Մինչեւ ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի Երեւան կատարած այցը իշխանություններն արդեն համակերպվել էին ԵԽ ԽՎ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկվելու հեռանկարի հետ: Սակայն, նրանց մեկօրյա այցից հետո իշխանության ներկայացուցիչների մոտ որոշակի խանդավառություն է առաջացել: Ըստ հավաստի տեղեկությունների, նրանց հաջողվել է ինչ-որ ձեւով համոզել Պրեսկոտին եւ Կոլոմբիեին:
Վերջիններս Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ իրենց հանդիպումների ընթացքում խոսել են առավելապես քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ առաջին հերթին «7-ի գործով» քաղբանտարկյալների մասին` շեշտելով Հայաստանի Քրեական օրենսգրքում 300-րդ հոդվածի («պետական իշխանությունը յուրացնելը») անթույլատրելիությունը: Եվ քանի որ համազեկուցողներն անընդհատ հղում են արել այդ հոդվածին` ասելով, որ այն ակնհայտ քաղաքական հետապնդման տարրեր է պարունակում, ՀՀ իշխանության ներկայացուցիչներից մեկը (տարբեր տեղեկություններով` կամ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, կամ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը) առաջարկել է փոփոխել Քր.օրենսգրքի 300 հոդվածը: Ըստ նույն աղբյուրների, այդ առաջարկին Պրեսկոտն ու Կոլոմբիեն դրական են արձագանքել` ասելով, որ եթե մինչեւ հունվարի 27-ին մեկնարկելիք ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանն այդ ուղղությամբ քայլեր արվեն, Հայաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից: Այդ փոփոխության տրամաբանությունն այն է, որ 300-րդ հոդվածով մեղադրվող քաղբանտարկյալները դրա վերանայումից հետո կարող են ազատ արձակվել: Այսպիսով, Հայաստանի իշխանությունները էյֆորիայի մեջ են հայտնվել եւ արդեն գրեթե վստահ են, որ եթե առաջիկա 10 օրում փոփոխություններ կատարեն Քրեական օրենսգրքում` դա որպես փաստարկ օգտագործելով՝ Պրեսկոտն ու Կոլոմբիեն կկարողանան ԵԽ ԽՎ պատվիրակներին համոզել ձայնի իրավունքից չզրկել Հայաստանին: Եվ իշխանություններն այնքան են ոգեւորվել, որ երեկ արդեն ԱԺ Պետաիրավական հարցերով հանձնաժողովում (որի նախագահը կրկին Դավիթ Հարությունյանն է), խորհրդակցություն է տեղի ունեցել` այդ հոդվածը փոխելու նպատակով աշխատանքային խումբ ձեւավորելու համար:
Համազեկուցողների հետ նման պայմանավորվածության մասին տեղեկությունը, մեզ հետ զրույցում, ըստ էության, հաստատեց նաեւ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, ով նույնպես հանդիպել էր Պրեսկոտին ու Կոլոմբիեին: «Իրենք խոսել են 300 հոդվածի մասին: Ես իրենց տեղեկացրել եմ, որ ես այդ հարցի մասին կարող եմ խոսել որպես օրենսդիր: Կա այդ օրենքը, որը գործում է Հայաստանում: Ասացի, որ դա գործող օրենք է, բայց մեր հանձնաժողովը որոշել է, որ իր զեկույցում անպայման պետք է անդրադառնա 300 հոդվածին,- նշեց Ս. Նիկոյանը` ավելացնելով,- Ասացի, որ մասնագետների հետ աշխատելուց հետո, օրենսդրական նախաձեռնության տեսքով պետք է ներկայացնենք ԱԺ-ին, որպեսզի 300 հոդվածը բերվի այնպիսի հնարավոր տեսքի, որը որեւէ կերպ հնարավոր չլինի քրեական եւ քաղաքական մասերով միմյանց հետ խառնել կամ շահարկել: Այսինքն` ես իրենց ասացի, որ դա արդեն հանձնաժողովում քննարկման առարկա եղել է, որովհետեւ ԱԺ-ն մեզ առաջարկել է ներկայացնել այնպիսի առաջարկներ, որոնք հետագայում կբացառեին նման իրավիճակների կրկնությունը: Մենք կարծում ենք, որ մեր կողմից նման առաջարկը շատ ճիշտ կլինի: Ամեն դեպքում 300 հոդվածը պետք է շատ ավելի հստակ ձեւակերպումներ ունենա, որպեսզի քրեական եւ քաղաքական մոտեցումները չխառնվեն իրար»: Մեր հարցին` կոնկրետ ի՞նչ է առաջարկվել կատարել մինչեւ հունվարի 27-ը` ԱԺ-ում ստեղծել աշխատանքային խո՞ւմբ, թե՞ այդ ընթացքում ընդունել Քրեական օրենսգրքի փոփոխությունները, Ս.Նիկոյանը պատասխանեց. «Իմ հետ հանդիպման ժամանակ նման առաջարկներ չեն հնչել»: Նրանից հետաքրքրվեցինք, թե իր տպավորությամբ` հունվարի 27-ին Հայաստանը կզրկվի՞ ձայնի իրավունքից, թե՞ ոչ: Ի պատասխան՝ Ս. Նիկոյանն ասաց. «Անկեղծ ասած, ես չէի էլ ուզում փորձել հասկանալ նրանցից, թե իրենք ի՞նչ են պատրաստվում անել: Ամենայն անկեղծությամբ եմ ասում: Երբ ինձ հարցնում են` դուք ի՞նչ եք ասել համոզելու համար, որպեսզի նրանք դրական զեկույց պատրաստեն ու մեզ չզրկեն ձայնի իրավունքից, պատասխանում եմ` ոչ մի բան, եւ չեմ էլ պատրաստվում նման բան անել: Ես իրենց ներկայացրել եմ հանձնաժողովի կատարած աշխատանքները` ի՞նչ հաջողություն է արձանագրել, ի՞նչ դժվարություններ ու անհաջողություններ կան: Խոսել եմ զոհերի մահվան հանգամանքների ուսումնասիրության հարցում առաջացած բարդությունների մասին»:
Հիշեցնենք, որ «7-ի գործում» ընդգրկված բոլոր քաղբանտարկյալներն էլ մեղադրվում են Քրեական օրենսգրքի 300 հոդվածով: Ու քանի որ համազեկուցողների հիմնական մտահոգությունը հենց «7-ի գործով» անցնող քաղաքական գործիչներն են, ենթադրվում է, որ այդ փոփոխությունից հետո նրանք պետք է ազատ արձակվեն բանտերից: Իհարկե, սա, մեղմ ասած, տարակուսելի է. եթե իշխանությունները ցանկանային նրանց ազատ արձակել, ապա դա կարող էին անել նաեւ համաներման միջոցով: Եվ բացառված չէ, որ օրենքի փոփոխության այս «պատմությունը» հերթական անգամ եվրոպացիներին «ֆռռացնելու» եւ ժամանակ շահելու նպատակ ունի:
Ընդհանրապես, համազեկուցողների երեւանյան հանդիպումների հետ կապված երեկ շրջանառվող ոչ պաշտոնական տեղեկատվությունը հագեցած էր տարակուսանք հարուցող հատվածներով: Ասենք, ըստ իշխանական որոշ աղբյուրների, համազեկուցողների հետ հանդիպման ընթացքում Աղվան Հովսեփյանը նրանց հարցրել է` արդյոք ծանո՞թ են մասնավորապես «7-ի գործով» Դատախազության մեղադրական եզրակացությանը: Դրան, նույն տեղեկատվության համաձայն, համազեկուցողները բացասական պատասխան են տվել` պատճառաբանությամբ, թե այդ գործի մասին պատկերացում կազմելու համար բավարար է եղել ծանոթանալ ընդդիմության կողմից իրենց ներկայացված փաստաթղթերին: Այդ մասին մեզ հետ զրույցում ակնարկեց նաեւ Սամվել Նիկոյանը` ասելով. «Եթե նրանք քրեական գործին ծանոթանալուց հետո գային եզրակացության, որ կարելի է յոթին անվանել քաղաքական բանտարկյալներ, ապա ես շատ ավելի հարգալից վերաբերմունք կունենայի նրանց նկատմամբ եւ նրանց մասնագիտական հնարավորությունների վերաբերյալ: Այսինքն` եթե նրանք այն ուսումնասիրեին, հետո գային նման եզրահանգման: Բայց երբ նրանք առանց անգամ մեկ էջ կարդալու, զուտ պատգամավորի մակարդակով եզրակացություններ ու հայտարարություններ են անում, դա, իհարկե, անընդունելի է: Դա առաջին հերթին միայն եւ միայն վնաս է բերում հենց մեր բանտարկյալներին, որոնց նկատմամբ իրենք մտահոգություններ ունեն, եւ ընդհանուր առմամբ` երկրի ներքաղաքական կայունությանը»:
Հ.Գ. ՀՀ-ում ԵԽ գրասենյակը երեկ հաստատել է, որ Հայաստանի մասին հարցի քննարկումը ԵԽ ԽՎ նստաշրջանում լսվելու է հունվարի 27-ի առավոտյան: Հիշեցնենք, որ օրակարգով այն նախատեսված էր հունվարի 28-ի երեկոյան, սակայն` հաշվի առնելով հարցի կարեւորությունը, ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում հատուկ նիստ էր գումարվել եւ որոշվել էր ծավալուն քննարկում անցկացնելու համար այն տեղափոխել հունվարի 27-ի առավոտյան: