Ռոմանտիկ ցանկություն` գռեհիկ եթերը փրկելու համար

18/01/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Հայաստանում չկա մի մարդ, ով դժգոհ չէ հայրենական հեռուստաարտադրանքից: Բոլորը բողոքում են անորակ հաղորդումներից, փոփ-երաժշտության առատությունից, գռեհիկ սերիալներից ու խեղաթյուրված հայերեն լեզվից` թեեւ բոլորն էլ հասկանում են, որ օլիգարխիկ մասնավոր հեռուստակայանները դժվար թե փոխեն իրենց մարտավարությունը: Սա այն դեպքն է, երբ դժվար է հասկանալ` ո՞րն է առաջնայինը` պահանջա՞րկը, թե՞ առաջարկը:

Երեկ «Էքսպերտների միավորում» հ/կ-ն, որն, ըստ այդ կազմակերպության անդամ Նարեկ Մալյանի` 90%-ով բաղկացած է մինչեւ 30 տարեկան անձանցից` հայտարարել է, որ պատրաստվում է անցկացնել «Տհաճ եթեր» մրցանակաբաշխությունը: «Մենք սովոր ենք գովաբանել ու միմյանց լավ մրցանակներ հանձնել, սակայն երբեք վատը չենք գնահատում»,- ասաց երիտասարդ Ն. Մալյանը, ով նշեց նաեւ, որ իրենց միավորման համբերության բաժակը լցվեց ամանորյա հեռուստաեթերը դիտելուց հետո: Հիմա միավորումը պատրաստվում է մեկամսյա մոնիտորինգ հայտարարել` հավաքագրելու համար այն 50 էպիզոդները, որոնք կխորհրդանշեն անճաշակ, գռեհիկ ու ցինիկ հեռուստաարտահայտությունները, հեռուստահաղորդավարներին, սերիալային դրվագներն ու գովազդային հոլովակները: «Կպարգեւատրվեն» անգրագետ, ապադաստիարակչական հաղորդումների հեղինակներն ու ալիքները: Եվ, իհարկե, սերիալները: Միավորումը դեռ չի հստակեցրել իր «տհաճ» անվանակարգերը, սակայն խոստանում է, որ մրցանակաբաշխությունը «գեղեցիկ մատուցում» է ունենալու ու կայանալու է մոտ մեկ ամիս անց` մոնիտորինգի ավարտից հետո: Ընդ որում` Ն. Մալյանը նշեց, որ Հայաստանում սոցհարցումներ անցկացնող ոչ մի պրոֆեսիոնալ կազմակերպություն չկա, որի պատրաստած արդյունքները կարող են հավատ ներշնչել հայաստանցիների առնվազն 70%-ին: Եվ այդ հ/կ-ին օգնելու են հայաստանցի մտավորականները, որպես հասարակության յուրահատուկ «խղճի ձայն»: 2 տարվա կենսագրություն ունեցող «Էքսպերտների միավորումը», որը մոտ 50 անդամ ունի, պատրաստվում է ինքնուրույն անցկացնել սոցհարցումները, միավորումը հարցաթերթիկներ եւ հեռուստադրվագների ձայնագրություններ է բաժանելու մարդկանց` վատթարագույն եթերի նմուշները ընտրելու համար: «Դա մեծ գումարների հետ կապված չի լինի»,- վստահեցրեց Ն. Մալյանը: Իսկ մտավորականների շարքերում նա նշում է Արամայիս Սահակյանի, Վլադիմիր Մսրյանի, Վլադիմիր Աբաջյանի անունները:

«Մենք չենք ուզում, որ մեր մրցանակաբաշխությունը սովորական հայկական նախաձեռնության վերածվի, ուզում ենք, որ եթերային մշակութային գրագիտություն ձեւավորվի»,- ասաց Ն. Մալյանը: Նման գովելի ցանկությունը իրականություն դարձնելու համար նա օգտագործելու է նաեւ «հասարակական ճնշման միջոցները», քանի որ վստահ է, որ մեղավորը ոչ թե միայն ալիքներն են, այլեւ` հեռուստադիտողները: «Եթե ռեստորանում ձեզ ճաշի փոխարեն խոտ են առաջարկում, եւ դուք ուտում եք այդ խոտը, մեղավորը ոչ թե մատուցողը, շեֆ-խոհարարը կամ ռեստորանի տերն է, այլ` հենց դուք եք»,- ասաց նա: Ճնշման լծակները նա տեսնում է խոշոր գովազդատուների հետ զրուցելու եւ ալիքները բոյկոտելու ավանդույթ ստեղծելու մեջ:

Ն. Մալյանը քաջ գիտակցում է, որ բացի Հանրային ալիքից, մնացած բոլոր ալիքները մասնավոր են ու եթեր են հեռարձակում այն որակի հաղորդումները, որ հարկ են համարում: Սակայն նա այստեղ էլ է տեսնում այն ճնշման մեխանիզմները, որոնք արդյունք կտան` առաջարկելով մասնավոր ալիքների տերերի զավակներին՝ 10 օր շարունակ նայել միայն իրենց հայրերի ղեկավարած ալիքների արտադրանքը: Գագիկ Ծառուկյանի, Հրանտ Վարդանյանի կամ Սամվել Մայրապետյանի երեխաները կհամաձայնե՞ն, թե՞ ոչ այդ առաջարկի հետ` էքսպերտը չգիտի: Նա պարզապես ուզում է, որ եթերը երեխաների համար անվտանգ լինի: Եվ ցանկանում է հիշեցնել, որ ՀՌԱՀ-ի պետ Գրիգոր Ամալյանը որոշ պատասխանատվություն ունի եթերի «մաքրության» համար եւ կարող է լիցենզիայից զրկել այն ալիքները, որոնք անգրագետ հաղորդումներ, ցինիկ գովազդ, գռեհիկ հայերեն լեզու կամ ապազգային դիրքորոշում են պարունակում: