Ընդդիմությանը կրկին եթեր չեն տալիս

18/01/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

«7-ի գործը աբսուրդ գործ է: Ես որպես տուժող եմ հանդես գալիս դատարանում, ինձ դանակահարողին չեն գտել, բայց մեղադրյալներ կան: Մեղադրյալների շարքում է գտնվում ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը, որի եղբայրը անձնվիրաբար պաշտպանում էր ոստիկաններին, երբ նրանց վրա քարեր էին նետում: Ինչպես կարող էր Մյասնիկ Մալխասյանը հրահրել անկարգություններ, երբ նրա եղբայրները պաշտպանում էին ոստիկաններին այդ պրովոկատորներից»,- երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: «ԵԽ ԽՎ-ում ձայնից չզրկվելու միակ ձեւը ձերբակալվածներին ազատ արձակելն է, ինչը իշխանությունները չկատարեցին եւ, կարծում եմ, չեն էլ կատարի»,- ասաց Ա. Մարտիրոսյանը` հավելելով, որ եթե միջազգային կառույցներից մեկում մեր երկիրը թուլացրեց իր դիրքերը, ապա մյուսներում եւս նույն ճակատագրին կարժանանա: «Ցանկացած պետություն, որը քաղաքական առումով մեկուսանում է, չի կարող դիմակայել արտաքին մարտահրավերներին: Մենք Եվրախորհուրդ մտել ենք առաջին հերթին մեր անվտանգությունը ունենալու նպատակով»,- հայտարարեց Ա. Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ որոշակիորեն կատարված է միայն մարտի 1-ի դեպքերն անաչառ ուսումնասիրելուն ուղղված պահանջը, այն է` Փաստահավաք խմբի ստեղծումը: Իսկ հնարավո՞ր է, որ այս կարճ ժամանակաընթացքում ԵԽ ԽՎ-ն որոշի պատվիրակությանը չզրկել ձայնի իրավունքից: «Դա կախված է նրանից, թե ինչ գործողություններ կծավալեն հայաստանյան իշխանությունները: Եթե ռեպրեսիաները շատ լինեն, Հայաստանը միանշանակ կթուլացնի դիրքերը ԵԽ-ում: Ընդհանրապես, անկախ ԵԽ ԽՎ-ում ընդունվող որոշումից, մենք ինքներս օր առաջ պետք է փոխենք կառավարման համակարգը` թե քաղաքական, թե տնտեսական եւ թե հասարակական կառավարման համակարգը: Ժողովրդավարական ինստիտուտները պետք է կարողանան ամբողջությամբ աշխատել: Իշխանությունները պետք է կարողանան վեր կանգնել իրենց նեղ անձնական շահերից ու կատարել քայլեր, որոնք որակական փոփոխություն կբերեն մեր երկրին»,- հավելեց նա: Անդրադառնալով «7-ի գործով» դատավարության ձգձգմանը` Ա. Մարտիրոսյանը նշեց, որ իրականում այդ ձգձգումը ձեռնտու է իշխանություններին: Հակառակ դեպքում, ըստ նրա, դատավարությունը կանցկացվեր այնպես, ինչպես Գագիկ Ջհանգիրյանի դատավարությունն է անցկացվում. սկզբում գալիս է դատավորը, հետո` բերում են Ջհանգիրյանին, եւ ոտքի կանգնելու խնդիր չի առաջանում: Ինչ վերաբերում է «Ա1+» հեռուստաընկերությանը կապուղի տրամադրելու վերաբերյալ եվրոպական կառույցների պահանջներին, ապա Ա. Մարտիրոսյանը համոզված է, որ «Ա1+»-ի հարցը վերաբերում է նաեւ մյուս հեռուստաընկերություններին, քանի որ «Ա1+»-ի վերաբացման դեպքում նրանք դուրս կգան իշխանությունների վերահսկողությունից: «Ընտրություններից մի որոշ ժամանակ անց իշխանության ներկայացուցիչները նշում էին, որ էլեկտրոնային լրատվամիջոցները ավելի ազատ են դարձել, ընդդիմադիրներին եթեր են տալիս: Պետք է նշեմ, որ ինչպես ուղղահայաց հրամանով դա կատարեցին, այնպես էլ հիմա հրահանգ են տվել, որ ընդդիմությունը խոսքի ազատությունից չօգտվի: Դրա վառ ապացույցն է այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանին «Կենտրոն» հեռուստաընկերությամբ նկարահանում են, բայց ցույց չեն տալիս, կամ Հանրային հեռուստաընկերությամբ նկարահանում են, բայց ցույց են տալիս գիշերը` 11։30-ից հետո»,- նշեց Ա. Մարտիրոսյանը: