«Անի փրինտ» ՍՊԸ տնօրեն Ե. Գյանջումյանը դիմում է հղել Հյուսիսային քաղաքացիական դատարանի նախագահ Անտոնյանին, պատճենները` Սերժ Սարգսյանին, Վճռաբեկ դատարանի նախագահին: Դիմումում նշված է. «14.01.2009թ. «Անի Փրինտ» ՍՊԸ-ն դիմում է ներկայացրել Հյուսիսային քաղաքացիական դատարան` Բջնի հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին: «Սնանկության մասին ՀՀ օրենքի» 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը դատավորն ընդունում է վարույթ դիմումը ստանալու օրը: Նույն օրն է կայացվում նաեւ դիմումը վերադարձնելու մասին որոշումը: 14.01.2009թ. ամբողջ օրը մեր ընկերության լիազոր-ներկայացուցիչ Գեւորգ Գեւորգյանը սպասել է դատարանի որոշմանը, սակայն չեն տրամադրել` խոստանալով տրամադրել որոշումը հաջորդ օրը: 15.01.2009թ. առավոտից մինչեւ երեկոյան ժամը 18:15-ը, մեր ընկերության լիազոր-ներկայացուցիչ Գեւորգ Գեւորգյանը կրկին անցկացրել է ՀՀ Հյուսիսային քաղաքացիական դատարանի շենքի մոտ: Դատարանի գրասենյակի աշխատակիցները, ներառյալ աշխատակազմի ղեկավարը եւ դատարանի նախագահի օգնականը, հավաստիացրել են, որ քիչ հետո կտրամադրեն դատարանի որոշումը, սակայն կրկին չեն հանձնել: Մեզ համար անհասկանալի է Հյուսիսային դատարանի նախագահ պարոն Մ. Անտոնյանի նման գործելակերպը, եւ արդեն պատկերացնում ենք, որ սրան հաջորդելու է մյուս անօրինական քայլը՝ մեր դիմումը փորձելու են վերադարձնել: Տեղեկացնում ենք Ձեզ, որ մեր խնդիրը՝ որպես պարտատեր, զուտ մեր շահերի պաշտպանությունն է, ինչի համար էլ ՀՀ Ազգային ժողովը սնանկության մասին օրենքն է ընդունել, որպեսզի բոլոր պարտատերերը գտնվեն հավասար կարգավիճակում, այլ ոչ թե մեկը մյուսից փորձի առաջ անցնել: Այդ իսկ պատճառով, խնդրում ենք վեր կանգնել քաղաքական ճնշումներից եւ մեր դիմումի վերաբերյալ որոշումն առձեռն հանձնել մեր ընկերության ներկայացուցչին»: