազեկուցողներ Պրեսկոտն ու Կոլոմբիեն Հայաստան գալով չեն հանդիպել ընդդիմության հետ: «Նրանց այցն ունեցել է մեկ նպատակ՝ պարզել, թե ինչ քայլեր են արվել քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ: Իսկ այդ դեպքում պատասխանատուն եւ հասցեատերը միայն իշխանությունն է, եւ համազեկուցողներն այդ կապակցությամբ միայն իշխանությունից կարող են պատասխան ակնկալել»,- ասաց նա:
Ա. Մուսինյանը պատասխանեց նաեւ այն հարցին, թե արդյոք ճիշտ չէ՞ր լինի, որ քաղբանտարկյալներն, այնուամենայնիվ, ոտքի կանգնեին, եւ դատական գործընթացը սկսվեր: «7-ի գործով» մեղադրվող անձինք քաղաքական բանտարկյալներ են, սա նաեւ ընդունել է ԵԽ ԽՎ-ն դեկտեմբերի 17-ի որոշմամբ: Եթե կա քաղբանտարկյալ, դատ չի կարող լինել որպես էդպիսին: Եթե ես ինձ համարում եմ քաղբանտարկյալ, ես չեմ ճանաչում նման դատ, ես ոտքի չեմ կանգնում: Սա իմ ընկերների քաղաքական դիրքորոշումն է: Իշխանությունները հակառակը՝ շահագրգռված են ծածկադմբոցով արագ դատավարություն անել, որտեղ կկայացնեն դատավճիռ ու հետո մեխանիզմներ կհորինեն այս գլխացավանքից ազատվելու համար: 7-ի գործով դատը մնալու է իշխանությունների կոկորդում»,- ասաց Ա. Մուսինյանը: