Լեփսիուսի 6-րդ փողոցի, 14 շենքի երկրորդ հարկի պատշգամբում ցրտից կապտած, սփրթնած մարդկանց մի ամբողջ խումբ է ինձ դիմավորում: Բոլորի հայացքներում սպասում կա, որովհետեւ իմ այցելությանն ուղիղ 2 տարի սպասել են, ու հիմա էդ սպասումը դառնում է հույս:
Իմ այցելությունից մի քիչ վախենում եմ, որովհետեւ նրանց հույսերն արդարացնողը ես չեմ, բայց, այնուամենայնիվ, հույսերն արդարացնելու պատասխանատվությունն ինձ վրա է: Սփրթնած հայացքներով մարդիկ ինձ դիմավորում են աննկարագրելի ոգեւորությամբ, որովհետեւ կարծում են, թե իմ մեջ է իշխանությունը, պետությունն ու ձեռք մեկնողը: Բոլորն ինձ հետ են կապում իրենց փրկությունն, ու դա ինձ ահավոր ճնշում է: Սմբուլ անունով տանտիկինն ուրախությունից վազում է այս ու այն կողմ. հետո տարօրինակ հայացքներով չորս տղամարդկանց հրելով` ճանապարհ է բացում դեպի տուն: Տղամարդկանցից մեկն ամուսինն է` Վանյան, իսկ մյուս երեքը` որդիները: Մտնում ենք բնակարան: Սոսկալի գարշահոտն այս մարդկանց տարօրինակ հայացքների շարունակությունն է: Խոնավության տհաճ հոտին խառնվել է տանտիրուհու դեսից-դենից հայթայթած մթերքներով պատրաստած անանուն, անհոտ ճաշի տհաճ գոլորշին: Հաստատ գիտեմ, որ սալօջախին եփվող անանուն, անհոտ ճաշն իմ գնալուց հետո այս ընտանիքն ուտելու է հաճույքով: Անդուր այդ հոտն ինձ հիշեցնում է Սովետական տարիների կոպտորգները, որտեղից փտած բանջարեղենի հոտ էր գալիս: Հյուրասենյակ անցնելու ճանապարհին վերարկուիս վրա դաջվում է խոնավ պատի թաց հատվածը: Զարմացած ձեռք եմ տալիս պատին, ու ձեռքս թրջվում է: Հյուրասենյակի ջերմաստիճանը դրսից ցուրտ է: Բոլորը տեղավորվում են կոտրած բազմոցին ու բոլորը վերարկուներով, երկարաճիտ կոշիկներով են: «Փրկե՛ք մեզ, աղջի՛կ ջան: Էլ ապրելու հույս չկա, կոտորվում, մեռնում ենք: Էլ ուժ չունենք էս դժվարություններին դիմադրելու»,- աղերսում է տիկին Սմբուլն, ում խոսքերում անհուսություն ու սարսափելի հոգնություն կա: Այս տանը, բացի տիկին Սմբուլից, բոլորը նյարդային խանգարում ունեն, հաշմանդամներ են, բայց առանց փաստաթղթի: Հաշմանդամության կարգ տալու համար անհրաժեշտ է հիվանդանոցում բուժվել, բայց հիվանդանոցում փող են ուզում, որովհետեւ պատճառաբանում են` «Դուք «Փարոսի» նպաստառու չեք, դրա համար էլ չենք կարող պետպատվերով բուժել»: Սոցիալական աշխատողները հրաժարվում են այս ընտանիքին ընդգրկել ընտանեկան նպաստառուների ցանկում` պատճառաբանելով, թե «Բալերը չի հերիքում»: Սոցիալական ծառայողները հավանաբար երկնքից են իջել. ինչպե՞ս են նման գնահատական տվել, զրկել պետական կենսական աջակցությունից: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական աջակցության նախարարին խորհուրդ ենք տալիս այցելել այս հասցե ու անձամբ ծանոթանալ իրավիճակին եւ ոչ թե աշխատասենյակում նստած, եւ այն էլ` տարբեր վարչությունների աշխատակիցների մատուցած տեղեկատվությամբ: Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետ Արայիկ Քոթանջյանի «հեչ վեջը չի», որ իր համայնքում հինգ հոգանոց այս ընտանիքը սովից, հիվանդությունից մահանում է: Մինչ Ա. Քոթանջյանը զբաղված էր Ամանորյա միջոցառումներով, եւ արտերկրում Ամանորն անցկացնելով` տիկին Սմբուլի ընտանիքը դեկտեմբերի 31-ի գիշերը դատարկ սեղանի դարդից քնել էր:
Այս ընտանիքում միայն Վանյան է հաշմանդամության 15.000 դրամ թոշակ ստանում: Ապրում են դրանով ու տիկին Սմբուլի 24.000 դրամ կենսաթոշակով: Երեք տղաներից ավագի` Անդրանիկի մոտ արդեն ուշագնացության դեպքեր են սկսվել: Էպիլեպսիա հիվանդությունն է ի հայտ եկել: «Գլուխս նկարել տվեցինք, բժիշկն ասեց, որ՝ գլխիդ մեջ աղմուկ կա, դրա համար էլ սթրեսներ ես տանում: Ամուսնացած էի: Մի օր ուշաթափվեցի, նոպա սկսվեց, մինչեւ ուշքի եկա` կինս հեռացել էր: Լքեց ինձ»,- պատմում է Անդրանիկն` ասելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմել է պետպատվերով բուժվելու խնդրանքով: Նամակը վերահասցեագրվել է ՀՀ Առողջապահության նախարարություն, որտեղից խորհուրդ են տվել դիմել Էրեբունի բժշկական կենտրոն, սակայն պետպատվերի հարցում ոչինչ չեն խոստացել: Անդրանիկն ասում է, որ գումար են ուզում, չեն բուժում, իսկ նա գլխի միջի աղմուկից «գժվում» է: Տիկին Սմբուլը վստահեցնում է, որ ժամանակին լավ են ապրել, որովհետեւ ինքը Լամպերի գործարանում եռակցող է աշխատել, իսկ ամուսինը` Կարտոնների գործարանում: Ասում է` «Լամպերի գործարանը փակվեց` մենք կործանվեցինք: Սովից մեռնում ենք»: Ամուսինները գործազուրկ հիվանդներ են, իսկ որդիները… Երեքն էլ զինվորական ծառայությունից ազատված են: Ասում են` «Նիգոդնի ենք»: 29-ամյա Վահանն ու 26-ամյա Գեւորգը շատ աշխատասեր են, բայց մեկ տարի է, ինչ չեն աշխատում, որովհետեւ ծանրություն տեղափոխելու պատճառով Վահանի մոտ ճողվածք է առաջացել, իսկ Գեւորգի աչքերը շլացել են: Գեւորգը տեսողության լուրջ խնդիր ունի, աչքերը ցավում են: Վահանն ասում է, որ այս մի քանի տարվա մեջ են հիվանդացել: «Շաբաթներով հացի երես չենք տեսել, սովամահ ենք լինում: Դուք լինեիք` չէի՞ք հիվանդանա: Ուղիղ մի շաբաթ ոչինչ չեմ կերել, դաժե չոր հացի կտոր»,- հեգնելով ասում է նա` վստահեցնելով, որ ճողվածքի ցավերից գալարվում է, այլապես պատրաստ է ամենածանր աշխատանքը կատարել: Գեւորգը մեկ տարի առաջ փողոցները մաքրելով գումար էր վաստակում, իսկ հիմա աչքերի տեսողությունը շատ է թուլացել, դրա համար էլ չեն ընդունում աշխատանքի: Ասում է` «Անցյալ տարի շենքերից մեկի մուտքի մոտ բանվորություն էի անում: Ձմեռվա ցրտին ճղած կոշիկ էի հագել: Շենքի բնակիչներից մեկը վերեւից տեսել էր. մեկ էլ տեսնեմ մի բատինկա առած իջավ ներքեւ: Բարդ ա, ստորացնող ու ջղայնացնող ա…»: Հետո խոսակցության ընթացքում բոլորը նյարդային են դառնում, միմյանց ընդհատում, կշտամբում են: Անդրանիկը լարվածությունից գլխավերեւումս կտրուկ շարժումներով մենախոսում է: Տիկին Սմբուլը վախենում է, որովհետեւ այս մթնոլորտը ընտանիքում վիճաբանության սկիզբն է: Ասում է` «Ա՛յ սենց ներվային, հոգեկան են: Ամբողջ օրը իրար չեն հասկանում, էս ներվային վիճակից սկսում են իրար հետ կռվել, իրար մեղադրել: Տուրուդմբոց են սարքում: Ես էլ ընկնում եմ մեջները, որ բաժանեմ, բայց մի օր տալու են սատկացնեն»: Տղաներին հարցնում եմ` «Բայց եղբայրներ եք չէ՞, ինչո՞ւ եք կռվում»: Բոլորի հայացքներում քմծիծաղ է առաջանում, ու ամեն մեկը սկսում է յուրովի ներկայացնել չքավորության, հիվանդությունների շարանի «պտուղները»: Հինգ հոգանոց այս ընտանիքն ամեն օր խանութի խոտան հացն է գնում: Տիկին Սմբուլն ասում է` «Խանութներում օրերով մնացած, չծախված հացը, որ պիտի գցեն` էժանով տալիս են: Դրանով ենք ապրում: Փող չի մնում, որ գոնե հոսանք վառենք, տաքանանք: Պալտոներով քնում, պալտոներով զարթնում ենք: Գոնե խղճային, մի սենյակ տային, սրանք առանձնանան: Ներվային են, իրար տալիս-սպանում են»: Տիկին Սմբուլն ինչ-որ փաստաթղթեր է բերում` ապացուցելու համար, որ երեք առողջ երեխա է լույս աշխարհ բերել, բայց Լամպերի գործարանի փակվելուց հետո չքավորությունից, սովից բոլորը գժվեցին: «Աղաչում եմ, մի բան արեք, մեզ էս ճգնաժամից դուրս բերեք»,- լացակումած գոռում է տիկին Սմբուլը: Վանյան ոչինչ չի խոսում. միայն ասում է` «Խոսելու բան չկա: Աչք ունեք` տեսեք»:
Վանյայի կարճուկոնկրետ մեջբերումն այն գրքից է, որի վրա ձեռքը դնելով երդվում են ՀՀ նախագահները ու, որն իշխանության գալուց հետո հավանաբար երբեք չեն թերթում: Սուրբ գրքի վրա ձեռքը դնելով՝ մեկ տարի առաջ երդվել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ այնտեղ գրված է` «Ով աչք ունի` կտեսնի: Ով ականջ ունի` կլսի»: