Ոտքի՛, անգամ՝ եթե դատարանն է գալիս

18/01/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Ամբաստանյալները ոտքի չեն կանգնում այն բանից հետո, երբ դատական նիստի քարտուղարի ձայնն ազդարարում է. «Ոտքի, դատարանն է գալիս»: Այս էլ վեցերորդ անգամ դատավորը հետաձգում է «Յոթի գործով» դատավարությունը: Դատարանում վարքագծի կանոնները, դեռեւս վաղնջական ժամանակներից, ենթադրում են հարգանք դատարանի՝ որպես պետական, արդարադատություն իրականացնող ինստիտուտի հանդեպ: ՀՀ Քր.օր. 314 հոդվածը սահմանում է դատական նիստի կարգը, որը պահանջում է ոտքի կանգնել դատական պրոցեսի մասնակիցներին՝ դատավորի ներս մտնելուն պես՝ անկախ նրանից՝ դատավորը կաշառակե՞ր է, սրիկա կամ պատվեր կատարող մե՞կը: Դատարանի հանդեպ հիմնավորված անհարգալից վերաբերմունքը, ինչը պարբերաբար ցուցադրում են քաղաքական հայացքների համար ձերբակալված մարդիկ, իրենց անձնական վերաբերմունքն է գործող իշխանություններին եւ նրանց հավատարմորեն ծառայող դատարանին: Մյուս կողմից, դատավորը, ով, համաձայն Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի՝ ակնկալում է, որ ամբաստանյալներն իր ներս մտնելուն պես՝ ոտքի կանգնեն, ինքնաբերաբար իրավունք է ձեռք բերում փոխադարձ անհարգալից վերաբերմունքի՝ գործը չքննելու եւ այն հետաձգելու, մինչեւ Աստված գիտի՝ երբ: Իսկ Քր.օր.-ը, ավելի՛ն, դեռ սահմանում է՝ որքան էլ նվազ հարգանք ունենան դատական պրոցեսի մասնակիցները դատավորի հանդեպ, միեւնույն է, դատական պրոցեսի յուրաքանչյուր անձ նրան պարտավոր է դիմել «հարգելի դատարան» արտահայտությամբ։

Այն, որ մեր երկրի դատական համակարգը կոռումպացված է ոտքից գլուխ, այն, որ կաշառակեր եւ կամակատար դատավորների հետ շփվող յուրաքանչյուրը հոգեբանորեն բարդություն ունի ոտքի կանգնել՝ դատավորի՝ դատարանի դահլիճ մտնելուն պես՝ միանշանակ է: Սակայն նման տրամաբանությամբ այս պատմությունը խոստանում է վերջ չունենալ: Փակուղային այս իրավիճակը կարող էր շտկել դատավորը, եթե լիներ իմաստուն, անկախ եւ շահագրգռված, որ ամիսներով անազատության մեջ պահվող եւ օբյեկտիվորեն հայրենի դատարանը չհարգելու իրավունք ունեցող բանտարկյալների գործը քննվեր օրինականության եւ ոչ թե հաշվեհարդարի օրենքով: Թեեւ արդարության առաջ չմեղանչելու համար պետք է նշենք նաեւ այն, որ դատավորի ներս մտնելիս ոտքի կանգնելը օրենքով սահմանված այն նվազագույն հարգանքի չափանիշն է, որը կիրառվում է, կրկնենք, անկախ դատավորի բարոյականության աստիճանից կամ երկրի նախագահի հանդեպ ունեցած վերաբերմունքից: Այլ բան, եթե ընդդիմության մարտավարությունը ենթադրում է ձգձգել դատական պրոցեսը: Քաղբանտարկյալների անհնազանդության նման դրսեւորումը լրջորեն է նյարդայնացնում իշխանություններին: Գնալ որեւէ կոմպրոմիսի կամ գործարքի, այս մարդիկ պատրաստ չեն: Եվ գուցե դա է պատճառը, որ որպես անհնազանդներին ծնկի բերելու միջոց՝ սկսել է կիրառվել այլ հնար՝ բանտախցերում նրանց նվաստացնելու, խոշտանգելու, ինչպես եղավ Գրիգոր Ոսկերչյանի, Վարդգես Գասպարիի եւ մի շարք այլ կալանավորների դեպքերում: Հասկանալի է, որ Արդարադատության նախարարության «ծառայողական քննությունները» գուցե եւ կարողանային, ասենք, քաղբանտարկյալներ Գեւորգ Մանուկյանին կամ Արմեն Խուրշուդյանին ստիպել կամ նրանց անունից հայտարարել, թե վերջիններս հրաժարվում են իրենց իսկ հայտարարությունից, որ իրենց նկատմամբ բռնություն չի իրականացվել, սակայն, ասենք, բարդ է նույն ձեւով լղոզել Գրիգոր Ոսկերչյանի կամ Վարդգես Գասպարիի ծեծի, նվաստացման դեպքերը:

Հասկանալ նման գործողությունների տրամաբանությունը` հեշտ չէ: Նույնքան անհասկանալի է, թե ինչո՞ւ է այս ամենը ձեռնարկվում հենց ԵԽ ԽՎ-ում մեր պատվիրակությանը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությանը ձայնի իրավունքից զրկելու գնով:

Նույնքան անտրամաբանական է երեկ, «Յոթի գործով» դատական նիստից հետո, կարմիր բերետավորների վերաբերմունքը Արշակունյաց պողոտայով դեպի Գլխավոր դատախազության շենք երթի դուրս եկած ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Ըստ լրատվամիջոցների՝ Ոստիկանության Պարեկապահակային ծառայության աշխատակիցները հարվածում էին անգամ կանանց եւ տարեց մարդկանց:

ԱԺ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում անկեղծորեն նեղացած նշեց, թե ԵԽ ԽՎ Մոնիտորինգի խմբի համազեկուցողները մարտի 1-2-ի գործով ձերբակալված մարդկանց համարել են «քաղբանտարկյալներ»` չառաջնորդվելով ո՛չ քաղբանտարկյալների, ո՛չ մեր երկրի շահերից: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հենց ա՛յդ ձեւակերպումը մատնանշեց՝ որպես ընդդիմության հաղթանակ: Հետաքրքիր է, որ թե՛ Սամվել Նիկոյանը, թե՛ նույնիսկ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ քաղբանտարկյալներին ազատություն տալը կողմերն ընկալելու են որպես մեկի պարտություն եւ մյուսի հաղթանակ կամ պարզապես՝ իշխանափոխություն: Սա այնպիսի մոտեցում է, որը «Յոթի գործով» հաջորդ նիստին (որն, ի դեպ, նշանակված է հունվարի 30-ին) քաղբանտարկյալներին ստիպելու է դատավորին ընդունել ինչպես միշտ` նստած, իսկ դատավորին՝ նիստը հետաձգել մինչեւ ավելի «լավ» ժամանակներ, կամ ընդունել որոշում՝ դատը շարունակել առանց ամբաստանյալների:

Բարեբախտաբար, ԵԽ-ի առաջ Հայաստանի ստանձնած պարտավորությունները ԵԽ ԽՎ առաջիկա նիստում քննողները եվրոպացիներ են, ում համար արեւելյան շողոմությունը եւ խորամանկությունն էկզոտիկա են, եւ միայն: