Հարգելի պարոններ, խնդրում ենք ուշադրություն դարձնել եւ հավատարիմ լինել արդարության, հավասարության, հակակոռուպցիոն, փոքր ու միջին գործարարներին աջակցելու Ձեր հռչակած գաղափարներին ու հայտարարություններին, այլապես դրանք մնում են զուտ դատարկ հայտարարություններ եւ առաջացնում են զզվանք ու քմծիծաղ։ Հիմնավորենք, թե ինչո՞ւ… Աշխատում էինք Գյուղնախարարության Բույսերի կարանտինի եւ պաշտպանության ՊՈԱԿ-ում, սահմանային կետերում, 31 հոգով։
2007-ի գարնանից, երբ պատգամավոր Վռամ Գյուլզադյանը դարձավ տեսչության պետ, սկսվեց մեր ոդիսականը։ Նա թե՛ բանավոր, թե՛ գրավոր հայտարարում էր, գրում նախարարին, որ մեր ՊՈԱԿ-ն անօրինական գործող կառույց է, որ նրա կանոնադրությունը հակասում է օրենքին, որ մենք զբաղված ենք դրամաշորթությամբ, կատարում ենք անօրինական գանձումներ, որ մենք ոչ թե մասնագետներ ենք, այլ կոշկակարներ, եւ առանց փորձաքննություն կատարելու՝ դրա համար փող ենք գանձում՝ թուղթ ենք ծախում, որ մենք տեսուչների կատարած աշխատանքի (նմուշի վերցնել) համար փող ենք գանձում՝ չունենալով դրա իրավունքը, եւ այլ մեղքեր։ Այն ժամանակվա նախարար Լոքյանը տոն չէր տալիս եւ ուշադրություն չէր դարձնում Գյուլզադյանի ասածներին ու գրած զեկուցագրերին։ Երբ փոխվեց նախարարը, Վռամը շարունակեց իր կեղտոտ գործը եւ հասավ նրան, որ նոր նախարար Գրիգորյանը ազատեց աշխատանքից եւ վարչության պետ Գառնիկ Պետրոսյանին, եւ ՊՈԱԿ-ի 25 տարվա տնօրեն Դանիելյան Մուկուչին եւ սահմանային կետերի 31 հոգուս։ Մեզ ասացին, որ Վռամն իրավացի է, օրենքի պահանջ է, եւ նշված խախտումները կան եւ կատարվել են Լոքյանի գիտությամբ, տարեկան ՊՈԱԿ-ի բյուջեի համար տնտեսավարող սուբյեկտներից անօրինական գանձվել է 50-60 մլն դրամ եւ ծախսվել միայն բենզին գնելու, մոնիտորինգի կեղծ կատարողականներով բենզինը մսխելու, պահեստամասերի կեղծ գնումներ ձեւակերպելու, չաշխատող, բայց գրանցված դաշնակներին ու Լոքյանի բարեկամներին աշխատավարձ տալու համար։ Ընդունեցինք, մտածելով, որ եթե օրենքի պահանջ է, Վռամն էլ իրավացի էր, նախարարն էլ շարժվել էր օրենքով, էլ ինչո՞ւ բողոքենք, չնայած, որ զրկվեցինք հացից…
Բայց, ի զարմանս մեզ, ամեն ինչ մնաց նույնը, միայն անտեր մասնագետներս դուրս մնացինք։ Առանց փոխելու օրենքը, կարգը, նշանակեցին նոր վարչության պետ, նոր տնօրեն-հանեցին մի ուրիշ դաշնակ բերին, նոր ոչ մասնագետ աշխատողներ ընդունեցին (իրենց մարդկանց, այդ թվում՝ Գյուլզադյանի տղային, նրա ստեփանավանցի ընկերներին Գոգավանի չաշխատող պոստում, նախարարի բարեկամին՝ փոխտնօրեն, օգնականի եղբորը՝ կադրերի բաժնի պետ) եւ շարունակում են գումարների գանձումը կրկնակի բարձրացված սակագներով, առանց լաբորատոր անալիզ անելու (նայեք լաբորատորիայի մատյանը)։
Հիմա էլ լաբորատորիաներ չկան սահմաններում, աշխատողներն էլ մասնագետներ չեն, բայց տեր ունեն, իսկ տեր չունեցող մասնագետներս մնացինք դուրս։ Հիմա էլ են շարունակում կեղծ չեկերով գումարների գանձումը, ավել գումարների շորթումը, բենզինի մսխումն ու գրանցված չաշխատողներին աշխատավարձ տալը, առանց լաբորատորիայի, առանց մասնագետների, առանց անալիզ անելու կրկնակի բարձրացված սակագներով անալիզի բլանկների վաճառքը եւ այլն։ Սա է՞ ձեր աջակցությունը փոքր ու միջին բիզնեսին։ Այն ժամանակ մենք էինք աշխատում եւ կատարում այսպես կոչված կեղծիքները, հիմա, որ աշխատում են Վռամի տղան, ընկերները, նախարարի եւ օգնականի մարդիկ եւ անում են նույն բաները՝ այլեւս կեղծիք չեն համարում, ոչ մասնագետին կոշկարար չեն ասում, ամեն ինչ լավ է… Սա է՞ ձեր արդարությունն ու հավասարությունը։ Եթե մենք անօրինական էինք աշխատում՝ ոչինչ չի փոխվել. նույնը շարունակվում է նոր մարդկանց միջոցով, սա է՞ ձեր հակակոռուպցիոն գործելաոճը։ Կեղծ չեկեր, կեղծ մոնիտորինգ, կեղծ գանձումներ, կեղծ բենզինի ու զապչաստի գնումներ ու փողերի հետ վերադարձ, կեղծ աշխատողներ…
Սա է՞ ձեր արդարությունը, եթե այո, ուրեմն հարկավոր է թքել այդ արդարության ճակատին ու մտածել այս երկրից գնալու մասին։
Մի խումբ աշխատանքից անխղճորեն ազատված ՊՈԱԿ-ի աշխատողներ
Հ.Գ. Չենք նշում անուններս, մտածելով, որ եթե հաղթի ճշմարտությունը, վերականգնվի արդարությունը, հույս կմնա մեզ նորից այդ համակարգում աշխատանքի ընդունվելու։